Մոսկվան Երևանից ակնկալիքներ ունի Ռուսաստան-Արևմուտք ճգնաժամի ֆոնին

Տարեսկզբից նոր թափ առած Ռուսաստան-հավաքական Արևմուտք անվտանգային ճգնաժամը որոշակիորեն ստվերել է այն աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում, որոնք սկսվել էին 44-օրյա պատերազմի հետևանքով և որոնք համակարգվում էին Ռուսաստանի կողմից:

Նկատելի է, որ դանդաղել են բանակցությունները տարածաշրջանում բոլոր տնտեսական ու հաղորդակցական ուղիների ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման-սահմանագծման գործընթացների շուրջ: Ռուսական դիվանագիտությունն այս օրերին առավելապես աշխատում է եվրոպական և ամերիկյան ուղղություններով. շփումներ, հեռախոսազրույցներ նախագահական և նախարարական մակարդակներում, այցեր տեղի են ունենում անընդհատ և, ըստ որոշ վերլուծաբանների, չի բացառվում, որ լարվածությունը լիցքաթափվի, քանի որ եվրոպական մի շարք երկրներ ակտիվորեն աշխատում են լարվածության լիցքաթափման ուղղությամբ:

Սակայն հարկ է նաև նշել, որ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ Ա.Միրզոյանն ու Ս․Լավրովն անդրադարձել էին 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

«Զրուցակիցներն ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։ Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Իսկ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ անվտանգության երաշխիքների շուրջ ընթացող բանակցությունների հետ կապված՝ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում և ընդգծվել եվրաատլանտյան գոտում հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքների հետևողական պահպանման կարևորությունը։

Փետրվարի 14-ին էլ հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Զրուցակիցները, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Այս շփման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել հայկական և թուրքական կողմերի միջև՝ մոսկովյան պայմանավորվածությունների կատարման (սույն թվականի հունվարի 14-ին), ինչպես նաև այս տարվա փետրվարի 24-ին՝ Վիեննայում երկու հատուկ ներկայացուցիչների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և կայուն զարգացման»:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Ռուսաստանը ներկայումս իր համար ռազմավարական հարց է փորձում լուծել, որն անդրադառնալու է ՌԴ արտաքին քաղաքական դիրքավորման վրա բոլոր ռեգիոններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Ըստ նրա՝ բնականաբար, Ռուսաստան-Արևմուտք ճգնաժամը, որն ավելի մեծ խնդիր է, քան պարզապես ուկրաինական ճգնաժամը, արտաքին քաղաքական ամենակարևոր և ծավալուն թեման է, որը շատ ռեսուրս է պահանջում:

«Ինչպես տեսնում եք, ամեն օր իրավիճակ է փոխվում, ռուս-արևմտյան նման ինտենսիվ շփումներ երբևէ չեն եղել, Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի ԱԳ նախարարները ժամանեցին Ռուսաստան, հեռախոսազրույցներ տեղի ունեցան՝ Պուտին-Բայդեն, Լավրով-Բլինքեն, այս ամենից անմասն մնացող երկրներին կարելի է պարզապես հաշվել մատների վրա, բնականաբար, սա գլոբալ ճգնաժամ է, որի ֆոնին հետպատերազմյան պայմանավորվածությունների կատարումը փոքր գործոն է: Դիվանագիտությունը կաշխատի փոքր տեմպերով»,- ասաց Սկակովը:

Նրա կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների հաղորդագրությունների տարբերություններն արտացոլում են այն, ինչ կարևոր է կողմերի համար: «Հայաստանի համար կարևոր են բարձրաստիճան հանդիպումների պայմանավորվածությունները, իսկ Ռուսաստանի համար՝ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները, որը քննարկվել է, սակայն տեղ չի գտել ուղիղ տեքստով հայկական հաղորդագրությունում»,- ասաց նա՝ ակնարկելով, որ Հայաստանը փորձում է այս հարցում զգույշ և չեզոք քաղաքականություն որդեգրել՝ չաջակցելով որևէ կողմի:

Մյուս կողմից, նրա որակմամբ՝ սա և ՀԱՊԿ-ի զորք Ղազախստան ուղարկելու որոշումը մի փոքր անհամատեղելի են թվում: «Ամեն դեպքում ռուսական հաղորդագրությունը թույլ է տալիս ենթադրել նաև, որ դաշնակիցներից դիվանագիտական աջակցություն ակնկալվում է»,- նկատեց նա:

Վրացի քաղաքական Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը փորձելու է այնպես անել, որպեսզի իր գործընկերներն իրեն այնպես աջակցեն, ինչպես Բելառուսն է դա անում: Սակայն, նրա կարծիքով, Ռուսաստանը՝ ինքը, ոչ միշտ է իր նման գործընկեր:

«Ռուսաստանը չի կարող միայնակ համակարգել բազմաթիվ դիվանագիտական խնդիրներ, իսկ Արևմուտքը կարող է, քանի որ Արևմուտքը ԵՄ անդամ երկրներն են ու ԱՄՆ-ը, որոնց ռեսուրսը բավարար է՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ մյուս տարածաշրջանների համար: Եվ տեսնում ենք, որ չնայած Ռուսաստանի հետ մարտահրավերներին, Արևմուտքը աշխատում է մեր տարածաշրջանում, կազմակերպվեց Մակրոնի և Միշելի միջնորդությամբ բարձրաստիճան հանդիպում, կան այցեր, աշխատանք, պարզապես Ռուսաստանի դերը, այսպես կոչված, հետսովետական տարածաշրջանի որոշ հատվածներում ամուր կերպով պահպանվում է և միայն մեծ փոփոխություններից հետո այդ դերը կարող է փոխվել: Քիչ են կասկածները, որ էական փոփոխություններ են առաջիկայում սպասվում, Ռուսաստանին այս փուլում հաջողվում է որոշ սուր անկյուններից խուսափել, քանի որ ԵՄ անդամ որոշ երկրներ փորձում են կամուրջի դեր ստանձնել, մեղմել լարվածությունը՝ վախենալով իրավիճակի ռազմական լարումից: Իհարկե, ռազմական սցենարն անցանկալի է, բայց բանակցությունները ևս պետք է հիմնավորված լինեն, և վերջնագրերը չպետք է ընդունելի լինեն»,- ասաց Ցինցաձեն:

Տեսանյութեր

Լրահոս