«Ես չգիտեմ, մարդկանց պետք է ոտքի հանել ու ասել՝ կռվեք, ձեր հողն ու տունը պահեք». Խրամորթի գյուղապետ
Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն:
Թշնամին Խրամորթ գյուղի վարչական տարածքում կրակել է Խնապատ գյուղի բնակչի ուղղությամբ, նա տրակտորով հերկ կատարելիս է եղել, կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:
168.am-ի հետ զրույցում Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանն ասաց, որ փետրվարի 15-ի առավոտյան գյուղի բնակիչը ռուս խաղաղապահների հետ գնացել են այգի՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար, սակայն թշնամին թիրախավորել է խաղաղ բնակչին, որի հետևանքով էլ գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։
«Հիմա բնակիչները չգիտեն՝ ինչ անեն, ես նրանց բոլոր բողոքներն ու մտահոգությունները ներկայացրել եմ վերադասին։ Հիմա թշնամին մեզ համար այսպիսի անհարմար իրավիճակ է ստեղծել։ Բարեբախտաբար, խաղաղ բնակչին ոչինչ չի պատահել, միայն վնասվել է նրա տրակտորը։ Նման կրակոցները թշնամու կողմից պարբերական բնույթ են կրում, առավոտյան էլ կրակել են քարհանքի վրա։ Այսինքն՝ թշնամին այնպես է անում, որպեսզի մարդիկ չկարողանան մտնել իրենց այգիներն աշխատեն»,- նշեց Խրամորթի գյուղապետը։
Գյուղապետի խոսքով՝ «թշնամու առաջը պետք է առնել», հակառակ դեպքում հնարավոր է՝ հաջորդ անգամ մարդկային կորուստներ ունենան, քանի որ մարդկանց այգիները թշնամու դիրքերից գտնվում են մոտավորապես 100 մետր հեռավորության վրա։
«Ես իսկապես չգիտեմ, թե իրավիճակն ինչպես պետք է լուծել, դա վերադասը պետք է որոշի։ Հիմա մեր շուրջ այնպիսի խառը իրավիճակ է, որ դժվար է կենտրոնանալ ու ասել, թե ինչից պետք է սկսենք։ Այն, ինչը կախված է մեզանից, մենք անում ենք։ Դուք պատկերացրեք, մարդիկ իրենց գյուղում ապրում են, ու ոչ հեռվում թշնամին է, որը ցանկացած պահի կարող է կրակել, սպառնալ, բա մարդիկ չեն վախենա՞, երեխաներ ունեն, իրենց երեխաների անվտանգության մասին են մտածում, բա այսքանից հետո մարդկանց մոտ խուճապ չի առաջանա՞։ Տա Աստված, որ մարդկային կորուստներ չլինեն, մարդկանց այլևս չենք կարողանա պահել»,- հավելեց Զորիկ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Արցախի գյուղերը չդատարկվեն, որովհետև եթե Խրամորթից մարդիկ գնան, հերթը հասնելու է Ասկերանին, հողն էլ առանց մարդկանց ինչպե՞ս են պահելու։
«Ես չգիտեմ, մարդկանց պետք է ոտքի հանել ու ասել՝ կռվեք, ձեր հողն ու տունը պահեք»,- եզրափակեց մեր զրուցակիցը։