«Քանի դեռ իրավիճակը չի պայթել, ոչ ոք Մոսկվայում լուրջ չի զբաղվելու Հայաստանով». Հայկ Խալաթյան

Արևմուտքից վերջին շրջանում բազմաթիվ հայտարարություններ եղան, որ Ռուսաստանը փետրվարի 15-ին կամ 16-ին հարձակվելու է Ուկրաինայի վրա: Այսօր արդեն տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանի Դաշնության հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր: Ի՞նչ մեսիջ այս քայլով հղեց Ռուսաստանը, և ի՞նչ զարգացումներ սպասել առաջիկայում:

Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Արևմուտքը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկումների:

«Մենք արդեն տեսնում ենք, որ մանավանդ եվրոպական երկրները հստակ նշում են, որ չեն ցանկանում պայքարել Ուկրաինայի համար և չեն էլ ուզում՝ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որպեսզի որևէ պարտավորություն չունենան Ուկրաինային պաշտպանելու համար: Վերջին օրերին Ուկրաինան խոսք է տվել որոշակի քայլեր ձեռնարկել նաև Մինսկի համաձայնագրի կատարման ուղղությամբ, բայց չեմ կարծում՝ Ուկրաինան մինչև վերջ կկատարի իր պարտավորությունները: Չի բացառվում, որ Ռուսաստանը ուրիշ նպատակ ուներ, որովհետև Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների ամենածանր մասը հենց կապված է Մինսկի համաձայնագրի կատարման հետ, և արդեն վերջին տարիներին Մոսկվան անընդհատ բարձրացնում է այդ հարցը՝ նշելով, որ առաջին քայլերը հենց Կիևը պետք է կատարի՝ իր օրենսդրությունում, Սահմանադրությունում փոփոխություններ կատարելով: Բայց Ուկրաինան այդ պարտավորությունները չի կատարում, իսկ Արևմուտքը շարունակում է պահպանել պատժամիջոցները: Ռուսաստանն ասում է՝ ուկրաինական կողմն է խոչընդոտում կատարմանը: Իմ կարծիքով՝ որոշակի գաղտնի պայմանավորվածություններ կան Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև, որովհետև մենք տեսնում էինք՝ վերջին շաբաթներին ինչ ակտիվ բանակցություններ էին գնում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հայկ Խալաթյանը չի կարծում, որ Արևմուտքը, առավել ևս՝ ուկրաինական իշխանությունները, իրենց պարտավորությունները կկատարեն և, ըստ նրա՝ տեղի է ունենալու ոչ թե խնդրի լուծում, այլ հետաձգում:

«Հետխորհրդային տարածքը ԱՄՆ-ի և Արևմուտքի համար միայն մի տեսանկյունից է հետաքրքիր՝ հակառուսական քաղաքականության շրջանակներում: Մի կողմից՝ ԱՄՆ-ը և Բրիտանիան ասում են՝ մենք չենք պաշտպանելու, նույնիսկ մեր զինվորները չեն մասնակցի մեր քաղաքացիների տարհանման մեջ, որպեսզի հանկարծ վտանգ չլինի Ռուսաստանի հետ բախման, մյուս կողմից՝ ասում են՝ զենք կտանք, ամեն ինչ կտանք, պատժամիջոցներ կմտցնենք, և Ուկրաինայի ժողովրդին բացահայտ ասում են՝ եկեք, Աֆղանստան դարձեք:

Ինչպես Աֆղանստանը 80-ականներին օգտագործեցին ԽՍՀՄ-ի դեմ, այդպես էլ ասում են՝ եկեք, Աֆղանստան դարձեք, ձեր երկիրը ոչնչացնենք, ահռելի կորուստներ ունենաք, դա մեզ կօգնի Ռուսաստանի դեմ պայքարում: Հիմա հարց՝ Ուկրաինայի ժողովրդին դուր գալի՞ս է Աֆղանստան լինել ՌԴ-ի դեմ պայքարում: Այն, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունը Ռուսաստանին և Չինաստանին հռչակել է իրենց գլխավոր հակառակորդներ, դա խոսում է նրա մասին, որ կարող է տակտիկայի փոփոխություն տեղի ունենալ, բայց ռազմավարությունը նույնն է, ԱՄՆ-ի նպատակն է՝ զրկել Ռուսաստանին և Չինաստանին հնարավորություններից»,- ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ ՌԴ իշխանությունները մինչև վերջ փորձում են չգնալ կտրուկ քայլերի.

«Ղրիմի դեպքում Ռուսաստանը գնաց կտրուկ քայլերի միայն այն դեպքում, երբ Կիևում իշխանափոխություն տեղի ունեցավ, և եկան հստակ հակառուսական ուժեր, որոնք չէին էլ թաքցնում, որ նպատակ ունեն սևծովյան նավատորմը դուրս բերել Սևաստոպոլից, և այլն: ՌԴ իշխանությունները սովորություն ունեն չլուծել խնդիրը, թողնել, մինչև պայթի, նոր այդ ժամանակ շատ կոշտ, ծայրահեղ ձևերով լուծեն այդ խնդիրը: Դրա համար, չեմ բացառում, որ այս հարցում էլ նույնը տեղի կունենա: Որոշակի քայլեր կարող են լինել հետագայում, որոնք կստիպեն ՌԴ-ին վերադառնալ այն գործելաոճին, որում հիմա նրան անհիմն մեղադրում է արևմտյան կողմը»:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասնել է, թե ինչպես կարող է ուկրաինական ուղղությամբ հնարավոր պատերազմը բացասական հետևանքներ ունենալ ՀՀ-ի վրա՝ անվտանգային առումով․

«Միջազգային հանրության ուշադրությունը, հնարավոր է՝ կենտրոնանա Ուկրաինայի վրա, և մեր տարածաշրջանում որոշ ուժեր փորձեն ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել։ Այս հարցը մենք, բնականաբար, քննարկել ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ արևմտյան։ Մենք հավաստիացում ենք ստացել մեր գործընկերներից, որ մեր տարածաշրջանը շարունակելու է ուշադրության կենտրոնում մնալ»։

ԱԽՔ-ի այս հայտարարության վերաբերյալ Հայկ Խալաթյանը հետևյալն ասաց. «Եթե Ռուսաստանը Ուկրաինայի շուրջ գնացող այս աշխարհաքաղաքական պայքարում պարտվի, ապա հասկանալի է՝ դա բերելու է իր մրցակիցների ակտիվացմանը նաև մեր տարածաշրջանում: Իսկ ինչպես ես բազմիցս ասել եմ՝ մեր տարածաշրջանում երկու խաղացող կարող է լինել՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա: Ես չեմ էլ բացառում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը նույնիսկ ուրախ կլինի, որպեսզի Թուրքիան դառնա գլխավոր խաղացողը, որովհետև այստեղ Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն՝ որպես առանձին խաղացող, այլ նաև՝ որպես ՆԱՏՕ-ի, ինչո՞ւ ոչ՝ նաև ԵՄ ներկայացուցիչ:

Դրա համար, եթե Աստված չանի՝ Ռուսաստանը պարտվի, ես ակնկալում եմ շատ ավելի ագրեսիվ և համարձակ քաղաքականություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Հնչող սպառնալիքները, որ՝ եթե Հայաստանը չհամաձայնի «Զանգեզուրի միջանցքը» տրամադրել, ապա այդ ֆոնին կարող են նաև ուժային որոշ գործողությունների գնալ: Եթե հույսեր կան, որ Արևմուտքը որևէ կերպ կխոչընդոտի, ապա այդ հույսերն ապարդյուն են»:

Քաղաքական մեկնաբանը նկատեց՝ միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո կարելի է քննարկել, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ստեղծված իրավիճակում. «Առաջնահերթ պետք է իշխանափոխություն լինի, իշխանության գան այն ուժերը, որոնց համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերն են: Թե ինչպես այդ շահերը պաշտպանել և ինչպես զարգացնել Հայաստանը՝ կարող են քննարկումներ լինել, բայց առաջնայինը պետք է լինի Հայաստանի ազգային շահը: Այս իշխանությունները չեն առաջնորդվում մեր երկրի և մեր ժողովրդի ազգային շահերով»:

Հարցին՝ աշխարհաքաղաքական կենտրոններին ձեռնտու չէ՞ Փաշինյանը՝ որպես Հայաստանի վարչապետ, նա պատասխանեց.

«Ես ասացի, չէ՞, որ ռուսական կողմը չի սիրում գնալ խնդրի լուծման. Պետք է խնդիրը պայթի, ծայրահեղ վիճակի հասնի, նոր սկսեն լուծել: Մենք տեսնում ենք՝ ինչպիսի լուրջ խնդիրներ կան նույն Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան և այլն, և այս ֆոնին, ինչքան էլ դա դուր գա կամ չգա Հայաստանի հասարակությանը, Հայաստանի խնդիրները Մոսկվայի համար տասներորդ տեղն են զբաղեցնում: Դրա համար, քանի դեռ չի պայթել Հայաստանում, ոչ ոք Մոսկվայում լուրջ չի զբաղվելու, իսկ Արևմուտքի համար հստակ դիրքորոշում կա՝ նրանք շարունակում են օժանդակել Փաշինյանին, որովհետև այն քաղաքականությունը, որ վարում է Փաշինյանը, հստակ քաղաքականություն է՝ թուլացնելու Հայաստանի և Ռուսաստանի կապերը: Ես չեմ բացառում, որ մոտակա ամիսներին կոչնչացնեն նաև բանակը, իբր նոր ռազմական ռեֆորմի շրջանակում, բայց բանակը մեր մոտ կդառնա նույն Վրաստանի կարգավիճակի՝ անընդունակ որևէ լուրջ ռազմական խնդիր կատարելու, և դրանից հետո կտեսնենք, որ ներկա իշխանությունների կողմից ավելի հստակ հակառուսական քայլեր կլինեն: Այժմ որոշակի վախ կա, դրա համար խուսափում են բացահայտ հակառուսական քայլերից, կամաց-կամաց թուլացնում են կապերը Ռուսաստանի հետ և հասարակության մոտ արմատավորում հակառուսական տրամադրություններ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս