Հայաստանի դեմ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. նպատակն է՝ կտրել Վայոց ձորն ու Սյունիքը. Հրանտ Միքայելյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, անդրադառնալով ադրբեջանական՝ պարբերական բնույթ կրող ապատեղեկատվություններին, դրանք պայմանավորեց այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մշակած քայլերի հաջորդականությամբ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այս անգամ՝ ընդդեմ Հայաստանի։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, հող է նախապատրաստում դրա համար, որովհետև, եթե նրան միայն պետք լիներ Արցախի տարածքները՝ ապա ինչո՞ւ չի գնում մինչև հիմա սահմանի բացման, կամ ինչո՞ւ է շարունակում հակահայկական քարոզչությունը, որը գնալով ավելի ինտենսիվ է դառնում։ Այս ամենը գալիս է ապացուցելու, որ այս իշխանության այն պնդումները, թե մենք տարածքներ չէինք զիջում, դրա համար պատերազմ եղավ, ամբողջությամբ կեղծիք է։ Ադրբեջանը նախապատրաստվող պատերազմին ընդառաջ՝ 2021 թվականի ընթացքում Հայաստանում գրավել է գերիշխող դիրքեր՝ 3000 մետրից բարձր. ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը օկուպացրել է 100 քառակուսի կիլոմետր տարածք, և դա տեսանելի է դառնում քարտեզներից։ Վերցնելով գերիշխող դիրքերը՝ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանից կտրել Սյունիքը և Վայոց ձորը, հարվածի տակ պահել Սիսիանը, Վարդենիսը և ունենալ հնարավորություն՝ իրենց պետք եղած պահին այդ տարածքներում կուտակել զորք»,- ասաց Միքայելյանը՝ ընդգծելով, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տանում է խոշոր հաշվով Ադրբեջանի նպատակները սպասարկող քաղաքականություն։

«Այն պահին, երբ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, մենք կլինենք անպաշտպան։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երկիրը պաշտպանելու ցանկություն չունի»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Հայաստանն անպաշտպան են թողնելու այնպես, ինչպես թողեցին Արցախը, թեև 2020 թվականի սեպտեմբերի սկզբին ՀԱՊԿ-ից հղվել էր նամակ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սակայն Հայաստանի իշխանությունն անգամ այդ 26 օրերին որևէ քայլ չի ձեռնարկել։

Քաղաքագետն Ադրբեջանի կողմից նախապատրաստվող պատերազմի համատեքստում դիտարկեց նաև Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների վավերացրած Շուշիի հռչակագիրը, որից բխող վտանգներին՝ ուղղված Հայաստանի և Արցախի դեմ, Հայաստանի իշխանությունը որևէ արձագանք չի տալիս։

Խոսելով այսօր Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում քննարկված բռնազավթված տարածքների մասին օրենքի նախագծի մասին, որով 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժան մասն են կազմում և դրանց վրա տարածվում է իրավական հատուկ ռեժիմ, Հրանտ Միքայելյանը շեշտեց՝ Հայաստանի իշխանությունը ևս պետք է առաջ քաշի նման նախագիծ ու ամբողջությամբ սատարի Արցախի Ազգային ժողովում սկսված գործընթացին։

«Այս նախագիծն ամբողջությամբ ինձ համար ընդունելի է։ Հայաստանի իշխանությունը պետք է ոչ միայն սրան սատարի, այլ նաև նման մի նախագիծ էլ ինքն ընդունի ու ընդունի նաև, որ Հայաստանի 100 քառակուսի կիլոմետրն է օկուպացված։

Հայաստանի իշխանությունը սրան պետք է գնա, եթե, իհարկե, համարում է, որ Հայաստանն ու Արցախը մեկ ռազմաքաղաքական միավոր են կազմում»,- ասաց Միքայելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս