Բաժիններ՝

Ունենք ստույգ օրենք, որտեղ ոչ թե խոստում կա, այլ կոնկրետ նպատակ՝ բարձրացնել Սևանա լճի մակարդակը, որպեսզի չմեռնի. Ինգա Զարաֆյան

2021թ. ավարտին Սևանա լիճը գրանցել է վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված ամենամեծ բացասական հաշվեկշիռը. եթե նախորդ տարիներին Սևանա լճի բացասական հաշվեկշիռը տատանվում էր 3-4 սմ սահմաններում, ապա 2021 թվականի ավարտին այն կազմեց 9 սմ: 2021թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ լճի մակարդակը 1900.43 մ էր, իսկ 2020թ.՝ նույն օրը, 1900.52 մ: Այս ցուցանիշով լճի մակարդակը ցածր է անգամ 2016թ.՝ 1900.46 մ մակարդակից:

Նկատենք, որ հենց 2021 թվականին այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատմում էին ջրային ռեսուրսների կառավարման նոր որակի մասին՝ վստահեցնելով, թե ականատեսն ենք լինելու մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկին.

«2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում»։

Մասնագետները, սակայն, հիշեցնում են՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ Սևանա լիճը պետք է տարեկան բարձրանա 21.6 սմ-ով, 2030թ․ լճի մակարդակը պետք է հատի 1903 մ նիշը, մինչդեռ մնացել է 8 տարի, սակայն լճի մակարդակը նույնիսկ չի հասցվում 1901 մ-ի:

Բնապահպան, «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը Սևանա լճին առնչվող խոստումները դիտարկում է որպես բարի ցանկություններ՝ շեշտելով.

«Սևանի մակարդակի, բալանսի տատանումներն ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնց վրա այդ խոստումները շատ քիչ ազդեցություն ունեն: Մենք ունենք ստույգ օրենք, որտեղ ոչ թե խոստում կա, այլ կոնկրետ նպատակ՝ բարձրացնել Սևանա լճի մակարդակը, որպեսզի Սևանա լիճը չմեռնի:

Մենք 2012 թվականից սկսած՝ հավելյալ ջրառի մասին կառավարության արդեն 5 որոշում ունենք, որոնք ԱԺ-ում անցկացվել են օրենքի տեսքով՝ մինչդեռ գիտնականների, մասնագետների եզրակացության վրա ստեղծվել է «Սևանա լճի մասին» օրենքը, որտեղ գրված է՝ 170 միլիոն խորանարդ մետրի առավելագույն ջրառ չպետք է  իրականացվի, որովհետև կլինի բացասական բալանս»:

Բնապահապանն առանձնացրեց Սևանի համար վտանգավոր գործոնները՝ հավելյալ ջրառ, կլիմայի փոփոխություն, իզոլյացիոն շերտի բացակայություն:

«Եթե ուզում ենք՝ լիճը չմեռնի, պետք է գոյանա իզոլյացիոն շերտը, իսկ մինչև լճի մակարդակը չբարձրանա 1903 մետրի, այդ ջրային իզոլյացիոն շերտը, որը չի թողնում՝ հատակից այդ ամբողջ կեղտը, քիմիական տարբեր էլեմենտներ դուրս գան վերև, մենք չենք ունենա լճի մաքրությունը: Իսկ մենք չենք ապահովում այդ ծավալը՝ անընդհատ օգտվելով Սևանա լճից»,- հիշեցրեց Ինգա Զարաֆյանը:

Նա շեշտեց, որ պետք է կարգավորվեն կառավարման հարցերը, հստակ սահմանվի Սևան ազգային պարկի բուֆերային զոնայի արգելված և թույլատրված օբյեկտների գործունեությունը:

«Սևանա լճի մասին օրենքով սահմանվում է, որ այն գործունեությունը, որը խիստ ազդում է Սևանի էկոհամակարգի վրա, արգելվում է, բայց ի՞նչ ենք անում, մենք պահպանո՞ւմ ենք: Ոչ մի բան չենք պահպանում, և նույնիսկ օրենքները, որոշումները, որոնք եղել են ձկնորսային գործունեության վերաբերյալ, այժմ էլի թուլացրել են. ինչո՞ւ, չէ՞ որ այդ սեզոնը չէ, որ թուլացնում եք:

Մենք հստակ գիտենք, որ փոքր հէկ-երի  գործունեությունը այն գետերի վրա, որոնք թափվում են Սևանա լիճ, խիստ խանգարում են Սևանա լճի նորմալ էկոհամակարգի վերականգնմանը, և պետք է արգելվեն, օրենքով արգելված են արդեն. ինչո՞ւ չեք իրականացնում այդ օրենքի արգելքը: Այսինքն՝ ինչ արգելք ունենք, պետք է գործի»,- եզրափակեց բնապահպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս