Իշխանությունը տարբեր մարդկանց վրա է բարդելու պարտության մեղքը, հանրությանն էլ կերակրելու է մանիպուլյատիվ հնարքներով ու մեդիա տեռորով. Տիգրան Աբրահամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական և անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն է:

• Պետությունն ունի ինստիտուտներ, որոնք կարող են պարզել պատերազմի մեղավորներին, պատասխանատուներին ու նաև բոլոր հանգամանքները, դա քննիչ հանձնաժողովը չէ, որ պետք է պարզի:

• Իշխանության համար սա ուղղակի բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը:

• Իշխանությունն այսօր ուզում է մեր միջոցով ցույց տալ իր պատասխանատվության աստիճանը: Այնինչ, եթե գործընթացը գնա ճիշտ հունով, ապա կպարզվի, որ 44-օրյա պատերազմում պարտության իրական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

• Իշխանությունները եկել են նախապես մշակված սցենարով, որն ունի իր նշանակետը, ընդդիմությանն էլ ուզում են օգտագործել՝ որպես գործիք:

• Իշխանությունների հիմնական նպատակն իրականությունը թաքցնելն է:

• Այս իշխանությունների օրոք ամբողջական և լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ:

• Իշխանությունը չի կարող ապահովել անհրաժեշտ օբյեկտիվությունը:Նախկինում, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը ստեղծվեց այն ժամանակ, երբ այդ տարիների գործող իշխանությունը չկար արդեն, որևէ մեկը չէր կարող ասել, թե նախկին իշխանություններն ազդեցություն են ունեցել, իսկ այսօր այդպես չէ. պատերազմի ժամանակ իշխանության գլխին նստած ուժն իր ռեսուրսներով, լծակներով պետք է քննի ու փորձի պարզել, թե ինչ է տեղի ունեցել… ընդհակառակը, փորձում են մտրակել, ազդել ու ամեն ինչ անել մարդկանց իրենց դաշտ բերելու համար:

• Արցախում իրավիճակը բարդ է. մի կողմից՝ կարգավիճակի հետ կապված անորոշություն, մյուս կողմից՝ Հայաստանում իշխանության ղեկին նստած քաղաքական ուժը վնասում է Արցախին և, երրորդ՝ կա ռուս խաղաղապահների մանդատի երկարացման հարցը՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակում, անվտանգության երաշխիք չկա…

• Արցախն ընտրելու է ոչ թե նախագահ, այլ ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ, որը պատասխանատվություն է կրելու Արցախի տարբեր հատվածներում ապրող մեր հայրենակիցների համար:

• Արցախում երկրի ղեկին պետք է լինի մարդ, որն ընդունելի է բոլոր կողմերի համար:

• Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ եթե սահմանազատում, սահմանագծում լինի, խաղաղության փաստաթուղթ ստորագրվի՝ պաշտպանված կլինեք ցանկացած ագրեսիայից, ինչն իրականում այդպես չէ:

• Ունենք անպատասխանատու իշխանություն, որի օրոք սցենարները բազմաշերտ են:

• Իշխանությունը, բնականաբար, տարբեր մարդկանց վրա է բարդելու պարտության մեղքը, հանրությանն էլ կերակրելու է մանիպուլյատիվ հնարքներով ու մեդիա տեռորով՝ քողարկելով իրականությունը:

• Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, որ պետք է խաղաղություն, կա կոնսենսուս հիմա, և, որ եթե հիմա լուծում չտանք խնդրին՝ ավելի ծանր է լինելու ու էլի զիջումներով… Այս իշխանություններն արդեն իսկ Հայաստանից տարածքներ են զիջում, բայց խաղաղության դարաշրջանը դեռ չկա:

• Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում գործող պաշտոնյա էր, կոնկրետ մասնակցություն է ունեցել, հրամանատարական բունկերում գործող անձ է եղել և նրա մասնակցությունը պատերազմի քննիչ հանձնաժողովում օբյեկտիվություն ապահովելու որևէ շանս չունի:

Տեսանյութեր

Լրահոս