Ո՞ւմ է կանչում Քրիստոս
«Չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին» (Մատթեոս 9։13)
Քրիստոնեական պատմությունը մեզ սովորեցնում է, եթե 100 ոչխարներից մեկը մոլորվի, հովիվը կթողնի իր 99 ոչխարներին և կգնա՝ փնտրելու մոլորված մեկին։ Առաջին հայացքից այս պատմությունը մարդկանց ականջներին խորթ է թվում։ Ինչո՞ւ պետք է հովիվը թողնի հոտը՝ որոնելու համար մեկ ոչխարի։ Սակայն հենց այս է քրիստոնեության հիմքերից մեկը․ Տերը նրա կողքին է, ով մոլորվում է։ Տերն առաջնորդում է նրան, լուսավորում ուղին, մինչև որ նա էլ իր հոտին կմիանա։
Երբեմն մենք չգիտակցված կերպով գործում ենք մեծամտության մեղքը։ Երբ տեսնում ենք, որ ինչ-որ մոլորություն շրջանցեցինք, ինչ-որ կերպով կարողացանք դուրս գալ վատ իրավիճակից, սկսում ենք մեծամտանալ։ Հաճախ անգամ իրապես արդար լինելով՝ մեծամտանում ենք՝ ասելով․ «Ես եմ արդարը, և Տերն իմ կողմից է»։
Գիտե՞նք արդյոք Աստվածաշնչում տեղ գտած այն ճշմարտության մասին, թե «Չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին» (Մատթեոս 9։13)։ Ուրեմն՝ ի՞նչ, Աստված անարդա՞ր է մեր հանդեպ։
Բնավ էլ ոչ։ Այդ մենք ենք անարդար վարվում Տիրոջ հանդեպ, երբ ցանկանում ենք, որ Նա մեզանից բացի այլոց կողքին չլինի։ Երբ ցանկանում ենք դիմացինին թողնել փորձության մեջ, և դեռ դա էլ բավարար չէ, ցանկանում ենք, որ Աստված էլ այդպես վարվի։
Դա՞ է քրիստոնեությունը։ Իրականում սա մակերեսային պատկերացումն է քրիստոնեության մասին։ Մենք պետք է պատրաստ լինենք հասկանալու, որ մեծամտությամբ երբևէ չենք զգալու Տիրոջ ներկայությունը։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր լավ օրերում մեր մեծամտությունը սիրով, երախտագիտության աղոթքներով փոխարինելու։ Միշտ պետք է գիտակցենք, որ Աստված մեզ հետ է և գիտի ամեն բան։
Միայն ու միայն այդ ժամանակ ենք իրականում զգալու Քրիստոսի ներկայությունը, Ով չի եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին։ Ով մեզ էլ փրկության է կանչում, եթե գիտակցում ենք մեր մեղքերը և ապաշխարում: