«Ես ամաչում եմ, որ Նիկոլը մեր ղեկավարն է. ողբամ քեզ, հայ ժողովուրդ». Արցախի հերոսի մայր
44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի մայր Լիդա Առուշանյանն ասելիք ունի պատերազմում որդի կորցրած բոլոր այն ծնողներին, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին. «Դժոխք գնալիս՝ դրախտի կողքով եք անցնելու, ձեր տղաներից ներողություն կխնդրեք: Վախենում են, մոլորված են, բթացած են, կամ էլ մտածում են՝ էդպես էլ պետք է լիներ»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ իրեն էլ են շրջապատում ասում, որ քիչ խոսի, քիչ քննադատի գործող իշխանություններին.
«Ես չեմ վախենում, այս կյանքում ես լավ օր չեմ տեսել, էլ չեմ էլ ուզում ապրել, սա ապրե՞լ է, որ ապրում ենք: Ինձ զանգում են, իբրև լավության կարգով զգուշացնում են՝ ե՞րբ ես դադարեցնելու խոսել, անեծքներ տալ, պատասխանում եմ՝ երբ սատկի, ես երեխաներին պարտք եմ, պետք է գնամ Եռաբլուր և իրենց ծնողների փոխարեն ասեմ՝ Թալեաթը մեռել է, արխային մնացեք, տղաներ ջան: Մնացած երեխեքին, որ հողին էլ չեն արժանացել, անթաղ մեռելները ուզում են թաղվել, ուզում են գերեզման ունենալ, բայց ծնողների պետքը չի. ջրի թանկացման համար կարող են փողոց փակել, բայց տղաների համար դուրս չեն գալիս»:
Դիտարկմանը՝ թանկացումների համար էլ դուրս չեն գալիս, նախկինում էր, որ թանկացումների համար բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, նա արձագանքեց. «Անգամ Թուրքիայում դուրս եկան, մենք՝ ոչ մի բան, բնական ենք համարում ու հաշտվում այս անօրեն կարգերին»:
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը 4 երեխա ունի: Տիկին Լիդան նշեց, որ թոռներն ապրում են վարձու բնակարանում՝ Երրորդ մասում.
«Իմիջիայլոց, այդ բնակարանն էլ հազիվ ենք ճարել, որովհետև համարում էին, որ արցախցի է, բնակարան էլ չէին հատկացնում: Ապրում են վարձու բնակարանում ու ստանում են իրենց հոր՝ Դավիթիս թոշակը: Արցախն է իրենց օգնում, իրենք «հայաստանցի» չեն: Իմ տղան ծնվել է Երևանում ու 15 տարի պատվով ծառայել է Հայոց բանակում»:
Տիկին Լիդան միայնակ է մեծացրել իր որդուն՝ Դավիթ Առուշանյանին, և հիմա Արցախի հերոսի զավակներն են առանց հոր մեծանում:
«Մեր ղեկավարությունը նախաձեռնեց այս պատերազմը, որպեսզի ազգի սերուցքը վերանա: Մեր ազգի սերուցքը հիմա քնած է Եռաբլուրում՝ Նիկոլի կառուցած քաղաքում, ներքևի կեղտն էլ վեր է բարձրացել. Ֆիզիկայի օրենքին հակառակ պրոցես է գնացել»,- ասաց տիկին Լիդան:
Նրա խոսքով՝ իշխանությունների խոստացած խաղաղության դարաշրջանը հերթական սուտն է.
«Ոչ մի մուրացկանի աչքը երբեք կուշտ չի լինում. Մեր ղեկավարությունը հիմա մուրացկանությամբ է զբաղվում, ճակատին խփում են, էլի է առաջ գնում: Թուրքերեն լավից-վատից հասկանում եմ՝ Ալիևը որ իրեն բան է ասում, ես էլ եմ վիրավորվում, ինձ էլ է ասում, հայ ժողովրդին էլ է ասում. Այն ժողովրդին, որ Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Այվազովսկի է ծնել: 100 տարեկան թուրքը մեզ ամենավերջին խոսքերով է անպատվում, ու մենք նրանից ողորմություն ենք խնդրում, ամեն ինչ տալիս ենք, միայն թե պատերազմ չլինի:
Ասում են՝ հայելային հետքաշում, բայց ժողովրդի մի մասը այդ բառերը չի էլ հասկանում: Պլինտուսից ցածր մակարդակով մարդկանց խաբում է, նրանք էլ հավատում են: Տասը դար է՝ թուրքը մեզ սպանում է, մենք չե՞նք խրատվում: Հայի և թուրքի պատերազմին վերջ չկա: Իմ որդին գիտակցաբար զոհվել է. ես թուրքին ատում եմ, կատեմ թուրքի պոչը բռնողներին, թուրքամետներին, թուրքի ստրուկներին»:
Հերոսի մայրը նկատեց՝ եթե ինքը և մյուսները լռեն, ո՞վ է խոսելու. «Ընդդիմություն էլ մի բան չի անում, ասում են՝ թուրքը եկավ՝ Գորիս մտավ. Դա ես էլ գիտեմ, դուք մի բան արեք, ինձանից խելացի եք: Պետական գործիչներին, Սփյուռքի մեր ժողովրդին կոչ եմ անում, խնդրում եմ՝ եկեք, խելք-խելքի տվեք: Մեզ Արամ Մանուկյան է պետք. 1918թ. Արամ Մանուկյանը եկավ ու երկիրը փրկեց, Սարդարապատի ճակատամարտ տվեցինք, այնտեղ կռվում էին 1915թ. Ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերը: Ինչո՞ւ հիմա էլ չկռվենք: Շան գլուխը Նիկոլի մեջ է թաղված. Եթե նա ընկնի, մյուսները ճանճի նման նստելու են օդանավ և՝ ուղիղ Թուրքիա: Մենք պետք է Նիկոլի պոչը բռնենք»:
Նա ընդգծեց. «Դու քո տեղում չես, Նիկոլ: Որ այս այլանդակությունները չանեիր՝ քեզ մի հատ խոզաբուծական ֆերմա կհատկացնեի, մի անգամ հեռուստատեսությամբ տեսել եմ, որ խոզ մշակել գիտես: Նույնիսկ քո հայրը գիտեր, որ հայ ժողովրդի տունը քանդվում է: Քո զեմլյակները անվանական տրանսպորտով, այսինքն՝ ավանակով, եկել էին՝ քեզ տանեին, ինչի՞ չգնացիր՝ մենք փրկվենք, ինչքա՞ն կարելի է թուքումուր կարդալ: Ախր, թուրքն էլ է լսելու, է՜, ինձ: Ես ամաչում եմ, որ Նիկոլը մեր ղեկավարն է. ողբամ քեզ, հայ ժողովուրդ:
Պարծանքով ասում է՝ ուսուցիչը դառնում է պարեկ. այ անամոթ, քեզ ես ձեռք առնում, մի ասա գոնե, որովհետև ուսուցչի աշխատավարձը ողորմելի է, գալիս է ոչ բարով քեզ պաշտպանի, որ երկու կոպեկ ստանա: Նրանք էլ նամուսը տվել են շանը՝ չի կերել. Որտեղ երկու կին նստում զրույց են անում, գնում եք, շրջապատում, որ զրույց չանեն: Ժողովուրդ, ուշքի եկեք, գնում ենք կործանման. թուրքը գալու է այստեղ ասֆալտ անի՝ մեզ թողնի տակը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում