Ջոնի Դեպը Սերբիայի մշակույթում բացառիկ ներդրման համար կարժանանա ոսկե մեդալի
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը Սերբիայի Հանրապետության պետականության օրվա առթիվ փետրվարի 15-ին կպարգևատրվի ոսկե մեդալով: Այս մասին հայտնում է Tanjug գործակալությունը:
Նշվում է, որ Դեպը կարժանանա մեդալի «երկրում իր բացառիկ ներդրումի, տեղական արվեստասեր հանրության ընդլայնման ու բարելավման համար»:
2021 թվականի հոկտեմբերին դերասանը Սերբիայում ներկայացրել էր Puffins Impossible նոր մուլտսերիալը՝ ստեղծված իտալական Iervolino Studios ստուդիայի կողմից՝ Սերբիայի մշակույթի և տեղեկատվության նախարարության աջակցությամբ:
Այցի շրջանակում նրան ընդունել էր նախագահ Ալեքսանդար Վուչիչը: Նա նշել էր, որ նմանօրինակ ֆիլմերի ու սերիալների արտադրությունը հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ «կարևոր է սերբական ստեղծագործական արդյունաբերության ու երկրի դիրքերն առաջ տանելու տեսանկյուններից»:
Իր հերթին Դեպը խոստացել էր «շարունակել գովազդել երկիրը» միջազգային մշակութային հարթակներում: