
Հումքի և պարենի համաշխարհային գները մեկ տարում 46 տոկոսով աճել են. Nikkei

Նավթի, մետաղների, հացահատիկի եւ մյուս հիմնական հումքային եւ պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարի վերջի դրությամբ միջին հաշվով 46 տոկոսով աճել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Դա դարձել է դրանց ամենամեծ բարձրացումը 1995 թվականից ի վեր, փետրվարի 10-ին հաղորդել է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը՝ վկայակոչեով փորձագետների հաշվարկները։
Գների աճը, կարծում է հրատարակությունը, մասամբ կապված է աշխարհում գործարար կոնյունկտուրայի բարելավման եւ սպառողական պահանջարկի կտրուկ աճի հետ՝ մի շարք առաջատար երկրներում համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին: Կարեւոր դեր են խաղում նաեւ անհանգստությունները մատակարարման հետ կապված հնարավոր ընդհատումների առիթով՝ մոլորակի մի շարք տարածաշրջաններում անկայուն իրադրության պատճառով: 22 հիմնական հումքային եւ պարենային ապրանքներից ինը մեկ տարում թանկացել է ավելի քան 50 տոկոսով:
Մասնավորապես, սուրճի գներն աճել են 91 տոկոսով, բամբակինը՝ 58 տոկոսով, ալյումինինը՝ 53 տոկոսով: Բնական գազն, ընդգծում է Nikkei-ը, թանկացել է Ուկրաինայի շուրջն իրադարձությունների խիստ ազդեցության ներքո: Գների աճը, նշում է թերթը, արգելակում է համաշխարհային տնտեսության ավելի վճռական վերականգնմանը, որին համավարակը ծանր հարվածներ հասցրեց: Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով՝ էներգակիրների թանկությունը կարող է այս տարի մոլորակի վրա տնտեսական աճի տեմպերը նվազեցնել 0,5 տոկոսային կետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: