«Ալեքսանդր Գրիգորի, երբեք չկարծեք, որ Հայաստանի հետ կարող եք խոսել այնպես, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ». Հայկ Մամիջանյանը՝ Լուկաշենկոյին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ նշելով, որ բոլորին այն զայրացրել է, սակայն գուցե փորձեն հասկանալ դրա պատճառները։

«Պատճառները հասկանալու համար խորհուրդ կտամ նորից լսել Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում մեր երկրի ղեկավարի հետ՝ առանց տեսախցիկների, ու ինչպես են հիմա խոսում Փաշինյանի հետ՝ տեսախցիկների առաջ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են ասում, երբ տեսախցիկներ չկան։

Լուկաշենկոն իր հարցազրույցում իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի եմ համարում։ Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին, Հայաստանը հստակ նպատակներ ունի։ Հայաստանը շարունակում է մնալ Եվրոպան և Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց։

Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակում են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը։ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը։ Մեր երկիրը ոտքի է կանգնելու և մաքրվելու է կապիտուլյացիայի և դրա պատճառը հանդիսացող խմբակին ընտրելու խայտառակ խարանից»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, Հայաստանը հմուտ դիվանագիտության միջոցով և դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում։ Սակայն այդ ամենը տեղի է ունենալու այն ժամանակ, երբ երկրի կառավարչի միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի՝ իբր պարզաբանում պահանջող, իսկ իրականում՝ լայքեր մուրացող հայացքով։

«Ես այս ամբիոնից բազմիցս պահանջել եմ, որպեսզի Արտաքին գործերի նախարարությունը արձագանքի Ալիևի և Էրդողանի լկտի արտահայտություններին։ Բայց այսօր ծանոթանալով Բելառուսի նախագահի հարցազրույցի արձագանքին՝ հասկացա, որ ավելի լավ է՝ չարձագանքեն։

Ալեքսանդր Գրիգորի, մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին, երբեք չկարծեք, որ Հայաստանի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս