Բաժիններ՝

Տոկիոյում ԱՄՆ-ի դեսպանը Ճապոնիային պաշտպանել է Հարավային Կուրիլների պատկանելության հարցում

Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպան Ռամ Էմանուելը կրկին հայտարարել է հարավային Կուրիլյան կղզիների տարածքային պատկանելության հարցում Վաշինգտոնի եւ Տոկիոյի միասնական դիրքորոշման մասին։

«Այսօր՝ փետրվարի 7-ին, երբ Ճապոնիայում նշվում է հյուսիսային տարածքների (ինչպես ճապոնացիներն անվանում են Կուրիլյան շարքի հարավային կղզիները) օրը, ցանկանում եմ վերստին պարզաբանել. ԱՄՆ-ը պաշտպանում է Ճապոնիայի դիրքորոշումը հյուսիսային տարածքների հարցում եւ ճանաչում ճապոնական ինքնիշխնությունը չորս վիճելի կղզիների նկատմամբ 1950-ական թվականներից ի վեր: Մեր անհանգստությունները Ռուսաստանի գործողությունների վերաբերմամբ նոր չեն:

Ցավոք, այն փաստը, որ Ռուսաստանն արհամարհում է մյուս երկրների ինքնիշխանությունը, նույնպես նոր չէ»,-դիվանագետը հայտարարել է տեսաուղերձում, որը զետեղվել է Twitter-ում: «Հյուսիսային տարածքների» օրը Ճապոնիայում նշվում է փետրվարի 7-ին՝ 1855 թվականին Ռուսաստանի հետ Սիմոդի պայմանագրի ստորագրման տարելիցի օրը, որի համաձայն, Ճապոնիայից անջատվել են Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիները, որոնց վերադարձը նա Ռուսաստանից պահանջում է վերջին ժամանակներս:

Երկուշաբթի օրն ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, հանդես գալով կղզիներին վերադարձին նվիրված համազգային հանրահավաքում, հայտարարել է, որ մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ համառ բանակցությունները՝ նպատակ ունենալով հաշտության համաձայնագիր կնքել ավելի վաղ ձեռք բերված հայմանավորվածությունների հիման վրա: Իր հերթին, Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն ընդգծել է, որ Տոկիոյի համար բանակցությունների առարկան բոլոր չորս կղզիների պատկանելությունն է:

Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից:

Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է:

2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը: Դա լուրջ զիջում դարձավ Ճապոնիայի կողմից, քանի որ մինչեւ այժմ նրա պաշտոնական դիրքորոշումը եղել է չորս կղզիները վերադարձնելու պահանջը եւ միայն դրանից հետո հաշտության համաձայնագրի կնքումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս