Արդեն գալիս է պրոֆեսիոնալ խմբերի ջախջախումը. հիմա հասել են դատավորներին. Հարություն Մեսրոբյան

«20-րդ դարի սկզբում, երբ ազգը կամաց-կամաց արթնանում էր՝ պայքարի երկու խոշորագույն գաղափար ծնվեց. մի պայքարի ջատագովը Գևորգ Չաուշն էր, մյուսինը՝ Հրայր Դժոխքը: Գևորգ Չաուշն ասում է՝ մենք պետք է կտոր-կտոր ամեն տեղ ընդվզենք, փոքր ջոկատներով հարվածենք և այդպես ջլատենք Օսմանյան կայսրությունը, իսկ Հրայր Դժոխքն ասում էր՝ հիմա պետք է ընդհանրապես քիչ երևանք և ներքուստ հավաքենք մեր կարողությունները՝ մտավոր, ուժային, ֆինանսական, տնտեսական, միջազգային և այլն»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նա նշեց՝ ցավոք, Հրայր Դժոխքը շուտ զոհվեց, և հաղթեց Գևորգ Չաուշի մոտեցումը, ու երբ սկսվեց Առաջին Համաշխարհային պատերազմը՝ թուրքերը վերցրեցին նաև այն պատճառը, որ հայերն անկայուն տարր են պատերազմի ժամանակ՝ բոլոր հետևանքներով:

«19-րդ դարում հույները ստացան անկախություն, իսկ մենք 1918թ. ֆալշ-ստարտ արեցինք, 2 տարում կորցրինք պետությունը։ Երկրորդ ֆալշ-ստարտը եղավ 1991 թվականին, և մենք տեսնում ենք՝ նորից կորցնում ենք: Ունենալով բարդ և հարուստ պատմական փորձ՝ դա դնում ենք մի կողմ, ու կարծես 120 տարվա գործողությունները մեզ հետ չեն եղել: Հայերի մոտ շատ դժվար է արթնացնել սոցիալական դժգոհություն. մենք՝ հայերս, որ դարերով եղել ենք ուրիշների լծի տակ, մեր գենետիկայի մեջ մտել է, որ ամեն մեկս մեր ընտանիքի սոցիալական հարցերը կլուծենք: Այս իմաստով մենք շատ փակ համակարգ ենք: Մեր խնդիրը ոչ միայն տնտեսությունն է, իրավական համակարգը, մերիտոկրատական համակարգի ձևավորումն է: Եթե 30 տարվա մեջ մենք մերիտոկարտական մեթոդները դնեինք, ապա անարժանին մեզ մոտ շատ դժվար կլիներ կարիերա անել: 30 տարի արժանիները սարսափելի դիսկոմֆորտի մեջ են եղել: Որպես պետական կառավարման համակարգ՝ մենք խնդիրներ ունենք. ավելի հեշտ էր հարցերը լուծել այն մակարդակում, որը պետության հետ աղերս չուներ»,- նշեց նա:

Խոսելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման մասին՝ Հարություն Մեսրոբյանը նշեց.

«Արդեն գալիս է պրոֆեսիոնալ խմբերի ջախջախումը. հիմա հասել են դատավորներին: Պատրա՞ստ են հանդուրժել: Հետո, պապիկ դառնալուց հետո լացակումած թոռներին հերթական ցեղասպանության մասին թող չպատմեն ու գրքեր գրեն: Հիմա թող պայքարեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս