«Երդման տեքստը մի կերպ կարդացած պատգամավոր Էդգար Հակոբյանն ամեն ինչ անում է, որ իր ընկերը դառնա Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ»

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները 2022 թվականի հունվարի 25-ից դադարեցին, և այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանը։

168.am-ի իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի թափուր պաշտոնի համար իշխանության ներսում ակտիվ քննարկումներ են ընթանում, և այդ գործընթացում ակտիվ մասնակցություն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով բոլորովին վերջերս Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած, երդման տեքստը մի կերպ ընթերցած Էդգար Հակոբյանը։

«Էդգարը, լինելով բանգլադեշցի, 2018 թվականին ակտիվ մասնակցություն ուներ քաղաքապետի ընտրության և քարոզարշավի անցկացման գործընթացներում, ավելին՝ 2018-ին հենց նա էր առաջարկել նախկին թաղապետ Դավիթ Կարապետյանի թեկնածությունը, որը մինչև վերջերս այդ պաշտոնում էր։ Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ է՝ տարբեր հարցերի շուրջ Դավիթի ու Էդգարի հայացքները տարբեր էին, ու Էդգարը որոշեց, որ իր «նշանակած» թաղապետից պետք է ազատվի, այդպես էլ արեց։ Էդգարը Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդկանցից մեկն է, ու նաև դա է պատճառը, որ նրա գրեթե բոլոր ցանկություններն արագ կատարվում են․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նորաթուխ պատգամավոր Էդգար Հակոբյանը թաղապետի պաշտոնի համար ՔՊ թիմին առաջարկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Հակոբյանի թեկնածությունը, որի հետ բավականին ջերմ ընկերական հարաբերություններ ունի․

«Էդգարն ու Կարենը օրվա մեծ մասը միասին են, տարբեր հարցեր են քննարկում, ինչ միջոցառում, հանդիպում լինում է, Կարենը Էդգարի հետ գնում է՝ «Եռաբլուր» այցից՝ մինչև համայնքի բնակիչների հետ հանդիպում։ Այս պահին Էդգարն ամեն ինչ անում է, որպեսզի իր առաջարկած թեկնածուն դառնա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար: Որքանով լսել եմ, Էդգարն ասել է՝ Կարենը դառնա թաղապետ, լիքը հարցեր ավելի լավ կլինի՝ մեր օգտին, դրա համար էլ հրահանգեց, որ նախկին թաղապետին՝ Դավիթ Կարապետյանին, ազատեն»։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝  Դավիթ Կարապետյանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։

Տեսանյութեր

Լրահոս