Վերջում էլի ժողովուրդն է տուժում

Ի շահ ժողովրդի, ինչ խելքներին փչում է, անում են, վերջում տուժողն էլի ժողովուրդն է լինում։ Հարկերն ավելացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք ավելացնում, ծառայությունները թանկացնում են, ասում են՝ ժողովրդի համար ենք անում, նոր հարկեր ու տուրքեր են մտցնում, կրկին՝ ժողովրդի համար ենք անում։ Չկա մի բան, որ ժողովրդի անվան տակ կամ ժողովրդի համար չանեն, բայց միևնույն է, վերջում տուժողը ժողովուրդն է լինում։

Պարզվում է, նույնիսկ թանկացումներն են ի շահ ժողովրդի։ Որքան բարձր է գնաճը, այնքան մարդիկ ավելի լավ են ապրում։ Վկա էկոնոմիկայի նախարարը։

«Անկախ թանկացումներից՝ մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»,- ասում է Վահան Քերոբյանը։

Եթե թանկացումների, այն էլ՝ համատարած ու երբեմն կտրուկ թանկացումների պայմաններում մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, ինչպե՞ս է լինում, որ աղքատությունը երկրում խորանում է։ Բնակչության գրեթե կեսն աղքատության վերին շեմից ներքև է գտնվում։ Այն էլ՝ դեռ 2020թ. տվյալներով։

Որ 2021թ. աղքատությունն էլ ավելի է խորացել, ոչ մի կասկած չկա։ Դրանում կհամոզվենք, երբ կհրապարակվեն աղքատության ցուցանիշները։

Եթե նույնիսկ համարենք, որ այդպես է, և մարդիկ սկսել են համատարած թանկացումների պայմաններում ավելի լավ ապրել, ինչպես ասում է էկոնոմիկայի նախարարը, ապա դա նշանակում է, որ տնտեսության մեջ ձևավորվող եկամուտներն անհամաչափ են բաշխվում։ Աղքատներն ավելի են աղքատանում, հարուստներն էլ ավելի են հարստանում։

Եվ ո՞րն է այստեղ սոցիալական արդարությունը։ Ո՞ւր մնացին ներառական աճի վերաբերյալ ժամանակին հնչող բարձրագոչ հայտարարություններն ու խոստումները։

Ինչպե՞ս կարող է թոշակառուն ավելի լավ ապրել, երբ երկրում թոշակ չի բարձրացել, իսկ սննդամթերքը և, հատկապես՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքը, երկնիշ է թանկացել։

Նույնը նաև՝ սոցիալական մյուս խոցելի խմբերի պարագայում։

Թե՞ կարծում են, որ նվազագույն կենսաթոշակն ու նպաստը 2,1 հազար դրամով բարձրացրեցին, դրանով թանկացումների հետևանքները զրոյացան։ Մի բան էլ, թոշակառուներն ու նպաստառուները սկսեցին ավելի լավ ապրել, քան ապրում էին նախկինում։

Կան, անշուշտ, մարդիկ, ովքեր անգամ համատարած թանկացումների պայմաններում ավելի լավ են ապրում, որովհետև նրանց եկամուտներն առաջ են ընկել ծախսերից։ Բայց այդպիսիք հասարակության շատ փոքր մասն են կազմում։ Մեծ մասի դեպքում ապրելն անհամեմատ ավելի է դժվարացել։

Գնաճը քիչ է, հարկերն ու այլ վճարներն էլ մյուս կողմից են ծանրանում մարդկանց վրա։

Եկամուտները չեն ավելանում, ապրանքները թանկանում են, բայց մարդիկ ստիպված են ավելի շատ վճարել գույքի, կոմունալ ու սպասարկման այլ ծառայությունների համար։

Ժամանակին, երբ դեռ նոր էին խոսում գույքահարկը բարձրացնելու մասին, ասում էին, թե դա անում են թանկարժեք գույքն ու հարուստներին հարկելու համար։ Գույքահարկը բարձրացին և դրանում ներառեցին ոչ միայն՝ հարուստներին, այլև՝ մյուսներին։ Ընդ որում, վերջիններիս բեռն անհամեմատ ավելի ծանրացավ, քան նրանցը, ում համար ուզում էին գույքահարկը բարձրացնել։

Բարձրացրել ու բարձրացնում են՝ ինչպես պետական տուրքերը, այնպես էլ՝ վճարները։

Հիմա էլ որոշել են ավտոմեքենաների ապահովագրությունը թանկացնել։ Ու անունը կրկին դրել են, թե ժողովրդի համար են անում։ Բարձրացնում են գները, որպեսզի վթարների ժամանակ կարողանան նորմալ հատուցել։

Թանկացնում են ոչ միայն կարգազանց, այլև պարտաճանաչ վարորդների ԱՊՊԱ-ն։ Այն դեպքում, երբ մարդիկ ԱՊՊԱ ամբողջ պատմության մեջ վթար չեն ունեցել, տարեկան որոշակի գումար են վճարել պայմանագիր ձեռք բերելու համար, իրենց գրպանից փոխհատուցել են ուրիշների թույլ տված սխանելի ու պատճառած վնասների համար, հիմա ստիպված պիտի լինեն ավելի շատ վճարել, որպեսզի կարգազանց վարորդների արարքների համար ավելի շատ փոխհատուցում տրամադրեն։

Պատկերացրեք՝ մարդը օրինապահ վարորդ է, 10 տարի իր մեղավորությամբ ոչ մի անգամ վթարի մեջ չի հայտնվել, բայց 10 տարում իր գրպանից 300-350 հազար դրամ է վճարել ապահովագրական ընկերությանը, որպեսզի վերջինս փոխհատուցի ուրիշների սխալների համար, ինքն էլ շահույթներ ստանա, հսկայական ապարատ պահի ու դրա պահպանման ծախսերը հոգա։

Մարդկանց եկամուտները չեն ավելացնում, բայց պատրաստվում են նոր բեռ դնել, այս անգամ էլ՝ առողջապահության ապահովագրության անվան տակ։ Ու կրկին դա ներկայացնում են՝ որպես ի շահ ժողովրդի։ Ժողովրդից փողը վերցնում են, իբր ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար, բայց դա էլ չեն կարողանում պատշաճ անել։

Տեսնում ենք, թե առողջության ապահովագրությունը մինչև հիմա ինչպես է աշխատում։

Մարդիկ փող են տալիս ապահովագրության համար, սակայն, երբ հարցը հասնում է ապահովագրությունից օգտվելուն՝ հազար ու մի պատճառ են բերում, որպեսզի խուսափեն ապահովագրություն տրամադրելուց։

Փողը վերցնում են, բայց պատշաճ ծառայություն չեն մատուցում։ Թե որտե՞ղ է ժողովրդի շահը, հայտնի չէ։

Դա էլ քիչ է, որոշել են եկամուտների ու գույքի համատարած հայտարարագրում անել։ Ու կրկին՝ «ի շահ ժողովրդի», ժողովրդին դնելու են լրացուցիչ հարկման տակ։

Ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս շատ գումարներ պոկեն ժողովրդից։ Իսկ երբ հարցը հասնում է ժողովրդին, պարզվում է՝ պետությունը փող չունի։ Ժողովրդից վերցնում են, բայց հետ տալուց՝ չեն տալիս։ Իրենց հաճույքների համար փող ու միջոցներ կան, ժողովրդի համար՝ չկան։

Բարեփոխումներ են անում ժողովրդի համար, արդյունքում՝ իրենք վայելում են, ժողովուրդը կրկին մնում է ձեռնունայն։

Որտե՞ղ է այս ամենի մեջ ժողովրդի շահը, եթե վերջում էլի ժողովուրդն է տուժում։ Շահարկում են ժողովրդի անունը՝ շահողը էլի իրենք են լինում, իսկ շարքային քաղաքացին միշտ տուժած է դուրս գալիս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս