Տավուշից Սյունիք բանկերը գյուղացիներին վարկեր չեն տալիս. չգիտեն՝ տարածքները Հայաստանի՞ն են մնալու, թե՞ ոչ. Սարգսյան

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը, համաձայն որի՝ 2021թ․, ճգնաժամային 2020-ի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով: Ընդ որում, ամենաբարձր աճը գրանցվել է ծառայությունների (+7.8%) ու առևտրի (+7.5%) ոլորտում։

Շինարարության մեջ աճը կազմել է 7.4%-ով։

Արդյունաբերությունը 2021-ին 2020-ի համեմատ՝ 3.3% աճ է գրանցել` նախորդ տարվա 0.9%-անոց անկման փոխարեն։

Աղետալի վիճակում է գյուղատնտեսության ոլորտում անկումը 2021թ.-ին շարունակվել է` կազմելով -1.1%։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով արձանագրված այս ցուցանիշների մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշեց՝ տնտեսության այս ճյուղերում արձանագրված վերոնշյալ ցուցանիշները հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ Հայաստանի տնտեսական կառուցվածքում աճում է միայն առևտուրը, ինչը նշանակում է, որ տարիներ շարունակ միայն առուծախով ենք զբաղված, ինչպես նաև կտրուկ աճում է խաղային բիզնեսը։

«Ծառայությունների ոլորտն աճ է գրանցել հենց խաղային բիզնեսի հաշվին, որը շոգեքարշի դեր է ստանձնել, մինչդեռ խաղային բիզնեսը բնակչությանը աղքատացնող, արդյունք չստեղծող ոլորտ է, ու աճն էլ՝ այդպիսինն է։ Այս ոլորտն այնպիսի վիրուս է, որն անընդհատ տարածվելու հակում ունի, ու եթե դրա դեմն իշխանությունը չառնի, ապա աղետալի արդյունք են ունենալու։ Բայց այս ամենի դեմ պայքար ասելիս՝ պետք է հիշել նաև, թե ինչպե՞ս է այս իշխանությունը 3 տարի շարունակ խոսում, որ փորձում է խաղային ոլորտի աճի դեմն առնել, բայց իրականում արձանագրվում է լրիվ այլ պատկեր»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով, որ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում նաև արդյունաբերության զարգացումն ապահովելու համար՝ չնայած դրա համար քննադատում էր նախորդ իշխանություններին։

«Նախկիններին քննադատում էին նաև հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսություն կառուցելու համար, բայց դրանից ինչ-որ չափով ազատվելու համար էլ որևէ բան չեն արել»,- ասաց Սարգսյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ այս խայտառակ վիճակին զուգահեռ՝ ունենք 1.1 տոկոսով անկում ապրած գյուղատնտեսություն, ուստի գյուղատնտեսությունը վերջնականապես տապալելու և եղած փշրանքներն էլ վերացնելու հարցն ընդամենը  ժամանակի խնդիր է, որին այս իշխանությունն իր քաղաքականությամբ ակտիվ քայլերով գնում է՝ միևնույն ժամանակ փոշիացնելով պետության ֆինանսական միջոցները՝ ինչ-որ խելացի անասնագոմերի վարկավորման անվան տակ։

«Խելացի անասնագոմերի, ջերմոցային տնտեսությունների վարկավորման համար վարկային միջոցներ են հատկացնում, ինչն իրականում պետության ֆինանսական միջոցների փոշիացում է, որովհետև դրանցից կարող են օգտվել միայն խոշոր գործարարները, որոնց համար իրականում պետությունը պետք էլ չէ, որ օգնություն կազմակերպի։ Այս ծրագրերից չի օգտվում շարքային գյուղացին, այլ օգտվում է հարուստի շրջապատն ու ընտանիքը։

Մյուս կողմից՝ խնդրահարույց է այն, որ պետությունը հայտարարում է, որ գյուղատնտեսական վարկեր է տալիս էժան տոկոսներով, սակայն Հայաստանի արևելյան սահմաններում՝ Տավուշի մարզից մինչև Սյունիք, բանկերը գյուղացիներին վարկեր չեն տալիս. Չգիտեն՝ այդ տարածքները Հայաստանի՞ն են մնալու, թե՞ անցնելու են Ադրբեջանին։ Գյուղացիները զրկված են գյուղատնտեսական վարկեր ստանալու իրավունքից, այնպես որ, Կառավարությունը ստում է, թե կանգնած է սահմանամերձ գյուղացու կողքին»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս