«Դեռևս որևէ արդյունք չունենք, որևէ նորմալ ու ռեալ պատասխան չկա». Տեղ համայնքի ղեկավար
Հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ծառայողները գերեվարել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին՝ Սուրիկ Մաթևոսյանին, և տարել նրա 300 ոչխարները։ Թշնամին հովվին գերեվարել էր այն ժամանակ, երբ նա մոլորվել էր և մոտեցել ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերին։
Հայկական ու ռուսական կողմերի միջնորդությամբ և ջանքերով թշնամին վերադարձրել էր հովվին, սակայն չէր վերադարձրել նրա մոտ 300 ոչխարներին։
Նշենք, որ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ միավորման ուսումնասիրությանարդյունքներով 300 ոչխարի դեպքով Տեղ համայնքի հովիվը կրել է 20-24 հազար դոլարի վնաս։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ոչխարներին վերադարձնելու համար աշխատանքները ոչ մի օր չեն դադարել, այս պահին էլ դրանք շարունակվում են։
«Դեռևս որևէ արդյունք չունենք, դեռ թուրքը բան չի ասում, բայց մենք աշխատանքները չենք դադարեցնում։ Տեղյակ չեմ՝ այդ ոչխարները տեղափոխե՞լ են արդեն Ադրբեջան, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը չունեմ։ Ռուսական կողմի միջոցով էլ որևէ տեղեկատվություն չեն փոխանցել։ Որևէ նորմալ ու ռեալ պատասխան չկա»,- նշեց Դավիթ Ղուլունցը։
Նա նաև տեղեկացրեց, որ այդ միջադեպից հետո նոր դեպք չի գրանցվել։