«Ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատված են և պահվում են Ադրբեջանում, մեր պատվիրակները նրանց տեսակցել են». Զառա Ամատունի

168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց վերջին անգամ այցելել են հունվար ամսվա ընթացքում։

«Բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատված են և պահվում են Ադրբեջանում, մեր պատվիրակները նրանց տեսակցել են Բաքվում։ Հնարավարություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ Սա վերաբերում է նաև նրանց, ովքեր այդ օրերին վերադարձել են, այսինքն՝ նրանց էլ են հասցրել տեսակցել մինչև վերադարձը»,- նշեց Զառա Ամատունին։

Զառա Ամատունուց նաև հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Կարմիր խաչը զբաղվում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի մատնանշած այն զինվորի ճակատագրով, ով նախորդ տարվա նոյեմբերի 12-ին դիրքերից անհետացել է, և մինչ օրս նրանից որևէ տեղեկություն չկա։

«Սովորաբար մենք իշխանությունների հետ կապի մեջ ենք լինում տարբեր անձանց վերաբերյալ, ովքեր անցնում են սահմանը։ Կոնկրետ այդ զինվորականի հետ կապված պետք է լրացուցիչ ճշտումներ անեմ։ Կարող եմ մեկ բան հաստատ ասել, որ ցանկացած տեղեկություն, որը շրջանառվում է՝ կապված նմանատիպ իրավիճակի ու միջադեպի հետ, մեր ուշադրության կենտրոնում են։ Թե՛ իշխանությունների, թե՛ ընտանիքի դիմումների հիման վրա մենք փորձում ենք ճշգրտումներ անել համապատասխան իշխանություններից, որպեսզի ստանանք հնարավորինս հստակ պատասխաններ, որոնք անհրաժեշտ կլինեն հետագայում մեր տեսակցությունների համար։ Այս և նմանատիպ միջադեպերը գտնվում են մեր անմիջական ուշադրության ներքո, շատ դեպքերում կոնկրետ դեպքերով մենք չենք մեկնաբանում՝ հաշվի առնելով տարբեր նրբություններ»,- շեշտեց Զառա Ամատունին։

Միաժամանակ նա ընդգծեց, որ կան դեպքեր, երբ իշխանություններն իրենց գործիքակազմով գերադասում և կարողանում են ընդհանուր եզրեր գտնել մյուս կողմի հետ՝ անձի հայրենադարձումը սեփական ուժերով կազմակերպելու համար՝ առանց միջնորդի։

Հիշեցնենք, որ Տիգրան Աբրահամյանն այս զինվորականի ճակատագրի վերաբերյալ հարցը բազմիցս բարձրաձայնել է, դիմել տարբեր գերտեսչություների, սակայն նրա ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։

Տեսանյութեր

Լրահոս