«Բարսելոնան» հոգնել է Դեմբելեից, Դեմբելեն՝ «Բարսելոնայից»․ ինչպե՞ս կլուծվի խնդիրը
Կարծես թե Ուսման Դեմբելեի պայմանագրային հակամարտությունը «Բարսելոնայի» հետ շատ հեռուն է գնացել՝ ֆրանսիացի վինգերը չի ընդգրկվել «Ատլետիկի» հետ հանդիպման հայտացուցակում և չի թռչել Բիլբաո։
«Բարսայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին առանցքային հայտարարություն է արել. «Այսօր՝ հունվարի 20-ին, Դեմբելեի համար նոր պայմանագիր ընդունելու վերջնաժամկետից տասնմեկ օր առաջ, պարզ է, որ խաղացողը չի ցանկանում մնալ «Բարսելոնայում» և հավատարիմ չէ ապագա նախագծին։ .
Մենք նրան և նրա գործակալներին հասկացրել ենք, որ նա պետք է անհապաղ հեռանա ակումբից, քանի որ մեզ նվիրյալ խաղացողներ են պետք, և հուսով ենք, որ տրանսֆերը կարող է տեղի ունենալ մինչև հունվարի 31-ը»:
Հիմնական խնդիրը հսկա աշխատավարձի խնդրանքն է։ Խաղացողն ու գործակալը զիջումների չեն գնացել
• Դեմբելեի գործարքի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը, ինչը նշանակում է, որ Ուսմանը այժմ կարող է հեշտությամբ բանակցել այլ ակումբների հետ, փնտրել հարմար տարբերակ, որտեղ նա կգնա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
• Սկզբում նա կարծես ապագա ուներ «Բարսայում»: Չավին սկսեց մեծ հաճոյախոսություններով Ուսմանի հասցեին: «Ես ասացի, որ նա լավն է։ Մենք միշտ հավատում ենք Ուսմանին։ Այստեղ նա կլինի լավագույնն աշխարհում»,-նշում էր մարզիչը։
• Դեմբելեն փող էր ուզում։ Շատ գումար։ Իր գործակալի միջոցով նա տարեկան խելահեղ 43 միլիոն եվրո է խնդրել հարկերից բացի (այժմ նրա եկամուտը գրեթե չորս անգամ պակաս է՝ 12 միլիոն)։
Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնել է, որ Չավին բառացիորեն ապշել է, երբ իմացել է աշխատավարձի պահանջների մասին։ Բայց մարզիչը շարունակեց բաց թողնել Ուսմանին։ Ֆրանսիացին նույնիսկ նոր տարում հայտնվեց՝ գավաթում գոլ խփեց «Դեպորտիվո Լինարեսին», Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալի» հետ խաղաց 120 րոպե։
«Ռեալից» անմիջապես հետո իրավիճակը նկատելիորեն վատթարացավ։ «Բարսելոնան» հասկացրել է, որ չի համաձայնի աշխատավարձի բարձրացմանը։
Գործակալ Մուսա Սիսոկոն փորձեց շեղել ուշադրությունը. նա քննադատեց ակումբին ոչ միայն բարդ բանակցությունների պատճառով: Օրինակ՝ նա մեղադրել է «Բարսային» ֆուտբոլիստի առողջության նկատմամբ սարսափելի վերաբերմունքի համար։
«Երբ խոսքը վերաբերում է Ուսմանի նոր պայմանագրին, բոլորը անընդհատ խոսում են փողի մասին»,- ասել է Սիսոկոն։ «Բայց միայն նրանք չեն: Ներկայիս անձնակազմը խաղադաշտ է բաց թողնում մի խաղացողի, ով չի մարզվել և նոր է ապաքինվել կորոնավիրուսից։ Դուք չեք կարող դա անել»:
Կարծես թե «Բարսան» մինչև վերջ հույս ուներ, որ Դեմբելեն կգնա գործակալի դեմ։ Պարզապես, ըստ լրագրող Ժերար Ռոմերոյի, բանակցությունների ընթացքում ֆրանսիացին հասկացրել է, որ իրեն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է համարում և ակնկալում է, որ աշխատավարձը կհամապատասխանի այս կարգավիճակին։ Նա հինգ տարվա ընթացքում պահանջում էր 200 միլիոն եվրո՝ առանց հարկերի, ինչպես նաև 20 միլիոն եվրոյի միանվագ վճարումներ իրեն և իր գործակալին՝ պայմանագիրը ստորագրելուց հետո:
Եվ նա ներկայացրեց իր սկզբունքը՝ նա պատրաստ է մինչև մրցաշրջանի ավարտ նստել պահեստայինների նստարանին,բայց կտրականապես համաձայն չէ ձմեռային տրանսֆերի հետ։ Չնայած հետաքրքրություն կար, օրինակ՝ «Նյուքասլից»։
• Հիասթափված «Բարսելոնան» դեռ նորմալ պատասխան էր սպասում: Ակումբը վերջնաժամկետ է սահմանել խաղացողի համար՝ պատասխան տալ «Ատլետիկի» հետ խաղից առաջ։ Գործակալը չի շփվել «Բարսելոնայի» հետ, այսքանը։Դեմբելեն չընգրկվեց «Ատլետիկի» հետ խաղի հայտացուցակում, որտեղ կարող էր թիմին օգնել չպարտվել։
«Ես շանտաժի չեմ ենթարկվի. Իմ մասին խոսակցություններ ու սուտեր են տարածվում արդեն 4 տարի»․Դեմբելե
Ուսմանը Instagram-ում ծավալուն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իր գործը ֆուտբոլ խաղալն է, իսկ պայմանագրերը՝ գործակալի գորն են։
«Արդեն չորս տարի ես միայն կարդում եմ այն, ինչ ասում են իմ մասին և չեմ էլ փորձում արդարանալ։ Իմ մասին խոսակցությունները տարածվեցին այս չորս տարիների ընթացքում։ Մարդիկ այս չորս տարիների ընթացքում սուտ են տարածում իմ մասին՝ ինձ ցավ պատճառելու նպատակով։ Այս ամբողջ ընթացքում ես երբեք չեմ արձագանքել սրան և երբեք չեմ արդարացել։
Սխա՞լ էր։ Անկասկած։ Այսուհետ ես ամեն ինչի անկեղծորեն կպատասխանեմ, որպեսզի թույլ չտամ ինձ շանտաժի ենթարկել։ Ես 24 տարեկան եմ, ինչպես բոլոր մարդիկ, թերություններ ու սխալներ ունեմ։ Ունեցա ծանր շրջաններ, վնասվածքներ, ունեի կորոնավիրուս։
Մարզիչն ինձ խնդրեց խաղալ, նույնիսկ եթե ոչ մի մարզում չէի անցկացրել, և ես միշտ համաձայնում էի: Միշտ այսպես է եղել, քանի որ սա իմ կիրքն է։ Ես հասկանում եմ, թե որքան բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն աշխատանքը:
Ուղերձիս նպատակն ակնհայտ է՝ ես ուզում եմ հերքել սպորտային նախագծում ներգրավված չլինելու փաստը։ Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վերագրում են ցանկացած մտադրություն, որը ես չունեմ: Ես դատապարտում եմ նրանց, ովքեր ինչ-որ բան են ասում իմ անունից կամ իմ գործակալի անունից, ում ես լիովին վստահում եմ:
Ես գործող պայմանագիր ունեմ, և ես լիովին տրամադրված եմ ակումբին և իմ մարզչին։ Ես միշտ տվել եմ ամեն ինչ՝ հանուն իմ գործընկերների և երկրպագուների։ Եվ դա չի փոխվի: Ես ընդունակ չեմ խաբելու, և առավել ևս չեմ ենթարկվի շանտաժի։
Ինչպես գիտեք, այժմ բանակցություններ են ընթանում, և ես ամեն ինչ թողել եմ իմ գործակալներին։ Իմ գործը ֆուտբոլ խաղալն է, գործընկերներիս ու երկրպագուներիս հետ զվարճանալը։ Առաջին հերթին պետք է կենտրոնանալ գլխավորի վրա՝ հաղթանակների վրա։ Հոգ տարեք ձեր և ձեր սիրելիների մասին»:
Դեմբելեն վնասում է «Բարսելոնային» նաև ֆինանսական տեսանկյունից։ Դորտմունդի «Բորուսիան» ևս մեկ վճար կստանա «Բարսելոնայից», եթե այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վինգեր Ուսման Դեմբելեն հեռանա կատալոնական ակումբից։
Եթե ֆրանսիացին հեռանա «Բարսանից» մինչև պայմանագրի ավարտը՝ 2022 թվականի ամռանը, «բլաուգրանաները» պարտավոր կլինեն գերմանական ակումբին վճարել 5 միլիոն եվրո, հայտնում է Sport1-ը։
Այսպիսով, Դեմբելեի տրանսֆերի դիմաց վճարումների ընդհանուր գումարը կարող է հասնել 148 միլիոն եվրոյի։ 2017 թվականի ամռանը կատալոնացիները խաղացողի տրանսֆերի համար «Բորուսիային» անմիջապես վճարեցին 105 միլիոն եվրո, իսկ ավելի ուշ վճարեցին ևս 38 միլիոն՝ տարբեր բոնուսների տեսքով։
Կրքերը ավելի են թեժանում։ Ուսման Դեմբելեն կարող է դատի տալ «Բարսելոնային» զրպարտության համար, ասել է Սպորտային իրավունքի ինստիտուտի տնօրեն Թոնի Ռոկան ABC-ին:
«Դեմբելեն կարող է քննարկել պայմանագիրը միակողմանիորեն խզելու մասին՝ համաձայն Աշխատողների կանոնադրության 50-րդ հոդվածի: Սա ներառում է փոխհատուցում անարդար պաշտոնանկության համար:
«Վերջին իրադարձությունները մեզ հուշում են ուսումնասիրելու իրավական հետևանքները: Նկատի ունեմ ոչ միայն այն, որ Չավին որոշել է հեռացնել Դեմբելեին թիմից ոչ մարզական պատճառներով, այլ նաև այն, որ ակումբը հրապարակային հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ դնելով նրա նվիրվածությունը ակումբին պայմանագիրը երկարաձգելու չցանկանալու համար։
Կարելի է մեկնաբանել, որ Դեմբելեի աշխատանքային պայմանները սահմանափակվել են նրա «ընկերության» կողմից, քանի որ խաղացողը զրկված է իր գործունեության էական մասից՝ ֆուտբոլ խաղալուց, և ոչ թե տեխնիկական որոշման, այլ ոչ սպորտային պատճառով։
Ֆուտբոլիստը չի խախտում «Բարսելոնայի» հետ իր աշխատանքային հարաբերությունները՝ հրաժարվելով երկարաձգել պայմանագիրը»,- ավելացրել է Ռոկան։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ևս խոսել է վինգեր Ուսման Դեմբելեի հետ 2022 թվականի ամռանը ավարտվող պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Վիճելու բան չկա, ես իմ կարծիքը շատ պարզ ասացի։ Ամեն ինչ կախված է նրանից։
Ուսմանի վիճակը չի փոխվել։ Նա հիանալի հասկանում է, թե ինչ դիրքում է գտնվում։
Նա հանգիստ է, լավ է մարզվում, աշխատում է թիմի հետ։ Տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռ մի քանի օր կա, բայց հարցն այսպես չի դրվում, որ նա կա՛մ հիմա հեռանա, կա՛մ երկարաձգի պայմանագիրը։
Աշխատում ենք նաև մի քանի տրանսֆերների վրա։ Ես Ալեմանիին և նախագահին շատ պարզ ասացի, թե ինչ դիրքեր է պետք ամրապնդել։ Բայց կա տարբերություն այն բանի միջև, թե ինչ ենք ուզում և ինչ կարող ենք ստանալ: Մենք կտեսնենք, թե ինչ կարող ենք անել աշխատավարձի հետ: Դեռ ժամանակ կա»,-ասել է Չավին:
Սիրարփի Աղաբաբյան