Բաժիններ՝

«Անգործունակ անձի խնամակալը որևէ պարագայում չպետք է լինի հոգեբուժական կազմակերպությունը կամ բժշկական անձնակազմի ներկայացուցիչը, որտեղ պահվում է այդ անձը». ՀՀ ՄԻՊ

«Այդ հատուկ զեկույցը նախապատրաստվել է 2017թ., և ես այն հրապարակել եմ 2018թ մարտի 22-ին, այսինքն՝ մինչև 2018թ. ապրիլ-մայիս իրադարձությունները: Այս զեկույցը նպատակ ունի ցույց տալու, թե ինչ է փոխվել: Ցավոք, մեծ հաշվով, գործնականում վիճակը նույնն է, ինչն էլ զեկույցում օբյեկտիվ ներկայացված է՝ սկսած Կառավարության մակարդակով սխալ պետական քաղաքականությունից՝ մինչև անփույթ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ»,- այսօր իր հերթական ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հոգեբուժարաններում տիրող իրավիճակին 2018թ. արտահերթ զեկույց հրապարակելուց հետո:

Պաշտպանը նշեց, որ 2021թ. ընթացքում այցեր են իրականացվել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն», «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»:

ՄԻՊ-ի խոսքով՝ դրական փոփոխությունները ինչ էլ որ եղել են,  կա՛մ դրվագային են, կա՛մ կապված են Առողջապահության՝ միայն գործող նախարարի կողմից ձեռնարկած դրական քայլերի հետ:

«Հատուկ եմ նշում, որ այս զեկույցը, ինչպես նախորդը, նպատակ չունի գնահատելու հոգեբուժական կազմակերպությունների բժշկական անձնակազմերի մասնագիտական գործունեությունը: Բժշկի մարդասիրական բարձր առաքելությունը մշտապես կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համակարգում, իսկ բժշկության ոլորտի մասնագետների իրավունքների ապահովման վիճակն առաջնահերթ ուշադրության ներքո է: Ընդհանուր գնահատականն այն է, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել ՝ անկախ գերատեսչական ենթակայությունից»,- նկատեց ՀՀ ՄԻՊ-ը:

Պաշտպանը պնդեց՝ գլխավոր խնդիր է շարունակում մնալ այն, որ Հայաստանում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում, և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ: Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն:

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց օգնությունը և սպասարկումը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով: Մարդկանց պետք է հասանելի լինեն միջճյուղային և ապաինստիտուցիոնալացված այլընտրանքային ծառայություններ, որոնք թույլ կտան անձանց ստանալ օգնություն այնպես, որպեսզի չկտրենք մարդուն հասարակությունից ու չմեկուսացնենք նրան»,- նշեց Արման Թաթոյանը, ապա հավելեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ 2021 թվականի ընթացքում 3 բնակավայրի համար պատրաստվել են առանձնատների վերակառուցման միայն դեռ նախագծեր՝ դրանք որպես փոքր տներ կազմակերպելու ուղղությամբ։ Տնային սպասարկում է ներդրվել 8 մարզում և Երևանում, իսկ ցերեկային կենտրոնները գործել են 6 մարզում և Երևանում։

Խնդիրների թվում Պաշտպանն առանձնացրեց այն, որ հոգեբուժարանները գործում են  Առողջապահության նախարարության, մարզպետարանների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ: Այս մարմինների միջև գոյություն չունի փոխկապակցված համագործակցությունը, ինչն էլ ուղիղ ազդում է խնդիրների վրա՝ միասնական մոտեցումների բացակայություն, վերահսկողության հարցերում բացթողումներ և այլն: Նշեց նաև, որ շարունակվող խնդիր է վճարովի ծառայությունների մատուցումը:

«Խոսքը վերաբերում է, օրինակ, հիվանդանոցային ծառայություն իրականացնող հոգեբույժի խորհրդատվությանն արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնար պայմաններում բուժմանը, արտահիվանդանոցային պայմաններում հոգեբանի խորհրդատվությանը, արտահիվանդանոցային պայմաններում դատահոգեբուժական փորձաքննությանը քաղաքացիական գործերով, և այլն: Վճարովի է նաև հարմարավետ պայմաններով հիվանդասենյակների տրամադրման ծառայությունը, մինչդեռ օրենքով այս ծառայությունները պետք է տրամադրվեն պետության հաշվին»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը՝ շեշտելով՝ հոգեբուժական տարբեր կազմակերպություններում վճարովի ծառայությունների ցանկի և գնացուցակի միասնական մոտեցումներ, ինչը նաև տարբերակված կենտրոնացված ենթակայության արդյունք է: Այս վիճակն անթույլատրելի է:

Պաշտպանն անդրադարձավ նաև անգործունակ մարդկանց իրավունքների խնդրին:

«Մեր այցերի ընթացքում արձանագրել ենք, որ նրանք հաճախ կորցրած են լինում իրենց խնամակալների հետ սոցիալական կապերը, ոմանք նույնիսկ տեղեկացված չեն լինում, թե ովքեր են իրենց խնամակալները: Սա հատկապես կարևոր հարց է նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք էլ ավելի են սահմանափակված՝ ազգականների հետ տեսակցությունների և ֆիզիկական շփումների տեսանկյունից»,- ասաց ՄԻՊ-ը:

Ըստ Պաշտպանի՝ հոգեբուժարաններում նրանց սոցիալական միջավայրը հիմնականում սահմանափակվում է այլ պացիենտներով, նրանք շփվում են միմյանց հետ, ոմանք միմյանց համարում են «բարեկամ», մինչդեռ նրանց մեծամասնությունն իրենց ազգականներին հազվադեպ է տեսնում՝ հաճախ պայմանավորված ազգականների մոտ նման ցանկության բացակայությամբ:

«Հոգեբուժարաններում և սոցիալական խնամքի հաստատություններում բուժում և խնամք ստացող անգործունակ անձինք հիմնականում անտեսված են խնամակալների կողմից: Ավելին, խնամակալները ստանում են անգործունակ ճանաչված անձանց գույքը և եկամուտները տնօրինելու հնարավորությունը, ներառյալ՝ կենսաթոշակը, և հաճախ տնօրինում են դրանք ոչ ի շահ խնամարկյալի»,- նշեց նա:

ՄԻՊ-ը հատուկ կարևորեց, որ խնամակալը որևէ պարագայում չպետք է լինի հոգեբուժական կազմակերպությունը կամ բժշկական անձնակազմի ներկայացուցիչը, որտեղ պահվում է այդ անձը, կամ ում կողմից կազմակերպվում է նրա բուժումն ու խնամքը: Առկա է շահերի անխուսափելի բախում, ինչպես նաև խնամակալի անկողմնակալության վերաբերյալ լուրջ մտավախություն: Սա նաև հակասում է օրենսդրությանը և միջազգային չափանիշներին: Որպես օրինակ՝ նշվեց, որ նման դեպք է արձանագրվել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում:

«Անչափահասների հետ կապված. այս հարցով, եթե հիշում եք, ես դիմել էի 2019թ. Սահմանադրական դատարան, և ՍԴ-ն հակասող է ճանաչել երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չառնելու օրենսդրական կարգավորումները: ՍԴ այս որոշումից հետո կատարվեցին որոշակի օրենսդրական փոփոխություններ, որ էլի գործող նախարարի հետ ենք աշխատել: Բայց օրինակ, Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում արձանագրվել է, որ անգործունակ անձը հոգեբուժական կազմակերպություն է ընդունվել հոժարակամ բուժման՝ համաձայն սեփական դիմումի, իսկ օրինական ներկայացուցչի համաձայնությունը բացակայել է:

Հիվանդության պատմագրում բացակայել են հոգեբույժի հիմնավորումներն այն մասին, որ նշված անգործունակ անձն ունակ է եղել հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները: Այսինքն՝ իրազեկված համաձայնությունը պարտադիր պետք է լինի: Այսքանով հանդերձ՝ խնամակալության ինստիտուտը բացարձակ չի ծառայում նպատակին: Անգործունակության ինստիտուտը պետք է անհապաղ վերանայվի»,- ասաց Արման Թաթոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս