«Այս պահի դրությամբ այլընտրանքային ճանապարհն ամբողջովին փակ է». Բարձրավանի գյուղապետ

ՄԻՊ Արման Թաթոյանը հունվարի 21-ին ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու մարդկանց կյանքը ինչ աստիճա՞ն է դժվարանալու: Ադրբեջանական զինված ծառայողները բացահայտ հանցավոր արարքներով 2021թ. նոյեմբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները: Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞:

Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք»:

168.amի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն ասաց, որ ՄԻՊ-ը ներկայացրել է ողջ իրականությունը, այն իրականությունը, որն այսօր տիրում է Բարձրավանում և առհասարակ Սյունիքի մարզում։

«Այս պահի դրությամբ այլընտրանքային ճանապարհն ամբողջովին փակ է, այն չենք օգտագործում։ Ճիշտ է, այդ ճանապարհը դեռ վերջնական ավարտին չենք հասցրել, բայց ամեն դեպքում եղածն էլ փակ է, չենք օգտվում։ Օգտվում ենք այն ճանապարհից, որն օգտագործում էինք նախկինում՝ Գորիս-Կապան ճանապարհից։

Սահմանապահ զորքի ավտոբուսը շաբաթը 2 անգամ ռեժիմով գալիս է Բարձրավան, ժողովրդին տանում-բերում է։ Բայց ասեմ, որ Շուռնուխի հատվածից մեր ճանապարհը միանում է ասֆալտապատ ճանապարհին, այնտեղից իջնում ենք Որոտան, որտեղից կամուրջ չենք հասնում, այսինքն՝ այն հատված, որտեղ թշնամու մաքսակետերն են, Խոտ գյուղի ճանապարհով հասնում ենք Գորիս»,- նշեց Օնիկ Ավագյանը։

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում է մշտապես ասել՝ մարդկանց ճանապարհը մի քանի անգամ երկարում է, և քանի որ ճանապարհները դժվարանցանելի են, վառելիքի ծախսը նույնպես ավելանում է։

«Թույլ քամի է լինում, բոլոր ճանապարհները փակվում են, ոչ բոլոր տեսակի մեքենաներն են կարողանում երթևեկել։ Աստված չանի, եթե գյուղից որևէ մեկը շտապօգնության կարիք ունենա, կփորձենք ամենագնացներով մի բան անել։ Մարզպետարանին ու պատկան մարմիններին տեղյակ ենք պահել, որպեսզի այս ճանապարհների հարցերը լուծի։ Հիմա այս պայմաններում մարդիկ նույնիսկ «Ուրալով» են գնում Գորիս, ինչ իրենց պետք է, առնում-բերում են։ Դե, հացն էլ ամենօրյա ռեժիմով ամենագնացները կարողանում են հասցնել գյուղ»,- շեշտեց Օնիկ Ավագյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի թշնամին մի քանի անգամ դիմել է սադրանքի և մի քանի վայրերից անասուններ է գողացել ու չի վերադարձրել։

Հիշեցնենք, որ Սյունիքում այս իրավիճակը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի որոշման արդյունքում, ըստ որի՝ հայկական զորքը մի քանի կիլոմետր հետ է քաշվել։ Այս մասին հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս