«Թուրքիայի նախապայմանները շարունակվում են և ավելի են կոշտանալու». Մենուա Սողոմոնյան

5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի համար բացարձակ համոզիչ չեն, կեղծ և շինծու են իշխանությունների այն փաստարկներն առ այն, թե ինչու պետք է գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իշխանությունների հնչեցրած հիմնական թեզերին:

«Ամենապատ ծակող փաստարկը, որ բոլոր հարցերի առնչությամբ նրանք բերում են, այն է, որ ժողովուրդը տվել է մանդատ: Ասում են, թե 2021թ. ընտրություններում ժողովուրդն իրենց տվել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ: Այս փաստարկը կեղծ և շինծու է այն պատճառով, որ նախ՝ ժողովուրդը չի կարող մանդատ տալ հակապետական, պետության շահերին հակասող գործընթաց տանելու համար»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ոչ թե փոքր և թուլացած Հայաստանը կարող է խաղաղության դարաշրջան բացել, այլ այդ տարածաշրջանային համակարգի առանցքային դերակատարներ Թուրքիան և Ռուսաստանը. «Ի՞նչ պարագայում կլինի խաղաղություն. Առաջինը՝ երբ այս երկու գերտերություններն իրար հետ չհակամարտեն, այնինչ նրանք հակամարտում են տարբեր տարածաշրջաններում և տարբեր ձևերով: Երկրորդ՝ եթե ռեգիոնն ամբողջությամբ Ռուսաստանի կամ Թուրքիայի ազդեցության գոտում լինի: Հետևաբար՝ Հայաստանը կարող է խաղաղության դարաշրջան բացել այն առումով, որ նպաստի, որ ռեգիոնն անցնի Թուրքիայի ազդեցության ներքո: Անհնար է, որ Վրաստանն անցի Ռուսաստանի ազդեցության ներքո, անհնար է, որ Ադրբեջանում հաստատված թուրքական ուժեղ ազդեցությունը միանգամից վերանա, համենայնդեպս, Ռուսաստանի և Թուրքիայի չհակամարտելու տարբերակն էլ դեռևս չի երևում: Այսինքն՝ այն փաստարկը, որ խաղաղության դարաշրջան են բացում, և ժողովուրդն էլ դրա համար մանդատ է տվել, բացարձակ կեղծ է և անհիմն»:

Մենուա Սողոմոնյանն անդրադարձավ իշխանությունների հաջորդ փաստարկին, ըստ որի՝ ՀՀ բոլոր իշխանությունները հանդես են եկել նույն ուղեգծի պաշտպանության դիրքերից, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն առանց նախապայմանների Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու, հարաբերություններ նորմալացնելու օրակարգ ունի. «Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ բոլոր նախորդ իշխանություններն այս ուղեգծին կողմ են եղել այն պայմաններում, երբ 12 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախը եղել է հայկական ուժերի հսկողության ներքո, և Արցախի անվտանգության հարցը գոնե այդ ձևով եղել է երաշխավորված: Իսկ հիմա մնացել է 2500 քառակուսի կիլոմետր տարածք, այն էլ՝ ռուսական խաղաղապահներն են այնտեղ անվտանգության երաշխավոր: Հենց այս նախապայմանն էր շեշտադրվել թուրքերի կողմից ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, և այն այլևս չկա: Երկրորդ կարևոր նախապայմանը Ցեղասպանության ճանաչման պաշանջատիրությունից հրաժարվելն էր, գործող իշխանությունները դա ևս կատարում են: Մասնավորապես, 2021թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ վերաբերում էր մարդկության դեմ ցեղասպանությունների կանխարգելման օրվան, տեքստը նման էր այնպիսի մի հայտարարության, որը կարծես ցեղասպանություն վերապրած ժողովրդի պետության տեքստ չէր, այլ պարզապես մի երրորդ երկրի, որը դիվանագիտական ճարտասանությամբ զուտ իր հանձնառությունն է հայտնում, որ ինքը հանդես կգա ցեղասպանությունների կանխարգելման դեմ»:

Մենուա Սողոմոնյանը հիշեցրեց, որ 2008-09թթ. Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը ներառական էր. «Բազմաթիվ ազգային, հասարակական, ակադեմիական շրջանակներ ներառված էին այս պրոցեսի մեջ: Ինքս այն ժամանակ նոր էի համալսարանի դասախոս, և լավ հիշում եմ՝ համալսարանում այն ժամանակ ինչ բուռն քննարկումներ էին տեղի ունենում այս հարցի վերաբերյալ, և պետությունը պատվիրատու էր այս հարցում, որպեսզի հասարակական հնարավորինս լայն կոնսենսուս լինի: Սփյուռքի կառույցների հետ ևս կոնտակտ կար: Հիմա մի քանի հոգու ձեռքին է այս ամբողջ գործընթացը Հայաստանի կողմից, և ի տարբերություն 2008-09 թվականների, երբ գործով զբաղվում էին պրոֆեսիոնալ դիվանագետները, այժմ զբաղվում են քաղաքական կամակատարները՝ և՛ ԱԳ նախարարը, և՛ բանագնացը պրոֆեսիոնալ ֆիգուրներ չեն, քաղաքական կամակատարներ են՝ այս տեսանկյունից»:

Նկատեցինք, որ 2009թ. Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման, այլ ոչ թե ժողովուրդների հաշտեցման գործընթաց էին առաջարկում, ինչպես գործող իշխանությունները, որոնց, ըստ էության, առաջարկում են ներել թուրքին, մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել, և շարժվել առաջ:

«Միանշանակ, համաձայն եմ: Այդ դիսկուրսը փայլուն կերպով շրջանառվում է և՛ իշխանական պաշտոնյաների, և՛ իշխանամերձ լրատվամիջոցների, իշխանությունների հարող տարբեր քաղաքական ուժերի, հասարակական գործիչների կողմից: Մի կարևոր հանգամանք էլ կա՝ այն ժամանակ Հայաստանի հասարակությունը այսպես պառակտված չէր, այսքան ատելություն չկար, ինչը թուլության նշան է, իսկ անվտանգային կառույցներն էլ շատ բարձր մակարդակի վրա էին՝ 3 ամիսը մեկ պաշտպանության նախարար և ԱԱԾ տնօրեն չէր փոխվում»,- հավելեց Մենուա Սողոմոնյանը:

Նա անդրադարձավ նաև իշխանությունների՝ տնտեսական զարգացման խոստումներին և թեզերին.

«Շրջանառվում են թեզեր, որ թուրքական 90 միլիոնանոց շուկան է մեր առջև բացվում, որ դրանից պետք է օգտվել, որ Գյումրիում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում կբացվեն հիվանդանոցներ, որտեղ թուրք պացիենտները կգան և բուժում կստանան: Շատ պարզ կարելի է այդ ամենին հակադարձել, հասկանալով, որ մեզ կոտորեցի՞նք 84 միլիոնանոց Իրանի շուկայից օգտվել, կամ ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկայից օգտվելու հարցում մեզ կոտորեցի՞նք, որ հիմա էլ թուրքական շուկայից պետք է օգտվենք: Ինչ վերաբերում է հիվանդանոցներ բացելու հարցին, մի հատ նախ և առաջ տեսեք, թե ձեր առողջապահական համակարգն ինչ վիճակում է: Եթե այդպիսի նկատառում կա, ինչո՞ւ Մեղրիում գերժամանակակից հիվանդանոցներ չեն բացվում, որպեսզի իրանցիներին սպասարկեն»:

Էրդողանն օրերս հայտարարեց, որ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում արդյունքների հասնելու համար Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանային խաղաղության հնարավորություններից, և կարևոր է, որ Հայաստանը դրական քայլեր կատարի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար»։

Մենուա Սողոմոնյանը նկատեց. «Թուրքիայի նախապայմանները շարունակվում են, և դրանք ավելի են կոշտանալու: Այսուհետ պահանջելու են, որ Հայաստանն Արցախը ճանաչի՝ որպես Ադրբեջանի մաս, պահանջը պահանջի հետևից շարունակվելու է: Այն կեղծ ու շինծու թեզը, թե Թուրքիայի հետ հարաբերություններ նորմալացնելով՝ մեր անվտանգային խնդիրներն ենք լուծում… նույնիսկ դպրոցական աշակերտը, ով համաշխարհային պատմությունից տեղյակ է, հաստատ կասի, որ դիվանագիտական հարաբերությունները ագրեսիան զսպելու, չեզոքացնելու երաշխիք չեն: 1939թ. օգոստոսի 31-ի դրությամբ Մեծ Բրիտանիան և Գերմանիա, Ֆրանսիան և Գերմանիան ունեին դիվանագիտական հարաբերություններ, հաջորդ օրը նրանք պատերազմի մեջ էին: Ամբողջ խնդիրն այն է, որ իրենք այսպիսի հիմարությունները մարդկանց գլուխը լցնելու գործում վարպետ են, և դեռևս կարողանում են անել: Չնայած՝ նրանց վստահորդների բանակը կամաց-կամաց նվազում է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս