Ուշադրություն դարձրեք, թե որ փուլում է ՌԴ-ն սկսում խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին. վերլուծաբան

ՌԴ ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում կոնկրետ քայլերի է անցնում: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին ասել էր, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է այդ ձևաչափի աշխատանքի շարունակմանը, առաջին հերթին՝ իր մանդատին համապատասխան, հաշվի առնելով 2020 թվականից հետո ստեղծված տարածաշրջանային իրողությունները»,- ասել էր նա՝ հավաստիացնելով, որ իրենց մոտեցումը կիսում են Մինսկի խմբի գործընկերներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Ավելի վաղ ԵԱՀԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն էր մտահոգություն հայտնել, որ ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի միջնորդները 44-օրյա պատերազմից հետո` արդեն մեկ տարի, չեն կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: Լուկաշևիչը նշել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների վերջին հայտարարությունները հիմք են տալիս մտածելու, որ, այդուամենայնիվ, կհաջողվի հակամարտության գալարագիծը հաղթահարել և երկխոսություն սկսել, որը կօգնի փնտրել փոխզիջումային, երկու կողմերի համար ընդունելի որոշումներ: Ռուս դիվանագետն ընդունել էր, որ այս ուղղությամբ անցած տարի էական առաջընթաց չի արձանագրվել, և, որ գլխավոր ձեռքբերումը եղել է կրակի դադարեցումը` Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ:

«Թեև եղել են բավականին լուրջ միջադեպեր, որոնք որոշակիորեն սասանել են հրադադարի ռեժիմը, սակայն ընդհանուր առմամբ դրությունը կայունացել է, ինչը հնարավորություն է տվել անցնել տարածաշրջանային այլ խնդիրների քննարկման»,- ասել էր ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը՝ շարունակելով, որ դա և՛ եռակողմ խումբն է, որը գլխավորում են փոխվարչապետները՝ հաղորդակցության ու տնտեսական կապերի ապաշրջափակման համար, և՛ նոր խորհրդատվական ձևաչափի`«3+3»-ի մեկնարկն է, ինչպես նաև Ռուսաստանի խորհրդատվական օգնությունը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ուղղությամբ:

Ուշագրավ է, որ սա հետաքրքրական փոփոխություն է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության դիվանագիտական հռետորաբանությունում՝ հաշվի առնելով հանգամանքը, թե ինչպես էր ԵԱՀԿ ՄԽ դերը նսեմացվում 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ ստեղծելով դիվանագիտական բարդություններ ԵԱՀԿ ՄԽ վերականգնման համար:

Օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծելու միակ ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարբերակը։

Նրա խոսքով՝ մշտապես ասվում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, որը միակ տարբերակն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ։ Սակայն ավելի վաղ Միրզոյանը նաև նշել էր, թե նախ հումանիտար հարցերը պետք է քննարկվեն:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ պատերազմից հետո նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն էական առաջընթաց չէր ապահովելու, քանի որ պատերազմի արդյունքները և հրադադարի կնքման ձևաչափը փոխեց հակամարտության դիվանագիտական գործընթացը՝ ՌԴ-ին տալով աննախադեպ լծակներ հակամարտության ռեգիոնում:

Սակայն, ըստ նրա, ՌԴ-ն նաև հռետորաբանական մակարդակում էր Արևմուտքին, այս դեպքում՝ արևմտյան համանախագահ երկրների ներկայացուցիչներին հասկացնում, որ այս ռեգիոնում նրանց դերը սահմանափակվում է թեթև հարցեր կարգավորելու նեղ շրջանակով, խուսափելով քաղաքական խնդիրներից, որոնք բոլորը գտնվում են ՌԴ կարգավորման տիրույթում: Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, թե որ փուլում է ՌԴ-ն սկսում հղումներ կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին, երբ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները վերջին տարիների իրենց ամենալարված փուլն են ապրում:

Վերլուծաբանը շարունակեց՝ ասելով, որ ՌԴ-ն հասկանում է, որ համանախագահների մեկ կամ երկու այցը մեծ հաշվով ոչինչ չի փոխելու տարածաշրջանում, քանի որ միջնորդները պետք է փորձեն ծանոթանալ իրավիճակին, հասկանան՝ ինչ օրակարգով կարող են առաջ շարժվել, հատկապես, երբ չկա այդ օրակարգը, և կողմերից մեկը կտրականապես դեմ է այդ ձևաչափին:

Սակայն, Մաքֆարլեյնի կարծիքով, ՌԴ-ն շահում է այն, որ մի ճակատում կոշտ դիվանագիտություն է վարում, և ըստ էության ՌԴ-ն ու Արևմուտքը ցանկանում են երկխոսել, բայց ինչի շուրջ՝ հայտնի չէ, քանի որ շփման կետեր չկան, միայն պահանջներ են, իսկ մյուս կողմում իրեն դիրքավորում է՝ որպես արդյունավետ, ճկուն միջնորդ, վերականգնելով մի ձևաչափ, որտեղ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը կարողացել են համատեղ աշխատեղ:

«Սա ավելի շատ նմանվում է դիվանագիտական քայլի, իրավիճակ փոխելուն միտված գործողության ակնկալիքի, քանի որ ըստ էության բոլոր հարցերով զբաղվում է ՌԴ-ն: Այստեղ մեկ այլ պատճառ ևս կարող ենք դիտարկել, որ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերականգնումը կարող է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային ՌԴ-ի համար վերահսկելի դարձնել հակամարտության գոտում, այլապես նրանք իրենց հերթին կարող են սկսել սեպարատ աշխատել: ՌԴ-ն հասկանում է, որ կան թեմաներ, որոնք վաղ թե ուշ պետք է քննարկվեն կողմերի միջև հենց այդ ձևաչափով, ուստի նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում»,- ասաց նա:

Մաքֆարլեյնը, սակայն, լիահույս չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ ստեղծված այս իրավիճակը մոտ ապագայում կշտկվի:

«Կրկնեմ, որ այց հնարավոր է, բայց թե ինչ կփոխվի, և ինչու են իրականում վարանում համանախագահները՝ դժվարանում եմ ասել: Մինչ դա, իհարկե, ԵՄ-ն է փորձում աշխատել, ինչ-որ քայլեր է նախաձեռնում, բայց, իհարկե, հարավկովկասյան գործընթացները շատ են բարդացել նաև ուկրաինական կոնֆլիկտի պատճառով»,- ասաց փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս