«Վեդիում մարդկանց ուղղորդում են՝ Գարիկին ընտրեն. ոնց մարզպետ եղած ժամանակ, հիմա էլ, համայնքում իրան չե՛ն ընդունում․․․». Վեդիի բնակիչ

Վեդիում կրքերը չեն հանդարտվում, 168.am-ի՝ Վեդիի բնակիչ աղբյուրի փոխացմամբ՝ Գարիկ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում 50+1 տոկոս շեմը հաղթահարի և դառնա համայնքապետ։

«Ակտիվ քարոզչություն են տանում, մարդկանց արդեն իսկ սկսել են ուղղորդել, որպեսզի ՔՊ-ին ընտրեն, բայց սա մեծ, եվրոպական քաղաք չի, որ իրար չճանաչեն, կամ շուտ մոռանան, բոլորն էլ Գարիկին տեսել են մարզպետ ժամանակ, նրա կատարած գործը, հիմա էլ նույնն է, բան չի փոխվել, էնպես որ, ոնց մարզպետ եղած ժամանակ, այնպես էլ հիմա, համայնքում իրեն չե՛ն ընդունում․․․ Գարիկը ոնց կար, նույնն էլ մնացել է․ հըլը որ ուզում են իրենց տեղն ամրապնդեն, ամրապնդելն էլ գիտե՞ք ոնց է, տեսնեն՝ ով իրենց դեմ է, հանեն գործից, էս անեն, էն անեն․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Գարիկ Սարգսյանին դեմ լինելու պատճառներից մեկն էլ նրա՝ գյուղատնտեսությունից ոչ բավարար գիտելիքներ ունենալն է, իսկ Արարատի մարզում աշխատատեղերը շատ քիչ են, մարդիկ հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում։

Հարցին՝ բնակիչներն իրո՞ք այդպես են կարծում, որ Գարիկ Սարգսյանը գյուղատնտեսության ոլորտից չի՞ հասկանում, Վեդիի բնակիչը պատասխանեց․

«Գարիկ Սարգսյանը մարզպետ եղած ժամանակ անգամ չէր կարողանում հարց լուծեր, գյուղացիները խաղողը բարձած՝ գնում էին, մարզպետարանի շենքի մոտ բողոքի ակցիա անում, հիմա համայնքապետ լինելով՝ ո՞նց է նման հարցերը լուծելու, էլ չասեմ՝ հայտնի 40.000 հեկտարի պատմությունը։ Եթե ինքը գյուղատնտեսությունից հասկանար․ տեսեք՝ Գարիկին մականուն են կնքել, չէ՞, ինչի՞ համար, որովհետև ինքը չգիտի՝ որը որից հետո է, ու խոսում է, իրա անունը դրել են․․․ կոկորդիլոս… Չնայած կարող է՝ հիմա էլ որոշի Վեդիում կոկորդիլոսաբուծարան բացել, բայց մենք չենք ուզում, գոհ ենք, մի հատ հավ չի կարողանա պահի, ուր մնաց՝ կոկորդիլոս պահի, էղած ժողովրդին էլ կոկորդիլոսներն ուտեն․․․»։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ համայնքում դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են հավատալ Նիկոլ Փաշինյանին, հենց նրանք էլ Գարիկ Սարգսյանին ձայն տվողներն են․

«Ոնց որ հեղափոխությոնից հետո ժողովուրդը գնաց Նիկոլ ընտրեց, նույնն էլ հիմա է, իհարկե, անհամեմատ քչացել է նրանց թիվը, շատերը հասկացել են, տեսնում են, որ իրանց  հեղափոխությունից հետո, բացի Փաշինյանից, Ալեն Սիմոնյանից, մի խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնյաներից ու նրանց մերձավորներից որևէ մեկի կյանքը չի լավացել, ընդհակառակը՝ հացին սկսել են կակա ասել։ Հիմա էլ ժողովրդի այդ հատվածը, որ դեռ Նիկոլին հավատում են, լսում են՝ ընտրություն է, կարդում են՝ ՔՊ, գիտեն, թե Նիկոլ են ընտրում, դեկտեմբերի 5-ին էլ այդ մարդիկ ձայն են տվել ոչ թե Գարիկին, այլ Նիկոլին»։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հունվարի 4-ին որոշում ընդունեց՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել։

Նույն օրը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, իսկ ահա դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների ժամանակ Վեդի խոշորացվող համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

168.am-ը դեռ հունվարի 8-ին էր գրել, որ մեզ հասած տեղեկություններով, Գարիկ Սարգսյանին այս պաշտոնում նշանակելն ուղիղ կապ ունի առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ, այս մեթոդով փորձ է արվում անմիջական «վերահսկողության» տակ վերցնել պետական կառույցների աշխատակիցներին, նրանց՝ ընտրություններին պարտադիր մասնակցելու և հենց ՔՊ-ի օգտին քվեարկելու գործընթացը։

Եվ ահա հունվարի 13-ին Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը 16 համայնքապետերի ազատեց զբաղեցրած պաշտոններից և նոր նշանակումներ արեց։

Հատկանշական է, որ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացվող համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում ընդգրկված Լուսառատ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Սիրանուշ Ֆարֆարյանին փոխարինող չի եղել, նա մնացել է նույն պաշտնում։

Իսկ ահա հունվարի 15-ին ոստիկանները մտել էին ՏԻՄ ընտրություններին «Իմ հզոր համայնք» կուսակցության անդամ, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի տուն և բերման ենթարկել նրան։ Դրան հաջորդել էր վիճաբանություն, ոստիկանները ծեծի էին ենթարկել Անդրեասյանի որդուն և որդու ընկերոջը, բերման ենթարկել, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Անդրեասյանի որդուն կալանավորել են։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա ևս Գարիկ Սարգսյանի կազմակերպած շոուն էր, որով փորձում են լռեցնել ընդդիմադիր գործիչներին, թույլ չտալ մասնակցելու մարտի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

Ի դեպ, ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ:

168.am-ը տարբեր հարցերի շուրջ պարզաբանում ստանալու կապակցությամբ փորձեց կապ հաստատել Գարիկ Սարգսյանի հետ, բայց նա հերթական անգամ չպատասխանեց մեր զանգերին։

Տեսանյութեր

Լրահոս