Գարիկ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան քավոր-սանիկական կապերը կաշկանդել են ՀՔԾ-ին
Կառավարությունում, ըստ մեր աղբյուրների, նախօրեին լարվածություն է եղել, Նորաշեն համայնքի շուրջ ծավալվող իրադարձությունները հասել են «պիկին», Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ հանցագործություն կատարելու մասին հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ՀՔԾ ուղարկված բողոքից հետո, մեր տեղեկություններով, պարբերաբար դիմել է վարչապետին։ Ենթադրվում է՝ այստեղից մարզպետին միայն սատարող խոսքեր է լսել, որից հետո Պապիկյանը ստիպված դիմել է միջնորդությունների քայլին։
168.am-ի տեղեկություններով՝ մի քանի բանբերների միջոցով Ս. Պապիկյանը Նորաշենի պաշտոնանկ արված գյուղապետ Նորայր Գրիգորյանին խնդրել է, որպեսզի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ բողոքը ետ վերցնի ՀՔԾ-ից, սակայն Գրիգորյանը հրաժարվել է։ Ավելին, նա հույս ունի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մարզպետի քավոր-սանիկական հարաբերություներն այս անգամ դերակատարում չեն ունենա, և մտադիր է դատական կարգով խնդրին լուծում տալ, մինչև վերջ պայքարել։
Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանի սանիկ մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարվում է կատարել օրենքի պահանջը, համառորեն չի ցանկանում բեկանել կասկածելի հիմքերով Նորաշենում նոր ղեկավար նշանակելու իր կարգադրությունը։
«Վարչական դատարանը վարույթ է ընդունել մեր հայցադիմումը, որով վիճարկում ենք ավագանու արձանագրությունը, ինչը հիմք է հանդիսացել Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու համար, և ըստ այդմ վիճարկում ենք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու մասին մարզպետի կարգադրությունը։ Իսկ դա նշանակում է՝ օրենքի ուժով կասեցվում է վիճարկվող վարչական ակտերը մինչև Վարչական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, պարզ ասած՝ կասեցվում է մարզպետի կարգադրությունը և ավագանու արձանագրությունը»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանում է Նորայր Գրիգորյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ Հաջորդ քայլին փաստաբանը գրավոր միջնորդությամբ դիմել է նաև մարզպետ Գարիկ Սարգսյանին, որպեսզի նա վերացնի իր կարգադրության հիմքերը, օրենքի ուժով վերականգնվի նախկին վիճակը, և Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանը շարունակի պաշտոնավարել մինչև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։
«Սակայն մարզպետից անհասկանալի գրությամբ պատասխան ստացանք և դրանից հետո հիմնվելով այն փաստի վրա, որ գոյություն ունի ակտ, և մարզպետը հրաժարվում է կատարել օրենքի պահանջը, այս ամբողջ փաստաթղթերը կցելով՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցինք ՀՔԾ։ Եվ հակառակ մեր սպասումների՝ քիչ առաջ ՀՔԾ-ից ստացանք քրեական գործ հարուցելու մեր հաղորդման պատասխանը՝ մերժելու մասին, ըստ էության հիմնավորմամբ, որ մարզպետի տված բացատրությունը՝ դատարանի որոշումը չկատարելու մասով, ընդունելի է համարվել։ Որոշումը 10 էջանոց փաստաթուղթ է, իրավական գնահատականի համար ժամանակ է պետք, բայց այդ մի ընթերցումով հասկացա, որ հանրային գերակա շահով են պայմանավորել այս ամենը, ինչը, մեղմ ասած, հղում անելու համար շոշափելի հիմք չէ, ընկալելի չէ՝ որպես հիմք»,- նշեց փաստաբանը՝ խոստանալով առաջիկայում ընդգրկուն անդրադառնալ ՀՔԾ պատասխանին։
Ի դեպ, Վարչական դատարանի մասով Նորայր Գրիգորյանն ու փաստաբան Մակինյանը շարունակում են մեծ վստահություն ունենալ՝ անկախ այս ամենից, իրենց հակառակորդի պաշտոնական դիրքից և վարչապետի հետ ունեցած նրա քավոր-սանիկական կապերից։
Հիշեցնենք, Նորաշեն համայնքում գյուղապետի պաշտոնանկությունը հերթական դեպքն էր այն շարքից, երբ դատարաններում բազմաթիվ գործերով պատասխանող կողմ հանդիսացող մարզպետ Գարիկ Սարգսյանը հարկադրանքով աշխատանքից ազատում է մարզպետարանին ենթակա հիվանդանոցների, դպրոցների և այլ հաստատությունների տնօրեններին։ Նորաշեն համայնքի ղեկավարին նա աշխատանքից հեռացրել էր 1 ամիս առաջ։
Օրեր շարունակ համայնքի բնակիչները Նորաշենում և Արարատի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին։ Դրանից հետո նորաշենցիները բողոքի ցույցով տեղափոխվեցին Երևան՝ Կառավարության շենքի առաջ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից նրանք պահանջում էին անձամբ պարզաբանում տալ իրենց։
Սյուզի Բադոյան