Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 3-րդ հայցն է ներկայացվել դատարան
Վեդիի բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին ղեկավար, վիրաբույժ Մելքոն Տալոյանը բողոք է ներկայացրել մարզպետի դեմ՝ աշխատանքից իրեն ազատելու հրամանը բողոքարկելու նպատակով:
Հիշեցնենք, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջինն «ազատվեց» Արտաշատի, Մասիսի և Վեդու բժշկական կենտրոնների ղեկավարներից: Երեքն էլ քննությունն անցել, նոր էին նշանակվել իրենց պաշտոններում: Ի դեպ, նույնն էր նաև այս երեք անձանցից ազատվելու մարզպետի ձեռագիրը, գործի դրած միջոցներն ու ժամանակահատվածը:
Նույնն է նաև մարզի բուժկենտրոնները ղեկավարած այս երեք բժիշկների պահանջը դատարանից՝ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցերում երեքն էլ վիճարկում են իրենց մասով մարզպետի կամայական հրամանը:
Վեդու ԲԿ ղեկավարն աշխատանքից ազատելու մարզպետի որոշումը բացառապես անձնավորված է համարում: 168.am-ի հետ զրույցում Մելքոն Տալոյանը մանրամասնում է մարզպետի դեմ հայցի և նրա հետ ունեցած լարված հարաբերությունների մասին:
«Գարիկ Սարգսյանի հետ անձամբ ծանոթ չեմ եղել, մինչև մարզպետ նշանակվելը որևէ ֆորմատով շփումներ չեն եղել, սակայն մեր հարաբերություններում առկա լարվածությունը, որ այդքան խոր նստվածք է թողել իր վրա, իրականում իր մերձավորի քաղաքական պարտության հետ է կապված, այդ պատմությունը գալիս է դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից: Արալեզ համայնքում, որտեղ իմ բնակավայրն է, հայրական օջախս է նաև այդ գյուղում, 2012-ի խորհրդարանական ընտրություններին աջակցում էի ընկերոջս՝ ՀՀԿ-ից ներկայացված Արայիկ Գրիգորյանին (Ավշարի Արայիկին):
Հակառակորդ թեկնածուն, որը մարզում Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանն էր («Հանրապետություն» կուսակցությունից), սեփական գյուղում խայտառակ պարտություն կրեց և դա չի մարսել մինչ օրս: Հենց այդպես էլ ասաց, նույն օրը՝ խմբված մարդկանց մեջ բացեիբաց հայտարարել էր, որ Տալոյանից վրեժխնդիր է լինելու: Եվ այսօր Թևոնյանը հիշել է իր քաղաքական ընտրարշավում չմարսած պարտությունը ու «փաթաթել» է գործադիր իշխանության ներկայացուցիչ երիտասարդ մարզպետի վզին՝ օգտվելով նրա փորձառության պակասից, խորհրդատու է դարձել, զանազան հարցերում աջակցում է, ուղղորդում, ու վստահությունը չարաշահելով՝ մարզպետի ձեռքով մարզից շատերի դեմ սեփական վրեժն է լուծում: Մարզպետը զոհ է, գործնականում այդ մարդուն երբեք չհետաքրքրեց մարզի հիվանդանոցներում բուժանձնակազմի աշխատանքի որակը, մեր կադրային, տեխնիկական ռեսուրսները, ակնկալիքները՝ իրենից, հեղափոխությունից, ինքն այդ լրջությունը չունեցավ»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վեդու ԲԿ նախկին ղեկավարը:
«Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց առաջ դեռ գիտեի, որ մահակով առաջինն իմ հետևից է ընկելու: Եվ չսխալվեցի… սկզբում հասկացրեց, որ կամովի հեռանամ, հետո սրա-նրա միջոցով խաբար ուղարկեց, սպառնաց, թե՝ բան-ման կբացահայտեմ, թող գլխին փորձանք չբերի, նորից հրաժարվեցի: Փորձ արեցի դեմ առ դեմ խոսել, մտածելով՝ գործատու-ենթակա փոխհարաբերություններ են, կարելի է պարզաբանել, հարթել, բայց խուսափեց, ստացված միակ հանդիպմանն էլ մարզպետը «մեծահոգաբար» խորհուրդ տվեց՝ գնա ազատման դիմումդ գրի, գնա արձակուրդ՝ ինչքան կուզես հանգստացի: Ու այսպես սադրանքներով ու շանտաժներով մարզպետի հետ հեռակա դիսկուրսն ամիսներ տևեց:
Փորփրեց, անվերջանալի ստուգումներ իրականացրեց, հետո հարկադրեց ազատման դիմումս գրեմ, դարձյալ հրաժարվեցի, իսկ այդ ամբողջ ժամանակահատվածում շուրջ 10 հոգու հրավիրում էր կաբինետ, իմ պաշտոնն առաջարկում, հրաժարված կոլեգաներս էլ դուրս էին գալիս ու զանգում էին ինձ: Վերջին թեկնածուն, ում վրա նա կանգ առավ, իմ տեղակալն էր: Սամվել Խաչատրյանը ևս հրաժարվել էր գնալ մարզպետի հետ դավադիր գործարքին, բայց երբ եկավ ինձ պատմեց, խնդրեցի վերադառնալ մարզպետարան և համաձայնություն տալ, միայն թե իմ փոխարեն օդից մեկին չնշանակի, ու գա ստեղծածը վարի տա: Այդպես էլ եղավ: Մարզպետը տեղակալիս համաձայնությունը ստանալով՝ անմիջապես իր ձեռքով ազատմանս հրամանը տվեց»:
Վիրաբույժ Մելքոն Տալոյանը հեռացել է մարզից, աշխատում է Երևանի միաժամանակ երկու հիվանդանոցներում՝ «Արամյանց» և «Էլիտ Մեդ» ԲԿ-ներում: Երևան է տեղափոխվել նաև Արտաշատի ԲԿ-ից մարզպետի ձեռամբ հեռացված ղեկավարը, նրան ազատման հենց հաջորդ օրն իր մասնավոր՝ «Վարդանանց» կլինիկայում աշխատանքի է տեղավորել ՀՀ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը՝ որպես անեսթեզիոլոգ:
Ստացվում է, որ նոր իշխանությունների հռչակած Նոր Հայաստանում ուրբանիզացիայի խնդիրը լուրջ է լինելու, պաշտոնյաների արձակած հրամաններն ի բարօրություն մեկի և ի վնաս մի ամբողջ մարզի ազգաբնակության առողջության պահպանման կարող են լինել: Ինչ խոսք, հնարավոր է՝ մարզպետ Գարիկ Սարգսյանն ունի լայն հնարավորություններ, ինչպես նաև գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանը, և իրենց կարող են թույլ տալ անհրաժեշտության դեպքում ընտանիքի անդամների բժշկվելու համար դիմել Երևանի կամ արտասահմանյան երկրների լավագույն կլինիկաներ: Իսկ մեղավո՞ր են արդյոք օրվա հացով ապրող խեղճ գյուղացիները, որոնք այս երկու անձանց քմահաճույքների զոհը պիտի դառնան: Չէ՞ որ մարզը դատարկել են բժիշկներից, և սա արդեն լուրջ հարց է, որ պիտի Առողջապահության նախարարության, Տարածքային կառավարման նախարարի և Արարատի մարզի բնակիչների ուշադրության տիրույթում գտնվի:
Հ.Գ. Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի մտերիմ բարեկամ Ռազմիկ Թևոնյանն Արարատում ավանդաբար առաջադրվել է խորհրդարանական ընտրություններին՝ «Հանրապետություն» կուսակցությունից, ու այդպես էլ չի ընտրվել, բայց այսօր նրա որդին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: