Բաժիններ՝

Արարատցի գործարարները մերժել են կոկորդիլոսասեր մարզպետին. մանրամասներ Ֆորումից

Արարատի մարզում իշխող ուժի կազմակերպած ««Իմ քայլը»՝ հանուն Արարատի մարզի» տնտեսական ֆորումը շարունակում է մնալ մարզի ամենաակտուալ քննարկումների թեման:

Մարզի պոտենցիալ ներդրողները, տարիների կայացած գործարարներն ու ազդեցիկ դեմքերը չեն մասնակցել այդ ֆորումին։

Հավաքին ներկա չեն գտնվել «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը, «Ավշարի գինու գործարանի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանը (ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ավշարի Արայիկը), «Սպայկա» ընկերությունը, Հովիկ Աբրահամյանի սեփականություն հանդիսացող ձկնաբուծարանի ղեկավարությունը, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը», Յուվեցի Կարոյի տղան՝ «Շահումյան վինի» սեփականատերը, Ալիկ Սարգսյանի հանքի  ներկայացուցիչները և ընդհանուր առմամբ՝ հանքարդյունաբերողներից որևէ մեկը։ Պատճառն այն է, որ մարզպետին մարզում լուրջ չեն ընկալում:

Գաղտնիք չէ, որ այս մարզը հարուստ  է ոչ միայն խմիչքների գործարաններով, այլև ունի քարի, ցեմենտի, ավազի տասնյակ հանքեր և  միշտ համարվել է երկրի ամենահարուստ մարզը: Բայց,  ինչպես երևում է, հարուստ մարզի հարուստները  չէին ցանկացել մասնակից դառնալ «Իմ քայլը» տերմինը  բրենդինգ անող Փաշինյանի  կազմակերպած ֆորումին։ Ավելին, մեր տեղեկություներով, նրանցից ոմանք նույնիսկ  թույլ չեն տվել՝ մարզպետ Գարիկ  Սարգսյանը դիմի իրենց ֆորումին մասնակցելու և աջակցելու համար:  Իսկ աջակցությունը պետք է լիներ հովանավորչական փաթեթով, քանի որ մարզպետարանին վերևից հրահանգված է եղել իր սեփական  միջոցներից 1 մլն դրամից ավելի գումար չծախսել:

Ի դեպ,  մեծածավալ  պրոֆեսիոնալ լեդ էկրաններով, լուսային բարձրակարգ տեխնիկայով զինված  միջոցառումը, ասում են, լուրջ կիքսեր է տվել: Միջոցառման գլխավոր փորձի ժամանակ անփորձ մարզպետ Գարիկ Սարգսյանն ինչ-որ պահի կանգնել է փաստի առաջ, ծախսերը չեն հերիքել,  փողի պակասի պատճառով ընկել է ցայտնոտի մեջ: Ժամեր անց,  իհարկե, խնդիրը լուծվել է, բայց թե ով է  վերջին պահին իր վրա վերցրել մարզպետի բեռը,  մեր աղբյուրին  հայտնի չէր:

Թվարկելով ֆորումին բացակա մյուս ընկերություններին, մեր աղբյուրը նաև հիշատակեց շինանյութի ոլորտում հայտնի «Շեն կոնցեռնի»  մարզի ներկայացուցչությունը, աղբյուրի ջրերի գործարանը և կաթնամթերի արտադրությունը,  այդ թվում՝ «Վեդի Պլաստ» ընկերությունը, որի սեփականատերն է Արմեն Պողոսյանը: Նա իր զարմանքը հայտնեց, որ մարզում կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող այս մեծ ընկերությունը հարկ չէր համարել ներկայանալ իշխող ուժի կազմակերպած տնտեսական «շոուին», մանավանդ, որ «40.000 հեկտար կաթիլային ոռոգման» մասին մարզպետի  հայտնի զավեշտալի դեպքից հետո Գարիկ Սարգսյանն  այս ու այն կողմ արդարանում է, թե «կիքս» տալու պահին իր մտքում երազել է այդ մասին, և որ, միևնույն է, այսօր էլ   փայփայում է երազանքը՝  մարզը հասցնել  զարգացման այդ կետին:

Ի դեպ, այսքան բացակաների ֆոնին ելույթով փայլել է կոկորդիլոս բուծող մարզպետի սիրելի թեկնածուն: Ներդրող ներկայացած անձն իր երկարաշունչ ելույթով մի լավ ուրախացրել  ու թարմացրել  է էներգիան սպառած՝ ֆորումի բոլոր մասնակիցներին:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս