Իրանի և ՌԴ նախագահների հանդիպման ընթացքում հնարավո՞ր է՝ հիմք դրվի հակաարևմտյան դաշինքի ձևավորմանը

Այսօր առավոտյան Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին  Թեհրանից Մոսկվա է մեկնել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով։ «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝  երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ՝ ինչպես Իրանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների, այնպես էլ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ։

«Այցը կկենտրոնանա տարածաշրջանային դիվանագիտության խթանման վրա»,- «Մեհրաբադ» օդանավակայանում մեկնելուց առաջ լրագրողներին ասել է Ռաիսին:

Նա նաև հավելել է, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները կկանխեն միակողմանիությունն աշխարհում և կստեղծեն անվտանգություն տարածաշրջանում:

Երեկ նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը պատրաստվում են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել։

168.am-ն այս հայտարարությունների համատեքստում իրանագետ Գարիկ Միսակյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ ականատես լինենք Իրան-ՌԴ-Չինաստան դաշինքով ընդդեմ ՆԱՏՕ-ի՝ Արևմուտքի դաշինքի ստեղծմանը:

Իրանագետն ի պատասխան՝ նախ անդրադարձավ ՌԴ-Իրան հարաբերություններին՝ նկատելով, որ դրանք վերջին շրջանում տարբեր ոլորտներում զարգանում են: Նա հիշեցրեց, որ մինչև նախագահի այցը եղել էին  նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր՝ Իրանի նախկին ու ներկա ԱԳ նախարարների, Իրանի ԶՈՒ ԳՇ պետի այցերը ՌԴ, որտեղ վերջինը  նշել էր նաև ռազմական ոլորտում համագործակցության մասին:

«Այսինքն՝ տարբեր ոլորտում են այդ համագործակցությունները: Իսկ Ռաիսիի այցի շրջանակներում նաև խոսվում է Ռուսաստանի և Իրանի միջև հնարավոր երկարաժամկետ անվտանգային համագործակցության պայմանագրի կնքման մասին՝ նույն Չինաստանի հետ Իրանի պայմանագրի օրինակով, սակայն վերջնական չէ և հաստատ չէ, որ դա կնքվելու է հենց Ռաիսիի այցելության ընթացքում»,- իրանական ԶԼՄ-ներում ու փորձագիտական շրջանակներում առկա քննարկումներն ամփոփելով՝ նշեց Գարիկ Միսակյանը:

Անդրադառնալով Արևմուտքի դեմ հնարավոր դաշինքի ստեղծմանը՝ նա նկատեց, որ  թեև ՌԴ-ն կարող է փորձել նման քայլ իրականացնել, բայց Իրանը սա դիտարկելու է իբրև երկկողմ պայմանավորվածություն, նաև փորձելով ապահովագրել իրեն՝ Արևմուտքի հետ հնարավոր խնդիրներից:

«Այսինքն՝ որոշակիորեն սա կարելի է համարել հակաարևմտյան ուղղության համաձայնություն, բայց ոչ ՆԱՏՕ-ի դեմ ռազմավարական երկարաժամկետ պայմանավորվածություններ և այլն, քանի որ Իրանն Արևմուտքի հետ ներկա պահին լուծում է իր Միջուկային համաձայնագրի հետ կապված խնդիրները: Իրանը սպասելու է Վիեննայի բանակցությունների ավարտին, նոր տեսնի՝ ՌԴ-ի հետ ինչ համաձայնության է գալու»,- եզրափակեց իրանագետը:

Տեսանյութեր

Լրահոս