«Հրթիռների որակի վերաբերյալ եզրակացություն անելու համար անհրաժեշտ էր իրականացնել փորձաքննություն և փորձարկում». Դավիթ Գալստյանի փաստաբանը՝ Դատախազությանը

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն անդրադարձ է կատարել Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարված հրթիռների մասով դատարան ուղարկված քրեական գործին։ Դատախազի տեղակալը պնդել է, որ 2018 թվականին մատակարարված հրթիռները երկու անգամ ավելի թանկ են եղել, քան 2011-ին մատակարարվածները, և, որ դրանք եղել են ժամկետանց, ինչի մասին «անորակ հրթիռների» գործով անցնող ՊՆ և ԳՇ պաշտոնյաներն իմացել են:

168.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը Գլխավոր դատախազի հարցազրույցում հնչած հայտարարությունները որակեց մանիպուլյատիվ, որով, ըստ նրա, փորձ է արվում իրականությունը խեղաթյուրելով, գործի կարևոր հանգամանքները միտումնավոր թաքցնելով՝ ստեղծել տպավորություն, թե իրականացվել է օբյեկտիվ նախաքննություն և դրա արդյունքում հաստատվել է Դավիթ Գալստյանի առնչությունը իրեն մեղսագրվող արարքի հետ։

«Սակայն իրականությունը լրիվ այլ է և պարոն Գալստյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ։ Այսպես, պարոն Բաղդասարյանը հայտարարեց, որ 2018 թվականին մատակարարված հրթիռները երկու անգամ ավելի թանկ գնով են մատակարարվել, քան 2011 թվականին մատակարարվածները, մասնավորապես, 2011 թվականին դրանք մատակարարվել են 660 ԱՄՆ դոլարով, իսկ 2018 թվականին՝ 1100 ԱՄՆ դոլարով` միտումնավոր թաքցնելով այն փաստը, որ նույն հրթիռները 2012 թվականին ՀՀ ՊՆ-ին մատակարարվել է 1200 ԱՄՆ դոլարով, 2013 թվականին Դավիթ Գալստյանին պատկանող ընկերության կողմից նույն հրթիռները արտահանվել են երրորդ երկիր՝ միավորի գինը 1800 ԱՄՆ դոլարով, իսկ 2018 թվականի մատակարարումների ժամանակ մատակարար ընկերությունը բանակցություններ է վարել այլ գնորդների հետ` միավորի գինը 1600 ԱՄՆ դոլարով վաճառելու համար:

Նշածս բոլոր հանգամանքները հաստատվել են քրեական գործում առկա նյութերով, և դրանք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից շրջանցելը նպատակ է հետապնդում ստեղծել սխալ կարծիք, թե իբր հրթիռները մատակարարվել են շուկայականից բարձր գներով։ Գ. Բաղդասարյանը իր խոսքում նշել է, որ 2018 թվականին մատակարարված հրթիռները եղել են անորակ` միաժամանակ չբացառելով, որ փորձարկման արդյունքում կարող են նաև լինել պիտանի հրթիռներ և պայթել։ Ցանկանում եմ հիշեցնել, որ ողջ նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը պնդում էր, որ որակի վերաբերյալ եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է իրականացնել փորձաքննություն և փորձարկում, որը այդպես էլ չկատարվեց։

Իսկ այժմ ՀՀ գլխավոր դատախազությունը, որը ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ի թիվս այլ գործառույթների, պարտավոր է իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով հայտարարում է, որ մատակարարված 4232 հատ հրթիռներից կլինեն այնպիսինները, որոնք կհամարվեին որակյալ։ Մատակարարված հրթիռները եղել են պիտանի, դրանք կիրառվել են թե զորավարժությունների, և թե 44-օրյա պատերազմի ժամանակ, և դրանց մասով որևէ խնդիր չի արձանագրվել։ Նույն կարծիքին է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը, որը հրթիռների որակի հետ կապված վերջերս մեր կողմից կատարված հարցմանը պատասխանել է՝ բացասական երևույթներ չեն արձանագրվել։ Այսինքն, տվյալ դեպքում գնորդ կողմ հանդիսացող, դրանք կիրառող Պաշտպանության նախարարությունը ասում է, որ մատակարարված հրթիռների որակի մասով որևէ խնդիր չկա, սակայն ԱԱԾ-ն և դատախազությունը պնդում են, որ դրանք եղել են անորակ։ Սա իրականում զավեշտ է»,- շեշտեց Դավիթ Գալստյանի պաշտպանը:

Ինչ վերաբերում է հրթիռների ժամկետանց լինելու մասին դատախազության պնդմանը, Անդրիկյանը պնդեց՝ այն ևս չի համապատասխանում իրականությանը, և որ քրեական գործում առկա է փաստաթուղթ, որով կարգավորված են ՌԴ-ում տվյալ հրթիռների պահպանման առանձնահատկությունները։

«Այդ փաստաթղթով պահպանման ժամկետ նշված է 30 տարին։ Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա պետք է փաստենք, որ մատակարարված հրթիռները ամբողջությամբ եղել են ժամկետի մեջ։ Տվյալ դեպքում նշված խնդիրների վերաբերյալ պարոն Բաղդասարյանի կողմից հրապարակած սխալ, քրեական գործի նյութերից չբխող տեղեկությունները, մեր կարծիքով՝ նպատակ են հետապնդում դատական նիստից առաջ ճնշում գործադրել դատարանի վրա` դրանով փորձ անելով երկարաձգել Դավիթ Գալստյանին ապօրինի կալանքի տակ պահելու գործընթացը»,- եզրափակեց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը:

Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Իշխանությունները հակված են, որ գործի քննությունը դռնփակ լինի, Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի պաշտպանական թիմերը հակված են, որ դատական նիստը դռնբաց լինի, հատկապես, երբ մատակարարված հրթիռների քանակի ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով բացահայտված են:

Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ՝ եթե ՊՆ և ԳՇ պաշտոնյաները, ըստ Գլխավոր դատախազության, իմացել են հրթիռների ժամկետանց լինելու մասին, Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար և պատերազմական իրավիճակում գերագույն հրամանատար, արդյո՞ք չի իմացել այդ մասին: Այս հարցի և՛ այո-ն, և՛ ոչ-ը, բնավ, չեն խոսում Նիկոլ Փաշինյանի օգտին, ով, ի դեպ, չի թույլատրել, որ ՊՎԾ-ն ՊՆ-ում ստուգումներ իրականացնի: Եվ եթե ԱԱԾ-ն պնդում է, որ մատակարարված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ապա հետաքրքիր կլիներ քաղաքական իշխանություններից նաև լսել, թե ինչ ազդեցություն է ունեցել այս հանգամանքը պատերազմի ելքի վրա, և արդյո՞ք այս հարցը բարձրացվել է, երբ Դավիթ Գալստյանը պատերազմի ժամանակ եղել է հրամանատարական կետում:

Տեսանյութեր

Լրահոս