«Երևի այնքան լավ էր վիճակը, որ հայերը չդիմացան այդ լավ պայմաններին, և պակասեցին»․ թուրքագետը հակադարձում է իշխանական պատգամավորին
Հայ-թուրքական հարաբերությունների մասին իշխանական ու մերձիշխանական շրջանակներից հնչող լավատեսական սպասումների պակաս չկա։ Լավատեսության հերթական չափաբաժինը երեկ խորհրդարանում լրագրողներին փոխանցել էր ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Պատգամավորը նախ վստահեցրել էր, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ասել են, թե հայերը Թուրքիայում տնտեսապես շատ լավ են իրենց զգում, ապա նկատել էր՝ հարաբերությունների կարգավորումից հետո «մեր սահմանից այն կողմ՝ Ղարս և մնացած տարածքների, մինչև 200 կիլոմետր, բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունում»։
Ի պատասխան լրագրողների հարցերին, թե՝ դուք հա՞շտ կապրեք այն մարդու հետ, որը սպանել է հայ երեխայի, ձեր պապերին, Խ․ Սուքիասյանը նշել էր․
«Վերջ տվեք, այս ձևով մենք իրար հետ չենք շփվելու… Ձեզ սպանել են… Ձեզ էլ են սպանել, մնացածին էլ են սպանել․ անգլիացիներին էլ սպանել են ֆրանսիացիները, ֆրանսիացիները՝ անգլիացիներին, գերմանացիներն էլ՝ նրանց: Ցեղասպանություն եղել է հրեաների, այսօր գերմանացիների հետ հաշտ ապրում են»:
Լրագրողների հստակեցմանը, թե Գերմանիան ճանաչել է այդ ցեղասպանությունը՝ պատգամավորն արձագանքել էր, որ հիմա իրենք էլ այդ ուղղության վրա են, ու հավելել է, թե հարաբերությունների հաստատումից հետո, որպես հարևան պետություն, այդ հարցում ավելի առաջընթաց կունենանք։
168․am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը շեշտեց՝ հարաբերությունների հաստատումը կնշանակի՝ մոռանալ ճանաչման ու պահանջատիրության մասին։
Հարցին, թե օբյեկտի՞վ են թուրք պաշտոնյաների՝ Թուրքիայում ապրող հայերի մասին հավաստիացումները, որոնց մասին նշել է Խաչատուր Սուքիասյանը, թուրքագետը պատասխանեց պատմական ակնարկով․
«Օսմանյան կայսրության առաջին մարդահամարի ժամանակ՝ 1844 թվականին, Օսմանյան կայսրության բնակիչների միայն 47 տոկոսն էին մուսուլման, 50 տոկոսը քրիստոնյա էին, որոնց թվում կային 2.4 միլիոն հայեր։ 1915 թվականին մոտավորապես նույն պատկերն էր, իսկ 1915 թվականից հետո արդեն պատկերը ցավալիորեն այլ էր։
Իմ մանկության ժամանակ՝ դեռ մի քանի տասնյակ տարի առաջ, Թուրքիայում ապրում էր մոտ 200.000 հայ, իսկ այսօր Թուրքիայում ապրում է 80 միլիոն մարդ, որոնցից միայն 30.000-ն է հայ․ երևի այնքան լավ էր վիճակը, որ հայերը չդիմացան այդ լավ պայմաններին և պակասեցին՝ հեռանալով արտերկիր»։
Թուրքագետը հիշեցրեց, որ թուրքական հանրապետության հաստատումից հետո ևս հայերն ու մյուս քրիստոնյաները պարբերաբար ենթարկվել են ճնշումների․ «Ունևորության, տուրք, պոգրոմներ, Սեպտեմբերի 6-ի դեպքեր և այլն»։
Ի դեպ, այս համատեքստում Տիրան Լոքմագյոզյանը նշեց նաև Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչիի՝ ոչ վաղ անցյալում կատարված աղմկահարույց սպանությունների մասին։
Արձագանքելով հայերի տնտեսական դիրքերի մասին դիտարկումներին՝ նա տեղեկացրեց, որ թեև հաջողակ մի քանի հայ առևտրականներ, գործարարներ կան, սակայն այնպես չէ, որ Թուրքիայի ամենալավ դիրք ունեցող առևտրականներն ու գործարարները հայեր են։
«Միլիարդների հասնող կարողություն ունեցող թուրքեր կան, որոնք, իմիջիայլոց, հայկական փողերով են հարստացել։ Մի քանի հարուստ հայեր կան այսօր, ու նրանցից մեկը, օրինակ, հայտնի պարոն Շիրինօղլուն է, որը թուրքերին հաճոյանալով է իր գործերն առաջ տանում։ Այսինքն՝ փոքր հարուստներից լինելով հանդերձ, եթե հայությունը մոռացած չլինի և շարունակ չգովաբանի Էրդողանին, Թուրքիային և այլն, նա էլ չի կարող այդ դիրքում մնալ։ Սա Օսմանյան կայսրությունից եկող դրվածք է»,- եզրափակեց թուրքագետը։