Աշխարհաքաղաքական ի՞նչ հարց են լուծում Երևանն ու Անկարան

Օրերս մեկնարկած հայ-թուրքական երկխոսության առանցքային թեմաներից մեկն այս փուլում դարձել է Մոսկվայի միջնորդության և դրանից ազատվելու հարցը:

Ինչպես հայտնի է, հունվարի 14-ին Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն.

«Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- ասված էր ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարությունների տարածած հաղորդագրություններում։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել կառուցողական և չքաղաքականացված երկխոսություն վարել։

«Ուղիղ շփում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև։ Կողմերը ցույց են տվել իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, չքաղաքականացված ձևով և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» պարզից բարդի անցնելով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփման ուղիներ որոնելը, ինչը կաշխատի ի շահ երկու երկրների ժողովուրդների և տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման։

Ուշագրավը, սակայն, այն հանգամանքն է, որ մինչ Մոսկվայում տեղի ունենալիք հանդիպումն արդեն սկսեց քննարկվել Մոսկվայի միջնորդությունից ազատվելու և ուղիղ շփումներ հաստատելու հարցը, չնայած հայ-թուրքական շփումն այս էտապում հաստատվել է ՌԴ միջնորդության հետևանքով: Ի դեպ, այդ հանգամանքն առաջինը բարձրաձայնողներից մեկը հենց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն էր: Հայաստանից այս հարցով «կտրուկ շարժումներ» չեն անում, միայն նշում են, որ պատրաստ են հանդիպումների այլ մայրաքաղաքներում: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, «Ազատություն» ռադիոյակայանի հետ զրույցում ասել է.

«Ընդհանուր առմամբ նաև կարող եմ ասել, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկի հնարավոր տեղի ընտրության հարցում համաձայնությունը նաև Թուրքիայինն է եղել, այսինքն` համաձայնությունը, որ տեղի ունենա Մոսկվայում, ընդհանուր առմամբ երեք կողմն էլ համաձայնություն է տվել: Մենք բաց ենք, որպեսզի գտնենք հնարավորություններ` քննարկելու նաև այլ տեղեր. հաջորդ հանդիպումները կարող են լինել և՛ Երևանում, և՛ Անկարայում, պետք է քննարկենք և հասկանանք»:

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ և վերլուծաբաններ ևս մինչ այս հանդիպումը և դրանից հետո արդեն ակտիվորեն շրջանառում են թեման, որ Անկարան ցանկանում է հաստատել ուղիղ շփում առանց միջնորդների, ինչը, ըստ այդ հրապարակումների, նաև ինչ-որ առումով եղել է առաջին հանդիպման թեման, իսկ առաջին հանդիպումը բովանդակային առումով թույլ է եղել: Այսինքն՝ հայ-թուրքական երկխոսության մեկնարկային փուլում կա Մոսկվայի միջնորդությունից ազատվելու խնդիր, թեև Մոսկվան տարածաշրջանային 3+2 ձևաչափի, հայ-թուրքական երկխոսության և հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման կողմնակիցներից է:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, դատելով հանդիպմանը նախորդած թեժ իրադարձություններով լի մեկ տարվանից և ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների բարդ բնույթից, կարելի է ասել, որ որքան էլ ցանկություն կա շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, դա լինելու է երկարատև գործընթաց, քանի որ օրակարգը շատ ավելի լայն է, քան կարելի է պատկերացնել:

Ըստ նրա, կողմերն ուղիղ կերպով չեն նշում այդ օրակարգը, բայց տարածաշրջանում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը ենթադրում է, որ սա այլևս շատ ավելի լայն օրակարգ ենթադրող հարց է:

«Չեմ կարծում, որ նույնիսկ շատ արագացնելու դեպքում հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում հանգել դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ բոլոր խնդիրների կարգավորման»,- ասաց Տարասովը:

Նրա կարծիքով, Մոսկվայի միջնորդությունից հեռանալու համար կան աշխարհաքաղաքական պատճառներ, որոնք պայմանավորված են այս գործընթացի նկատմամբ Արևմուտքի դիրքավորումով և Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններով: «Շատ ավելի հեռուն գնացող մեկնաբանություններ կարելի է անել այդ հարցի վերաբերյալ, սակայն դեռ վաղ է, պարզապես ասեմ, որ ԱՄՆ-ը մի շարք քայլերով, որոշումներով նպաստել է, որպեսզի Թուրքիան համաձայնի սկսել այս գործընթացը, այսինքն՝ ԱՄՆ-ը ունի որոշակի դերակատարություն այս գործընթացում, և միջնորդական դերը լիովին Մոսկվային տալը կողմերը նպատակահարմար չեն համարում, քանի որ յուրաքանչյուրն իր քաղաքականությունն ունի, և Մոսկվայի համար ամեն ինչ չէ, որ վերահսկելի է: Շատ գործընթացներ Մոսկվայի վերահսկողությունից դուրս են, բայց Մոսկվայի համար կարևոր է նաև տարածաշրջանի ապաշրջափակումը, որը պատերազմից հետո տեղի չի ունեցել այս բազմաբնույթ տարաձայնությունների պատճառով»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս