Բաժիններ՝

Ով զանգում՝ հարցնում է, թե կարո՞ղ է մեքենայի փոխանակումը հետաքրքրի. հունվարի 1-ից հին մեքենան նորով փոխարինելու օրենքը սխալ են հասկացել

Հունվարի 1-ից մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տալ դիլերների և փոխարենը՝ վերցնեն նոր մեքենաներ։ Այս մասին դեռևս հունվարի 5-ին՝ Կառավարության նիստի ընթացքում, հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ու հիշեցրել ավտոմեքենաների թրեյդերի մասին օրենքը։

«Մենք կարգավորումները փոխեցինք այնպես, որ հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի։ Ճիշտ է՝ նոր մեքենաների դիֆիցիտ կա, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր, լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ փոխեն իրենց մեքենաները»,- նշել էր Քերոբյանը։

Պարզվում է՝ դիլերների միջոցով մեքենաների թարմացումը նորություն չէ ավտոշուկայում: Նորությունը նախորդ տարի ընդունված հարկային փոփոխություններն են, որոնք կբացառեն կրկնակի հարկումը փոխանակման գործարքների ժամանակ։

Նմանատիպ գործարքներ Հայաստանում շատ վաղուց են արվում, սակայն վերջին ժամանակներում դրանց թիվը նվազել է հարկային ոչ բարենպաստ դաշտի պատճառով։

«Այսինքն, առաջ պետությունը ճանաչում էր երկու տարբեր գործարքներ ու երկուսից էլ հարկ էր ուզում: Հիմա արդեն ճանաչում է՝ որպես մեկ գործարք: Հենց դրա պատճառով էր սերվիսը հրաժարվում ֆիզիկական անձից մեքենա ընդունել»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը:

Սակայն այստեղ մեկ խնդիր կա. շատ վարորդներ մտածել են, թե մեքենան փոխանակելու հարցով կարող են դիմել նաև ավտոներկրողներին:

«Շատերը չգիտեն, որ սա վերաբերում է պաշտոնական ներկայացուցիչներին: Աշխարհի շատ երկրներում այս մեթոդն աշխատում է: Սակայն շատ վարորդներ սխալ են հասկացել, ու ով զանգում՝ հարցնում է, թե կարո՞ղ է փոխանակումը հետաքրքրի: Այդպես էլ պետք է լիներ, սերվիսի գումար չունի մեր ժողովուրդը: Հունվարի 1-ից իրենց հին մեքենաները կարող են փոխանակել նոր մեքենաներով ավտոսրահներում, իհարկե, գումար ավելացնելով»,- նշեց ավտոներկրողներից մեկը:

Վարորդ Արմենի կարծիքով էլ՝ նման որոշումը զարգացած երկրների համար է: «Լավ օրենք է, բայց Հայաստանի նման աղքատ պետության բնակիչների համար մի քիչ անհասանելի է: Մարդկանց աշխատավարձը չի հերիքում, որպեսզի ապրեն, մնում էր՝ նոր մեքենա վարեին»,- ասաց վարորդը:

Հավելենք, որ «թրեյդին»-ը մեքենայի ձեռքբերման առևտրի տեսակ է, որի ժամանակ ֆիզիկական անձը հնարավորություն է ստանում իր հին ավտոմեքենան փոխարինել նորով` արդյունքում վճարելով վերջինների միջև առկա գնային տարբերությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս