Ֆրուստրացիոն «իրականության ստեղծման» ազգային կերպը․ Տիգրան Հայրապետյան
Իրերն իրենց անունով չկոչելու ավանդույթը հին է նույնքան, որքան Հաբեշստանի Ավաշ գետի հովտում հայտնաբերված Homo habilis-ի («կարող մարդու») կմախքը՝ երկուսուկես միլիոն տարեկան։ Եթե հավատ ընծայենք ֆրանս-ամերիկա-եթովպական գիտական արշավանքի եզրակացություններին, ապա պետք է արձանագրենք, որ արդեն այդ ժամանակաշրջանում գոյություն է ունեցել շրջապատող աշխարհի տաբուական ընկալում։
Կառլ Գուստավ Յունգն ընդհանրապես գտնում էր, որ փախուստն իրականությունից մարդկային ենթագիտակցական ժառանգության ամենակայուն կոդերից մեկն է, և մարդը կամայական «իրականությանաստեղծման» մեծ ներքին մղում և լայն կարողություններ ունի։ Սակայն, ինչպեսև ցանկացած այլ երևույթի պարագայում, կամայական «իրականությանաստեղծումն» ևս կրում է լույսի և խավարի, կենսահաստատման և կենսաժխտման երակները։ Եվ եթե ստեղծագործ երևակայությունն անհատի ու հասարակության առաջընթացի, զարգացման և արդյունավետ ինքնապաշտպանության ապահովման պարտադիր բաղկացուցիչն է, ապա ինքնախաբեության հեշտանքին ու պատասխանատվության ֆրուստրացիային ծառայող երևակայությունը շարունակական ողբերգության անսպառ աղբյուր է։
Դժվար է միանշանակ արձանագրել, թե կոնկրետ ո՞ր դարից և ո՞վ է հայ իրականության մեջ ձևավորել ու ամրագրել ֆրուստրացիոն (լատ․՝ frustratio – խաբեություն, անհաջողություն) «իրականությանաստեղծման» ավանդույթը, սակայն հայրենի պատմությունը վկայում է․ առաջարկին միշտ նախորդել է պատվերը։ Դարեր շարունակ տիտղոսավոր «հավատապաշտպան կամ գիտականակերպ ազգասիրության» ֆրուստրացիոն տատանումներն արձագանք են գտել հայ հասարակության որոշակի հատվածի և առանձնապես հայ ժողովրդի քաղաքական ընտրախավի աշխարհընկալման խորքերում։ Պահանջարկը պայմանավորում է առաջարկը, ու թեև ինքնախաբեության մոլուցքով տարված երկու կողմերի առևտրի գինը վճարել ու վճարում է պարզ հայը՝ իր և իր զավակների արյան գնով, Հայրենիքի տարածքների կորստով, բայց «մտածողների» ու իշխանավորների ինքնահաստատման փակ շղթան ձեռք է բերել ավանդականությամբ պաշտպանված անհաղթահարելիության ուժը։
Եվ հետո՝ ինչու՞ չկեղծել ու չստել, եթե դա ընկալելի է, խրախուսելի, գնահատելի․․․ ինքնաբավարարվածության անհրաժեշտ պայման։ Ճշմարտության խութերի մեջ Փրկության ճանապարհի փնտրտուքը հերձվածողություն է միջնադարում և ապազգայնություն (տերմինաբանական ժամանակակից ճշգրտմամբ) մեր օրերում։ Նվազագույնը երկու հազար տարի է՝ նույնը (խիստ եզակի բացառություններով), նախանձելի հետևողականությամբ։ Իհարկե, միամտություն է կարծել, թե այժմ հնարավոր է հասնել որակական փոփոխությունների։ Բայց հենց այժմ, մեր օրերում ներհասարակական տարանջատումը հասել է այն աստիճանի, երբ կեղծ ու անպտուղ վերամիավորումն այլևս հնարավոր չի լինելու և ո՛չ մի առասպելականացված ընդհանրական արժեքի շուրջ, լինի դա լեզուն, կրոնը, պատմությունը, թե առավել ևս՝ ֆրուստրացիոն «իրականությանաստեղծությամբ» գերհագեցած ներկան։
Մարդը հասակով մեկ դեմ է կանգնել այն անհեթեթությանը, որ պարտադրվում է գետոյական կուռքերին երկրպագող իշխանավոր-կուսակցական վերնախավի կողմից։ Նա այլևս չի վիճում, այլ հեռանում է՝ Հայրենիքն ու պատմությունը իրենց անձի հետ նույնականացրած «առաջնորդներին» թողնելով շարունակական ինքնախաբեության վայելքը։ Հիմա է, որ հասկանում ես, թե ինչու՞ է հայրենիքալքության պատմությունդ սկսվում արդեն 6-րդ դարից, և ինչու՞ նախնիներդ զլացան վերականգնել 40 եկեղեցիների մայրաքաղաքը ու նախընտրեցին բախտ որոնել հեռավոր ափերում։ Գետոն ու հայրենասիրությունը անհամատեղելի են, և ըմբոստության դրսևորման տարբերակների ընտրությունը թող մոլորության մեջ չգցի՝ մեկը հայրենիքի ու պետության կարոտից անձնազոհության է գնում, մյուսը՝ վտարանդիության։ Եվ երկու դեպքում էլ դա պարզապես փախուստ է ֆրուստրացիոն «իրականությանաստեղծումից»։
Բայց հանգիստ թողնենք հեռավոր ու ոչ այնքան հեռու անցյալը և անդրադառնանք առօրյային, ուր մեծ ու փոքր իշխանավորների, շատ թե քիչ իշխանամետ քարոզչամեքենաների և, ընդհանրապես, հայրենակիցների ու աշխարհի անցուդարձից ինքնաօտարված մի խիստ որոշակի խավի պատկերացումներն իրականության վերաբերյալ բևեռորեն տարբերվում են գոյություն ունեցող առարկայական իրողություններից։ Ինչպեսև տոտալիտար հոգեբանության հենքի վրա կառուցված ցանկացած այլ հասարակական համակարգում, Հայատանում ևս բարձր ամբիոններից խոսվում է սոցիալ-տնտեսական իրավիճակի առողջացման մասին, մինչ հանրապետության բնակչության կենսամակարդակն անշեղորեն անկում է ապրում։ Կառավարական-կուսակացական լուրջ այրերի կողմից անչափ սիրված կատակը՝ «ազգային միասնության» հաստատման շուրջ, հասկանալի և հասանելի է մնում միայն ու միայն այդ նույն կուսակցական-կառավարական առանձնասենյակների բազկաթոռներին բազմածներին։ Իսկ հայտնի է, որ վատ ու անճաշակ է այն կատակը, որ զվարճացնում է սոսկ իրեն՝ կատակողին։
Եվ ինչպե՞ս ընկալի շարքային հայն իր քաղաքական այրերի կատակասիրությունը, երբ երկրում սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը զանգվածային քայքայման է հասցրել հասարակության հիմքերի հիմքը՝ ընտանիքի ինստիտուտը։ Թաքնված գործազրկության, անթաքույց սովահարության կողքին առկա է ակնհայտ, բայց հիմնականում պաշտոնապես չարձանագրված ընտանիքաքայքայումը՝ ծնելիության անկումով, դպոցական-ընտանեկան ավանդույթների փոշիացմամբ, մանկան ու մեծահասակի բարոյա-հոգեբանական համակարգի խաթարմամբ։ Պատահական չէ, որ վերջին վեց ամիսների ընթացքը զանգվածների շրջանում համեմատվում է 92-94-ի վատթարագույն ժամանակաշրջանի հետ՝ դրա վերադարձի հուսահատ ակնկալիքով։ Եթե «ազգային միասնությունը» մարմնավորում է ապարատային կաթսան, ուր համեմատական հաջողությամբ կողք կողքի եփ են գալիս նորաթուխ սոցիալ-դեմոկրատն ու քաղաքական տարիքն առած հեղափոխական ազգայնականը, փլվող Ռուսաստանի ու անհեթեթության տրված Բելոռուսի հետ իր ժողովրդի ճակատագիրը կապող հավերժ կոմերիտականն ու այլախոհության ռահվիրան՝ առանց ժողովրդի, ապա էլ ի՞նչ կատակ․․․Մնում են միայն պոետի տխուր հարցադրումները՝ ո՞վ պետք է մեզ լույս առաքի և ո՞վ պիտի հողում պեղի․․․
Հայ քաղաքական-հասարակական վերնախավի մոտ ֆրուստրացիոն «իրականությանաստեղծումը» ժառանգային փոխանցման աշխտանիշ է ձեռք բերել, իսկ ըստ ավստրիացի հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլի՝ նշված երևույթը լուրջ հոգեբանական խանգարվածության վկայություն է՝ ինչպես անհատական, այնպես էլ զանգվածային դրսևորման պարագայում։ Բավական է միայն անհատը կամ զանգվածը լուրջ բախման մեջ մտնի առարկայական իրողությունների հետ և կգահավիժի սեփական ինքնախաբեությունից առաջացած անդունդը։ Այդպես ընկավ, ասենք, Կոստանդնուպոլիսը 1204-ին, երբ խաչակիրներից սպառնացող վտանգը չընկալվեց իշխող վերնախավի կողմից։ Այդպես կապիտուլացվեց Ֆրանսիան 1940-ին, չնայած թե՛ ներսից և թե՛ դրսից ստացվող ահազանգներին։ Դե իսկ հայրենի պատմությանն առնչվող գոնե վերջին հարյուրամյակի տարեթվերը հիշատակելն իսկ ավելորդ է:
Հայաստանը Եվրասիայի ցնցումահարիչ կիզակետներից մեկն է, իսկ համաշխարհային վերաբաժանման գործընթացները դեռ նոր են թևակոխում առավել բարդ ու դաժան փուլը: Նման պայմաններում ազգային անվտանգության շահերը հրամայական են ներկայացնում մի իշխանության, որ ոչ միայն չի թաքնվում առարկայական իրողությունից ֆրուստրացիոն «իրականությանաստեղծման» հովանոցի տակ, այլև պատրաստ է ճիշտ գնահատել իրավիճակը և ընդունակ է արդյունավետ լուծումներ գտնել օրեցօր ավելի ծանրացող խնդիրներին: Ժամանակը հոսում է շատ ավելի արագ, քան ոմանք պատկերացնում են, և հայոց պատմության կարապի երգը կարող է հնչել շատ ավելի շուտ, քան հնարավոր կլինի ուշքի գալ և ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել:
ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
15.07.1998