ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացները հանդիպել են Մոսկվայում՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագան քննարկելու համար: ԱՄՆ և միջազգային հանրությունը արձագանքում է այս գործընթացին:

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայ-թուրքական ընթացիկ երկխոսության և այս հարցում Վաշինգտոմնի դիրքորոշման մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։

Հանդիպումից հետո կողմերն առանձին հայտարարություններում շեշտել են, որ հանդիպումն անցել է «դրական և կառուցողական մթնոլորտում»: «Հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ», ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, ուր նշված է նաև, որ «կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններն` առանց նախապայմանների»: Դեռևս պարզ չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հաջորդ հանդիպումը։

Հունվարի 14-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը ողջունել է նաև ԵՄ-ը:

Միության արտաքին հարաբերությունների բաժնի խոսնակ Պետեր Ստանոն թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ-ն ողջունում է երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու եւ այդ նպատակով հատուկ բանագնացներ նշանակելու ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը: «Հատուկ բանագնացների այսօրվա հանդիպումը կարևոր առաջընթաց է, և մենք խրախուսում ենք Անկարային և Երևանին շարունակել ջանքեր գործադրել այս ուղղությամբ», գրել է ԵՄ ներկայացուցիչը։

Հայ-թուրքական գործընթացը ողջունել է նաև Մոսկվան: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն օգնում են պայմաններ ստեղծել, որպեսզի դեռևս չկարգավորված քաղաքական խնդիրները լուծվեն շատ ավելի ակտիվ ու արդյունավետ կերպով…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31