Որևէ հիմք չկա ակնկալելու, որ Հայաստանի ՀՆԱ-ն կարող է աճել Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում. Հրանտ Միքայելյան
Գնաճ և նորից գնաճ. Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2021 թ․ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է՝ 7.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.6%:
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.9%-ով, իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.5%-ով:
2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 12.9 %, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5 % տոկոս: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար՝ 4.9% և 16.4% գնաճերը: Նկատենք՝ բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է՝ 40.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:
168.am-ը տնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ 2022 թվականի տնտեսական միտումներից, արդյո՞ք, ի վերջո, գնաճը կսկսի նահանջել:
Ի պատասխան՝ տնտեսագետը նկատեց, որ շատ բան կախված է լինելու համաշխարհային շուկայում տիրող իրավիճակից, թե ինչ ժամանակահատվածում կվերականգնվի համաշխարհային տնտեսությունը:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ կան առանձնահատկություններ, որոնք բարդացնում են իրավիճակը, և դա առաջին հերթին հակամարտությունն է, տարածքների կորուստը և այն ամենը, ինչ վերաբերում է անվտանգային հարցերին»,- հավելեց նա:
Քանի որ այս պահին ակտիվ քննարկումների օրակարգում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման հարցը, Հրանտ Միքայելյանից ճշտեցինք նաև, թե ի՞նչ կանխատեսումներ ունի հայ–թուրքական սահմանի վերաբացման դեպքում տնտեսական հետևանքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ցայսօր հայ-թուրքական սահմանի բացմանը հաջորդող տնտեսական օգուտների մասին կենացային մակարդակի զրույցներից զատ՝ պաշտոնական որևէ վերլուծություն չի հրապարակվել:
ՀՆԱ-ի 30 տոկոս աճի մասին միակ ցուցանիշը, որը դաշտ էր նետել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պարզվեց՝ ժամկետանց էր. արդիական 2009 թվականին և լրիվ այլ իրավիճակում, մասնավորապես՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման և Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղու գործարկման դեպքում:
«Ես նման հետազոտություն չեմ տեսել, տեսել եմ բազմաթիվ այլ հետազոտություններ, որոնք լրիվ այլ արդյունք են տալիս, և որևէ հիմք չկա՝ ակնկալել, որ Հայաստանի ՀՆԱ-ն կարող է, օրինակ, 30 տոկոսով աճել Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում,- ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ ականատես կլինենք հակառակին,- Շատ լուրջ վնաս է լինելու մեր արտադրական հատվածին, որովհետև Թուրքիան արդեն ունի փորձ շուկա ներգրավելու և ավելի մրցունակ է: Օրինակ, Վրաստանը Հայաստանի հետ տնտեսապես նույն մակարդակի վրա է գտնվում, երբ Թուրքիայի հետ սահմանը միշտ բաց է եղել, կամ Ուկրաինան՝ այժմ Թուրքիայի հետ շատ խորը համագործակցում են, բայց ամեն դեպքում, չի սկսել բարգավաճել, չնայած որ կա նաև ծով, ԵՄ-ի հետ սահման և այլն: Դա կատարյալ սուտ է և անհնարին»: