Արտակ Դավթյանը գուցե համապատասխան փոխադարձ «բարևնե՞ր ուղարկի» Քերիմ Վելիևին

2021թ. նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր համաձայնությամբ Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապ է լինելու: Այդ գաղափարին դեկտեմբերին իր աջակցությունն էր հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Եղե՞լ է արդյոք ուղիղ կապ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև, թե՞ ոչ. լայն հանրությանը դժվար տեղեկացնեն պաշտոնական մակարդակով, եթե անգամ այն եղած լինի:

Ամենայն հավանականությամբ, դեռ հասցրած չեն լինի՝ տարին նոր է սկսվել: Իսկ գուցե ուղիղ կապի համար առի՞թ է պետք, թեպետ դրա պակասն առանձնապես չկա:

Օրինակ, ի՞նչ վատ առիթ է ՊՆ Սուրեն Պապիկյանի համար կապ հաստատել ադրբեջանցի գործընկերոջ հետ, երբ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն որերորդ անգամ նկարահանում են մեր դիրքերը, հայ զինվորներին, սադրում նրանց:

Նման մի դեպք տեղի էր ունեցել 2021-ի դեկտեմբերի սկզբին, վերջին դեպքը՝ այս տարվա հունվարի 10-ին:

Եվ քանի որ առաջին դեպքը ՀՀ ՊՆ-ն և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն, ըստ էության, անարձագանք թողեցին, երկրորդ դեպքում արդեն ադրբեջանցի լրագրողն իրեն առավել սանձարձակ է պահում և նույնիսկ՝ բարևներ է ուղարկում ԳՇ պետ Արտակ Դավթյանին, հեգնում, որ Հայաստանն ամեն շաբաթ Պաշտպանության նախարար է փոխում, որ դեռ դելիմիտացիա և դեմարկացիա չի արվել, ուստի չկան գծված սահմաններ, ըստ այդմ՝ նա «իր հողում է»:

Հայ զինվորը, իհարկե, զգուշացնում է՝ հրաման ունեն թույլ չտալու նկարահանումներ կատարել, բայց ադրբեջանցի լրագրողն այն անտեսում է և շարունակում նկարահանել հայկական դիրքերը:

Բնավ չենք առաջարկում, որ հայ զինվորը միանգամից դիմի ուժին, ինչին և ցանկանում էր հասնել ադրբեջանցի լրագրողը, բայց պաշտոնական մակարդակով ինչ-ինչ քայլերից հետո կարելի է և դրան դիմել:

Նախ հայրենի ռազմական կառույցից կարող են հրապարակային պաշտոնական հաղորդագրության միջոցով զգուշացնել Ադրբեջանի ՊՆ ղեկավարությանը, երկրորդ՝ ուղիղ կապի հնարավորությունը օգտագործելով, երրորդ՝ կարելի է համարժեք պատասխան տալ՝ նկարահանելով ադրբեջանական դիրքերը, չորրորդ՝ նախազգուշական կրակոց արձակել, եթե նշվածները արդյունք չտան:

Հետևանքների առումով ռազմական, ռազմաքաղաքական տեսանկյունից չենք կարող պնդել՝ ո՞րն է ճիշտ, մի բան, սակայն, անվիճելի է՝ ադրբեջանական կողմի այս սադրիչ քայլերը չպետք է անարձագանք թողնվեն: Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ, «բացում» թշնամու ձեռքերը:

Բացի այս, ստացվում է՝ հայաստանյան ընդդիմադիր պատգամավորների համար առաջնագիծ մուտքն արգելվում է, լրագրողների համար պետական և ռազմական գաղտնիք չպարունակող տեղեկությունները համարվում են այդպիսին, կամ՝ առհասարակ զանգերն անպատասխան են թողնվում, սակայն ադրբեջանցի լրագրողների համար անարգելք «հասանելի» են դառնում հայկական դիրքերը: Սա նաև իր բարոյահոգեբանական լուրջ ազդեցությունն ունի հայկական բանակի զինվորի վրա:

Ըստ այդմ՝ Արտակ Դավթյանը գուցե համապատասխան փոխադարձ «բարևնե՞ր ուղարկի» Քերիմ Վելիևին, իսկ հայ զինվորներն էլ գուցե երկա՞ր մտածեն Փաշինյանի հետ պարելուց առաջ…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31