Բաժիններ՝

Բյուրեղավանի դպրոցում ծնողները 3-րդ անգամ իրենց վստահության քվեն տվեցին տնօրենի թեկնածու Անդրանիկ Գրիգորյանին

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրենի արդեն 3-րդ ընտրությունը, նախորդ 2 ընտրությունների ժամանակ թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել անցողիկ 6 ձայն, ուստի տնօրեն չէր ընտրվել:

Տնօրենի պաշտոնը ստանձնելու համար այս անգամ հայտ էր ներկայացրել 4 թեկնածու՝ Անդրանիկ Գրիգորյանը՝ նույն դպրոցի պատմություն առարկայի ուսուցիչ, Սուսաննա Վանեսյանը՝ նույն դպրոցի կենսաբանություն առարկայի ուսուցիչ: Երրորդ թեկնածուն՝ Կիմա Պապայանը, Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան 177 հիմնական դպրոցի ուսուցիչ է, որն այս դպրոցում տնօրենի պաշտոնի համար առաջին ընտրությանը ևս թեկնածություն էր առաջադրել: Վերջին՝ չորրորդ թեկնածուն Կարինե Մարգարյանն է՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ:

Այսօր  տնօրենի ընտրության 1-ին փուլն էր, ծնողական խորհուրդըը փակ քվեարկությամբ ընտրություն կատարեց։ Ինչպես սահմանված է կառավարության հաստատած կարգով, նախքան քվեարկությունը տնօրենի 4 թեկնածուները հրապարակավ ներկայացրեցին դպրոցի զարգացման իրենց ծրագրերն ու միջոցառումների պլանը:

Նշենք, որ դպրոցի տնօրենի նախորդ՝ առաջին ընտրության ժամանակ հայտ էին ներկայացրել նույն դպրոցի ոսուցիչներ՝ Անդրանիկ Գրիգորյանը և Սուսաննա Վանեսյանը և Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչ՝ Կիմա Պապայանը:

Երկրորդ ընտրության ժամանակ Կիմա Պապայանն այլևս չմասնակցեց ընտրությանը, այդ պաշտոնի համար պայքարում էին նույն դպրոցի ուսուցիչներ Անդրանիկ Գրիգորյանը և Սուսաննա Վանեսյանը: Ի դեպ, թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընտրության ժամանակ Անդրանրկ Գրիգորյանին ընդամենը 1 ձայն էր պակասել տնօրեն ընտրվելու համար:

Իսկ այսօր տնօրենի թեկնածուներին լսելուց հետո յուրաքանչյուր դասարանից մեկ ծնող՝ տվյալ դասարանի ծնողական խորհրդի նախագահը, պետք է մասնակցեր փակ քվեարկությանը, սակայն ծնողական խորհրդի 13 անդամներից այսօր ներկա էին միայն 10-ը, նրանց ձայները բաշխվել է հետևյալ կերպ՝ Անդրանիկ Գրիգորյան՝ 7 ձայնՍուսաննա Վանեսյան՝ 3 ձայնԿիմա Պապայան՝ 0 ձայն, Կարինե Մարգարյան՝ 0 ձայն:

Իսկ այսօր ժամը 14:00-ին տնօրենի 4 թեկնածուները նաև դպրոցի ուսուցչական կազմին են ներկայացնելու դպրոցի զարգացման իրենց ծրագրերն ու միջոցառումների պլանը, որից հետո կրկին տեղի կունենա փակ քվեարկություն: Հունվարի 14-ին էլ տեղի կունենա տնօրենի ընտրության վերջին՝ երրորդ փուլը, որն, ի դեպ, բաց է լինելու: Այդ օրը քվեարկելու են նախարարության 5 ներկայացուցիչները։ Այդ 5 ձայնին գումարվելու է դպրոցի ծնողական խորհրդի և ուսուցչական կազմի քվեարկության միավորները։

Տնօրեն ընտրվելու համար, թեկնածուն պետք է քվեարկությամբ 6 ձայն հավաքի, եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում 6 ձայն, ապա ըստ սահմանված կարգի նույն օրը պետք է լինի կրկնակի քվեարկություն։ Եթե այդ դեպքում էլ թեկնածուներից որևէ մեկը չի հավաքում բավարար քանակով ձայն, ապա ընտրությունը հետաձգվում է։ Այսինքն, ինչպես նախատեսված է կառավարության որոշմամբ՝ կհայտարարվի նոր մրցույթ:

Ի դեպ, Բյուրեղավանի դպրոցն առաջիններից է, որ փորձարկել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի նիստում կատարված փոփոխությունները:

Նախկին կարգում առկա էին տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում էին` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում: Փոփոխություն է կատարվել նաև տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում: Վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ  փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս:

Նոր կարգում մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագիրը ներկայացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատվել էր դպրոցի զարգացման ծրագրի ձևաչափը , որտեղ սահմանվել են ծրագրին ներկայացվող հիմնական պահանջները:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս