Ինչպե՞ս կշարունակեն գործել հայոց կաթողիկոսներն ու պատրիարքները Փաշինյան-Էրդողան մերձեցման ընթացքում. Regnum

Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների վերականգնման գործընթացի մասին, ինչը պետք է որ առաջացներ հայկական կաթողիկոսությունների և պատրիարքարանների օպերատիվ արձագանքը, Regnum գործակալության համար հոդվածում գրում է փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին՝ ընդգծելով, որ եկեղեցական օրակարգում առանցքային տեղ է գրավում «թուրքական հարցը», որն անմիջականորեն կապ ունի Օսմանյան կայսրությունում իրականցված Հայոց ցեղասպանության հետ։

«Սակայն Չավուշօղլուի հայտարարությունը, ապա դրանից հետո բանակցությունները սկսելու Երևանի մտադրության հաստատումն ուղղակիորեն մեկնաբանել է միայն հայ կաթողիկե պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդը: Դեկտեմբերի 14-ին իտալական կաթոլիկ AsiaNews պորտալին տված հարցազրույցում պատրիարքն ընդգծել է, որ դիվանագիտական այս նախաձեռնությունը համարում է «դրական»: Նրա խոսքով, «էական տարրն» այն է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտության համաձայնություն ձեռք բերվի «առանց նախապայմանների»։

Այնուամենայնիվ, կան առանցքային հարցեր. կաթողիկե պատրիարքը վստահ է, որ Երևանի կառավարությունը «տրամադրված» է երկխոսության և համաձայնության փնտրտուքին, սակայն «մենք չենք կարող հստակ իմանալ հակառակ կողմի դիրքորոշումը»։ Վիճահարույց հանգույցներից մեկը այն պաշարների խնդիրն է, որոնք ունի Լեռնային Ղարաբաղը: Խոսքը հատկապես ջրային ռեսուրսների մասին է, որոնք «սնուցում են Հայաստանը» և գտնվում են Ադրբեջանի կառավարության կողմից վերահսկվող տարածքում։ Բացի այդ, բացատրում է Ռաֆայել Պետրոս 21-րդը, իր եկեղեցին մտադիր է պաշտպանել և պահպանել այս տարածքներում ապրող կաթոլիկների «իրավունքներն ու կյանքը»։ Իսկ ապագայում նա ցանկանում է ուշադրության կենտրոն բերել «կրոնական ազատության» հարցը, որը պետք է լինի փոխադարձ ու արդյունավետ «բոլորի համար» թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում։

Իսկ այժմ համեմատենք կաթողիկե պատրիարքի դիրքորոշումը Մեծի Տանն Կիլիկիո Արամ կաթողիկոսի՝ դեկտեմբերի 27-ի ուղերձում շարադրված կարծիքի հետ։ Դրանում նա համաձայնություն է հայտնում «տարածաշրջանի տնտեսական զարգացման ծրագրերին», բայց «ոչ թե Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականության հաշվին»։ Կաթողիկոսը նշում է, որ Երևանն այսօր կանգնած է «պանթուրանական ռազմավարության» առջև, որը համատեղ իրականացնում են Անկարան և Բաքուն։ Ուստի անընդունելի է Ադրբեջանի հետ որևէ համաձայնագրի կնքում, որը կճանաչի նրա իրավասությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի կողմից «նախապայմանների» ընդունումը։

«Սփյուռքը չի կարող անտարբեր մնալ նման վտանգավոր քայլերի նկատմամբ:Ինչպես բազմիցս ասել ենք, Սփյուռքը պետք է ակտիվ դեր խաղա համահայկական խնդիրների քննարկման գործում»,- ընդգծում է Արամը։

Մինչդեռ Կաթողիկե պատրիարքի հայտարարության մեջ ապշեցնում է, որ Երևանի և Անկարայի հարաբերությունների վերականգնման համատեքստում, առաջին հերթին, շեշտադրում չկա Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վրա։ Երկրորդ՝ անորոշություն կա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ՝ առկա ստատուս քվոյի ճանաչման ակնարկով: Երրորդ, հատուկ շեշտադրվում է հայ կաթոլիկների դերը, որոնք գործնականում բացակայում են Լեռնային Ղարաբաղում և շատ քիչ են բուն Հայաստանում։ Չորրորդ՝ չի նշվում հայկական սփյուռքը, որը կարծում է, որ բոլոր իրավունքներն ունի մասնակցելու Երևանի արտաքին քաղաքականության մշակմանը։

Այստեղ ակնհայտ են Կիլիկիո կաթողիկոսության դիրքորոշման հետ հակասությունները։ Այս իրավիճակում, թվում է, թե հայ կաթոլիկները ցանկանում են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացը պաշտպանել սփյուռքի և դրա վրա արտաքին կենտրոնների ազդեցությունից, ինչը կարող է բխել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի շահերից։ Ի վերջո, ինչպես վերջերս Չիկագոյում թուրքերի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, ԱՄՆ-ի հայկական լոբբին հակաթուրքական տրամադրությունները դարձրել է իր ինքնության մի մասը, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «կոչնչացնի» Միացյալ Նահանգների հայ համայնքը:

Բայց Կիլիկիո կաթողիկոսությունը, որն ունի իր շահերը, դժվար թե համաձայնվի այս մոտեցման հետ։ Հիշեցնենք, որ 2015 թվականին այն հայց էր ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի պատմական նստավայրը, որտեղից նրան վտարել էին 1920-ականների սկզբին։ Սահմանադրական դատարանը մերժել էր դիմումը, որին հաջորդել է բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իսկ հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկուսությունը 2019 թվականի հուլիսի 30-ին դիմում է ներկայացրել Սիսի դատարան, և տարբեր ձգձգումներից հետո 2021 թվականի մարտի 30-ին կայացել է առաջին նիստը։

Եթե Երևանն ու Անկարան երկկողմանի պայմանավորվեն, ապա Կիլիկիո կաթողիկոսության՝ Անկարայից որևէ փոխհատուցում ստանալու հեռանկարը զրոյական կլինի։ Եվ այստեղից սկսվում են երկու գլխավոր եկեղեցական ինտրիգները. նախ՝ ի՞նչ է թաքնված կաթոլիկ պատրիարքի խոսքերի հետևում՝ իր սեփական տեսակետը, թե՞ նա Վատիկանի դիրքորոշումն է ներկայացնում շահագրգիռ կողմերի ուշադրությանը։ Երկրորդ՝ ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդը լռում ստեղծված ծանր իրավիճակում։ Մենք կարծում ենք, որ Էջմիածինը պետք է շահագրգռված լինի, որ իր ներկայացուցիչները ներառվեն Անկարայի հետ երևանյան բանակցողների թվում։ Բայց տեսնենք, թե ինչպես կշարունակեն գործել հայոց կաթողիկոսներն ու պատրիարքները Փաշինյան-Էրդողան մերձեցման ընթացքում, և ո՞վ կշահի եկեղեցական առաջնորդների այժմ դրսևորված հակասություններից»,-եզրափակել է հեղինակը։

Տեսանյութեր

Լրահոս