«Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂԻՄ-ում բնակվող ադրբեջանցիների իրավունքներից, ինչո՞ւ չի խոսում նաև ադրբեջանահայության իրավունքներից». Արծվիկ Սարգսյան

Արցախահայությունը Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը՝ Արցախի ու բանակցային գործընթացի վերաբերյալ, սովորական է ընդունում, այլևս նրա որևէ ասածի վրա չեն զարմանում՝ 2018 թվականից սկսած նրանց համար ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ատում է  Արցախը։

168.amի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարություններից չի զարմացել, քանի որ նա հերթական անգամ «փորձում էր բավարարել իր եղբոր՝ Ալիևի պահանջներն ու ցանկությունները»։

Ավելին, ըստ նրա՝ 2018 թվականից էր արդեն ակնհայտ, թե նա ինչ վերաբերմունք ունի Արցախի նկատմամբ։

«Նա հերթական անգամ ադրբեջանցիներին բարձրացնելու կամ թշնամու ստերը կրկնելու ու հաստատելու քայլ արեց։ Նրա որևէ հայտարարություն իրականության հետ որևէ աղերս չունի։  Այն ժամանակ Արցախի 76 տոկոսը հայություն էր ապրում, ըստ իմ ուսումնասիրությունների, միայն 20-23 տոկոսն էր ադրբեջանցի, մնացածն այլ փոքրամասնություններ էին, այդ թվում՝ ռուսներ։

Եթե Ադրբեջանի քաղաքացիները ցանկանում էին մասնակցել հանրաքվեին, թող մասնակցեին, իրենց ձեռքն ո՞վ էր բռնել, բայց որ մասնակցեին, իրենց ասածները որտե՞ղ էին հասնելու։ 1991 թվականին Արցախում անցկացվել է հանրաքվե, և լայն հանրությունն ընդունել է հանրաքվեի արդյունքները։ Հիմա Փաշինյանը եկել ու այդ ամենը կասկածի տակ է դնում․ չի կարելի, սա անընդունելի է»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով հերթական անգամ թշնամու ջրաղացին ջուր լցրեց ու նրանց հերթական անգամ ոգևորեց։

«Թերևս, այս հայտարարություններն են ադրբեջանցիները հաշվի առնում ու ասում, թե հայերն ինչ ասում են՝ սխալ են ասում, Արցախը հայկական չէ։ Նման հայտարարություններով զրոյացնում են մեր արածները, Ադրբեջանը 102 տարվա պատմություն ունի, բայց իրենք իրենց պետություն են համարում, իսկ մեր հազարավոր պատմությունը նման հայտարարություններով նսեմացվում է, չի կարելի։ Ես սպասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, մի քանի օր հետ կսկսի արդարանալ, թե ինքը նման բան չի ասել, ժողովուրդն է սխալ հասկացել, բայց հո ժողովուրդն իր ասածները լա՞վ է հասկացել»,- հավելեց նա։

Ըստ Արծվիկ Սարգսյանի, եթե Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ Արցախը հայկական չի եղել, ինչպե՞ս է ստացվել, որ 1994 թվականի մայիսին Արցախը՝ որպես հակամարտության կողմ, մասնակցել է հրադադարի պայմանագրի ստորագրմանը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂԻՄ-ում բնակվող ադրբեջանցիների իրավունքներից, ինչո՞ւ չի խոսում նաև ադրբեջանահայության իրավունքներից, ինչո՞ւ չի խոսում Շահումյանից ու Գետաշենից, ինչո՞ւ չի խոսում Թալիշից, Հադրութից, Արցախի մնացած բռնազավթված տարածքներից»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։

Նա մատնանշեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների իրավունքների մասին՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Այս հարցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը նաև հերթական անգամ հայտարարեց, որ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ։

Տեսանյութեր

Լրահոս