Բավական է մոլորեցնել հանրությանը, ամոթ է. Խորեն Մարդոյան
Չէի կարող չանրադառնալ ՀՀ Սփյուռքի հանձնակատարի դեկտեմբերի 24-ին տված հարցազրույցին, որում այդ ինգնագոհ-անհայրենիքը մոլորեցնում էր սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին:
Այ, ողորմելի ոչնչություն, մինչև ե՞րբ ․․․
Իր հարցազրույցում նա հայտարարում է, թե առաջին անգամ Հայաստանը պետական կառավարման դռները բացել է սփյուռքահայերի առջև՝ մոռանալով նշել, որ իր նշանակումը տեղի է ունեցել ՀՀ Համայնքային ծառայության մասին օրենքի (23.03.2018թ.) կոպիտ խախտմամբ։
Իհարկե, գլխավոր գերագույն կապիտուլյանտը համառորեն բազմիցս «կարել- կարկատել» է այն՝ հարմարեցնելով ու, ի վերջո, սազեցնելով վերջինիս (08.05.2019թ․, 21.09.2021թ․, 01.07.2021թ․, 24.09.2021թ․ և 17.11.2021թ. փոփոխություններ ու լրացումներ)։
Ակնհայտ է, որ այս փոփոխությունների հիմքում ընկած է ոչ թե Հայաստանի և սփյուռքի փոխհարաբերությունեերի պետական և անվտանգային շահը, այլ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ յուրայիններով շրջապատված լինելու ցանկությունը, ինչը բացառապես ծառայում է իր իշխանությունը երկարաձգելու նպատակին:
Վերնոնշյալը խոսում է ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու մասին՝ չհասկանալով, որ զբաղեցրած պաշտոնում իր նշանակվելն արդեն իսկ հակասահմանադրական է։
Հայրենադարձության մասին խոսելիս մոռանում է նշել, որ երբ ինքը դեռ չէր էլ նշմարվում հորիզոնում, բազմաթիվ հայրենասեր պրոֆեսիոնալներ, ինչպիսիք էին՝ Րաֆֆի Հավհաննիսյանը, Վարդան Օսկանյանը և այլք, վերադարձել էին հայրենիք ու լծվել էին հայրենաշինության գործին և այդ պրոցեսը շարունակական էր։
Անբարոյականություն է ասել, թե առաջին անգամ է Հայաստանը պետական կառավարման դռները բացել սփյուռքահայերի համար, այն դեպքում, երբ դեռևս 2008-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը ստեղծել էր հայրենադարձության վարչություն համակարգելու համար հարյուրավոր հայրենակիցների բազմաթիվ ծրագրերով հայրենիքում ծավալած գործունեությունը։
Անուննե՞ր, խնդրեմ՝
Վարդան Մարաշլյան – ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ (Մոսկվա)
Էռնեստ Գրիգորյան – ԱՊՀ վարչություն (Մոսկվայի Սոցիոլոգիայի և փիլիսոփայության հայկական ինստիտուտի տնօրեն)
Հակոբ Ասատրյան – Եվրոպայի երկրների հայ համայնքների հետ կապերի վարչություն (Չեխիա, «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր)
Հրաչ Ասլանյան – Եվրոպայի երկրների հայ համայնքների հետ կապերի վարչության պետ (Ֆրանսիա)
Նաիրի Մկրտիչյան – «Հայերն այսօր» թերթի խմբագիր,
Սոսի Ավագյան – Համահայկական և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ
Թադևոս Պասկևիչյան – «Հայերն այսօր» թերթի խմբագրություն
Լինա Հալաջյան – Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն
Ալին Փանոյան – Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգով կենտրոն ՀԿ նախագահ
Տիգրան Գաբոյան – Մերձավոր Արևելքի համայնքների հետ կապերի վարչություն
Ցանկը երկար է, և թող ինձ ներեն մեր այն հայրենակիցները, ում անունները չեմ հիշատակել այստեղ:
Երբ այս մարդիկ թողնելով իրենց կայացած կյանքն ու գործունեությունը՝ վերադարձել էին հայրենիք ու օրնիբուն աշխատում էին, այս հանձնակատար կոչվածը ծվարած էր ԱՄՆ-ում և իր տերերի հետ լծված էր Հայաստանը և Արցախի Հանրապետությունը կազմաքանդելու գործին:
Լիովին համաձայն լինելով սփյուռքի կարողություններն առավելագույնս օգտագործելու ցանկությանը, միևնույն ժամանակ պետք է չափազանց զգուշավոր լինել մասնագիտական կարողություններն ու հմտությունները գնահատելիս, մասնավորապես՝ առանցքային պաշտոններ տրամադրելիս, քանզի լեզուներ իմանալն ու հայտնի բուհեր ավարտած լինելը դեռևս բավարար չեն երկրի համար կարևորագույն որոշումներ կայացնելու համար։
Զորօրինակ՝ ՀՀ Քաղավիացիայի քանդուքանդ ոլորտը։
Խոսելով համայնքային այցելությունների և ձեռքբերումների մասին՝ Հանձնակատար կոչեցյալը դրական է գնահատում այն աշխատանքները, որ գրասենյակը կատարել է 2018-ից հետո:
Ամո՛թ է։
Ի՞նչ դրական քայլեր են արվել Հայաստան-Սփյուռք խաթարված հարաբերությունները վերականգնելու և սփյուռքի վստահությունը կրկին շահելու համար։
Քանի՞ հայկական համայնք է այցելել վերջինս 2018-ից հետո, և ինչպե՞ս են ընդունել իրեն այս կամ այն համայնքում։
Սփյուռքը կանգել և կանգնած է մեր Հայրենիքի և պետականության կողքին, այլ ոչ թե կապիտուլյանտների ու անհայրենիքների, որ ՀՀ սուվերեն տարածքները հանձնել են թուրքին և անվանում են ադրբեջանական:
Վերջին հորդորս եմ ուղղում Հանձնակատար կոչվածին՝ այսուհետ, երբ կխոսես սփյուռքի մասին և ընդհանրապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին, զգուշավոր եղիր, իսկ քո աշխատանքի դրական կամ բացասական գնահատականը թող որ հայկական սփյուռքը տա, որի քանդման գործին ես այժմ լծված։
Քո աշխատանքի գնահատականը կլինի այն, որ այցելես հայկական համայնքներ և կախված ընդունելության ջերմությունից, պատրաստակամությունից, գործնական առաջարկներից ու արդյունքներից՝ պարծենաս, սփյուռքը ձեր կողքի՞ն է, թե՞ ոչ:
Սփյուռքի համար վերջին երեսուն տարիների ընթացքում, բացի հիմնական համայնքային հարցերից, առանցքային և զգայուն հարց է եղել Արցախին և արցախահայությանը սատար կանգնելու, Արցախը հզորացնելու հարցը, Արցախը համարվում էր այն երկաթե դարպասը, որը պաշտպանում էր ՀՀ սուվերեն տարածքը, և այն քո իսկ տերերը նվիրաբերեցին թուրքին։
Դու դավադրորեն լռեցիր ամենակարևորի մասին։
Այս դեպքում դու առավել վտանգավոր և վնասակար ես, քան կոկորդիլոսագետներն ու կասկածելի դիպլոմներով, կիսագրագետ մարզպետները։
Պակաս վտանգավոր չեն նաև «մերձավոր սփյուռքից» այս խառը ժամանակներում, պարբերաբար Հայաստան այցելող «գաստրալյորները», որոնք հավակնում են երկիր կառավարել։
Սա է այսօրվա տխուր իրականության պատկերը, և հույս ունեմ, որ գալիք 2022 թվականը հայոց պատմության նոր ու խաղաղ էջ կբացի, և դու ու քո նմանները կհայտնվեք պատմության աղբանոցում։
Խորեն Մարդոյան
Կանադա, Տորոնտո
Համայնքային հասարակական գործիչ