Հայաստանի անվտանգությունն՝ ըստ Զարեհ Սինանյանի

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր առցանց ասուլիսով ամփոփեց տարին՝ վստահեցնելով, որ չնայած մարտահրավերներին այս տարին բեղուն էր:

Զ. Սինանյանը ամփոփեց արվածը, խոսեց անելիքների մասին, այնուհետև անդրադարձավ լրագրողների ուղարկած հարցերին:
Լրատվամիջոցներից մեկն, օրինակ, հիշեցրել էր Զ. Սինանյանի դեկտեմբերի 2-ի հարզացրույցում արված հայտարարությունը, թե Հայաստանն անվտանգ երկիր է՝ անկախ ամեն ինչից, ապա հետաքրքրվել, թե ի՞նչ նկատի ունի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը. Արդյո՞ք Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները անկախ են մեր անվտանգային միջավայրից, թե՞ մայիսի 14-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ ներկայությունը նկատի ունի:

Պարզվեց՝ Զարեհ Սինանյանը անվտանգություն ասելով հասկանում է հատկապես երկրի ներսում առկա խնդիրները կամ դրանց բացակայությունը: Նա մասնավորապես նշեց. «Խոսքն այն մասին էր, որ ամենօրյա կյանքում հայ մարդը և Հայաստանում ապրելը ինքնին ապահով երևույթ է: Եսձեզ մի հասարակ օրինակ բերեմ՝ առավոտյան կարդում էի, որ ԱՄՆ-ում մի կոնգրեսական կնոջ փողոցում թալանել էին, մեքենան ձեռքից վերցրել էին և հեռացել էին.սա արդեն երկրորդ օրենսդիրն է ԱՄՆ-ում վերջին շաբաթվա մեջ, որին փողոցում թալանում են:

Ինչի համար եմ դա ցիտում, որովհետև ես դրա հետ եմ համեմատում. ՀՀ-ում ապրելը հարաբերականորեն շատ զարգացած պետություններից անվտանգ է:

Բնականաբար, ես խոսեցի այն մասին, որ պատերազմի ուրվականը, իհարկե, մարդկանց մեջ խաթարել է անվտանգության զգացումը: Այսինքն՝ մեկը մյուսին չի հակասում. Իրար բախվող երևույթներ են, սակայն սրանք մեր կյանքի մի մասն են:

Ես՝ որպես հայր, անվտանգ եմ զգում իմ երեխաների համար, երբ նրանք առավոտյան դպրոց են գնում, դպրոցից գնում են երաժշտության, ֆուտբոլի, կամ ընկերներով գնում են առևտրի կենտրոններ, կինոթատրոններ և այլն:

Հետևաբար, ես դրա մասին եմ խոսում»:

Տեսանյութեր

Լրահոս