ՍԴ-ն ցանկացել է «հա՛մ կույս մնալ, հա՛մ բարձր դատարանին վայել» հաճույք ստանալ

Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ առողջապահության նախարարի՝ աշխատողների հաշվին COVID-19 ախտորոշման՝ ՊՇՌ հետազոտություններ կատարելու և պատվաստվելու պարտականություններ սահմանող հրամանի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը։ Դրան հաջորդեցին տարաբնույթ մեկնաբանություններ։

Ընկալումները հակասական են, և պատճառը ոչ թե այն է, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հազիվ, դժվարությամբ ընթերցեց եզրափակիչ մասի տեքստը, այլ դրա բովանդակությունը։

Հանրային մի հատված մեծապես ոգևորված է ՍԴ որոշման այն ձևակեպումից, որ՝ «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչվել է հակասահմանադրական՝ ենթադրելով, որ առողջապահության նախարարի հրամանի՝ ՊՇՌ թեստերն աշխատողների միջոցների հաշվին կատարելու դրույթն այլևս գոյություն չունի, դեռ ավելին՝ ակնկալվում է, որ պետք է ստանալ արդեն իսկ կատարված անօրինական ծախսերի փոխհատուցումը։

Մյուս կողմից՝ ՍԴ այս որոշումից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց․ քանի որ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը, հետևաբար՝ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվել է սահմանադրական, բոլոր պահանջները մնում են ուժի մեջ և հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ ու անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:

Նկատենք, որ Առողջապահության նախարարությունն իր հայտարարությունը հրապարակել էր այն տոնայնությամբ, կարծես լիազորվել է ՍԴ-ի կողմից իրականացնել նրա մամլո ծառայության պարտականությունները։

Ի դեպ, մի շարք իրավաբաններ մասնագիտական կարծիք են հայտնում, որ «իր հաշվին» բառակապակցությունը հակասահմանադրական ճանաչելն ամենևին էլ չի նշանակում, թե աշխատողի փոխարեն մեկ ուրիշը պետք է վճարի նրա ՊՇՌ հետազոտության համար, այն պետք է շարունակի վճարել աշխատողը, քանի որ ՊՇՌ հետազոտությունն իրականացելու պարտականությունը մնացել է սահմանադրական և որևէ միանշանակ պարտավորություն պետության վրա դրված չէ, այդ թվում՝ ծախսերը հոգալու մասով։

Իրավաբանները նաև հեգնում են, որ առողջապահության նախարարի հրամանի հակասահմանադրական և պրիմիտիվ ձևակերպումները ՍԴ-ն «հակասահմանադրական» ճանաչեց նույն պրիմիտիվությամբ, աբսուրդի հասնող ձևակերպումներով, որը կարող է հանգեցնել քաոտիկ վիճակի։

Տխրահռչակ անձի հայտնի միտքը տեղայնացնելով կարելի է նախնական եզրահանգել՝ գործող իշխանությունների ձեռնադրած ՍԴ-ն ցանկացել է «հա՛մ կույս մնալ, հա՛մ բարձր դատարանին վայել» հաճույք ստանալ։

Մեր տեղեկություններով, ՍԴ-ի այս որոշումը չի ընդունվել միաձայն։ ՍԴ-ի նախկին, հին գվարդիայի երեք դատավորներ դեմ են եղել խնդիրը չլուծող, խնդիրը խորացնող, հակասական դիրքորոշումներով «որոշում» ընդունելուն։ Կոնկրետ ո՞ր դատավորներն են եղել՝ չկարողացանք ճշտել։

Տեսանյութեր

Լրահոս