Նվիրումը` անմահություն… Արթուր Ասրյան

Արցախյան 44-օրյա դաժան պատերազմը խլեց բազմահազար քաջորդիների կյանքեր, ովքեր ելան պատերազմի՝ «մահ իմացյալ» կարգախոսով:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արթուրի հայրը՝ Արմեն Ասրյանը, խորը կսկիծով, բայց մեծ հպարտությամբ է խոսում հայրենասեր որդու մասին, ում հիշատակին հանձն է առել ստեղծել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը:

«Արթուրը ծնվել է 2000 թվականի հուլիսի 22-ին, Ստեփանակերտ քաղաքում:

2006-2014 թթ. սովորել է Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցում, 2014-2017թթ.՝ Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում:

Դպրոցական տարիներից ակտիվորեն ներգրավվել էր իրականացվող ծրագրերում, իսկ ռազմահայրենասիրական և ռազմամարզական միջոցառումներին նրանց թիմը միշտ մրցանակային առաջին տեղն էր գրավում:

Ու պարբերաբար պատվոգրերի էր արժանանում: 8 տարեկանից սկսել է հաճախել «Կիոկուշին կարատե» մարզաձի դասընթացների, և հենց առաջին տարիներից էլ հաջողություններ գրանցել` մի քանի անգամ ճանաչվելով Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության չեմպիոն։ Արթուրը Հայաստանի հավաքականի կազմում 3 անգամ հանդես է եկել Եվրոպայի կիոկուշին կարատեի առաջնությանն ու 2 անգամ` Հունաստանում և Նիդեռլանդներում, գրավել մրցանակային 2-րդ տեղը:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» բաժինը, իսկ 2019 թ. հունվարի 9-ին զորակոչվել բանակ և ծառայել 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում: Այդ ընթացքում նրան շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում, և նշանակվել է կրակային դասակի հրամանատարի տեղակալ-հաշվարկի հրամանատար։ Որդիս բարձր արդյունավետությամբ ծառայություն է անցել, մեծ հարգանք էր վայելում սպայակազմի և զինվորական անձնակազմի շրջանում: Սպայակազմը մշտապես գոհունակություն էր հայտնում նրա բարձր պատրաստվածության համար»,-պատմել է Ա. Ասրյանը: Հոր խոսքով` հերոսը նպատակասլաց էր, սիրում էր շրջապատում լինել առաջնորդ, աչքի էր ընկնում իր նախաձեռնողականությամբ:

Այդ հատկանիշները ցուցաբերեց նաև 44-օրյա պատերազմի հենց առաջին օրվանից: «Պատերազմը սկսվելուն պես՝ դիվիզիոնը, որի կազմում էր նաև Արթուրը, դուրս եկավ մշտական տեղակայման վայրից, և կրակային դիրք զբաղեցրեց Վազգենաշեն բնակավայրի մոտակայքում. այնտեղից իրենց խնդիրն էին իրականացնում` չնայած այն հանգամանքին, որ թշնամին հուժկու հրետանային ու հրթիռային ներգործություն էր ունենում դիվիզիոնի կրակային դիրքերի վրա։ Տղաները, սակայն, աչքի են ընկնում իրենց քաջությամբ, և, անտեսելով վտանգը, խոցում են հակառակորդի կենդանի ուժն ու կրակային միջոցները՝ աջակցելով 3-րդ և 4-րդ պաշտպանական շրջանների համազորային ստորաբաժանումներին: Մինչև հոկտեմբերի 5-ը նրանք շարունակում են Վազգենաշենի մոտկայքում մարտական խնդիր իրականացնել:

Երբ Հադրութում իրավիճակն արդեն վատ էր, դիվիզիոնը տեղափոխում են այնտեղ, և տղաները պայքար են մղում այս անգամ Տող գյուղի տարածքում, Ֆիզուլիում, Ջուվարլուում: Հոկտեմբերի 12-ին, Ջուվարլու կոչվող վայրում հուժկու կրակային ներգործության տակ է առնվում դիվիզիոնի առաջին մարտկոցը, որտեղ և Արթուրն էր: Նա և իր 19 ընկերները կենաց-մահու կռիվ են տալիս: Արթուրին բնորոշ էր մարտի դաշտում մնալն ու կռիվ տալը։ Նա բարոյապես ու հոգեպես կայացած անձնավորություն էր»,- պատմում է մեր զրուցակիցը:

Հրադադարից ամիսներ անց միայն կրակային դիքրից հաջողվում է գտնել 8 հերոսների, այդ լվում՝ Արթուրի մասունքները, իսկ 12 մարտիկների ճակատագիրը շարունակում էր անորոշ մնալ: Թշնամին միայն 2021թ.նոյեմբերին է փոխանցում 12 քաջորդիների մասունքները ևս։ Հերոս Արթուր Ասրյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

 

Տեսանյութեր

Լրահոս