«Ալիևի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական շանտաժ ու  ահաբեկչություն». Դավիթ Բաբայան

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»:

Նա մասնավորապես նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման առաջարկը ներառված է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ուստի, ըստ նրա, Հայաստանը պարտավոր է ապահովել բոլոր անհրաժեշտ հարմարությունները:

«Այս փուլում մենք պայմանավորվել ենք երկաթուղային հաղորդակցություն կառուցել Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և նաև պայմանավորվել ենք մայրուղու կառուցման շուրջ: Սակայն մայրուղու հստակ ճանապարհը չի որոշվել. դա ապագա քննարկումների հարց է, որը, անկասկած, կքննարկվի եռակողմ հանդիպմանը: Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքինը: Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ Զանգեզուրի միջանցքում մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել բեռները և մարդկանց, մենք մաքսակետ կբացենք Լաչինի միջանցքում»,- ասել է նա։

Ալիևի այս հայտարարությանը ժամեր անց արձագանքել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Թվիթերյան միկրոբլոգում նա մասնավորապես գրել էր. «Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ։: Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը, նշեց՝ Ալիևից ու Ադրբեջանից ամեն ինչ սպասելի էր։

«Մենք մշտապես ասել ենք, որ Ադրբեջանից տարբեր տեսակի ու բնույթի սադրանքներ պետք է սպասել, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է այդ սադրանքներին տեղի տանք կամ ամբողջովին բարոյալքվենք ու մտածենք, թե ամեն ինչ ավարտված է։ Ալիևի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական շանտաժ ու ահաբեկչություն։ Նախևառաջ որևէ փաստաթղթում նշված չէ, որ Լաչինում կամ Սյունիքում պետք է լինեն մաքսակետեր, այն մաքսակետ չի լինելու, այլ լինելու է վերահսկման կետ։ Մենք այս ամենը նախկինում տեսել ենք, իսկ մարդիկ կան, որոնք չեն տեսել, չգիտեն՝ ինչ է Ադրբեջանը, հայտարարում են, թե Ադրբեջանն ու Թուրքիան վտանգ չեն ներկայացնում, եղբայրներ են և այլն։ 1988-91 թվականներին Իվանյանի օդանավակայանում ադրբեջանցիներ էին կանգնած, մենք տեսել ենք՝ դա ինչ է, ինչքան մարդ է տուժել։ Այն ժամանակ թշնամությունն այդքան շատ չէր, ինչպես հիմա է, Ադրբեջանն այն ժամանակ Խորհրդային Միության մաս էր։ Այսինքն՝ վերևից վերահսկողություն կար, իրենք իրենց քմահաճույքով չէին կարող վարվել։ Իսկ եթե հիմա Ադրբեջանը նման քայլ անի, սա միայն երկու ելք ունի՝ կա՛մ նոր պատերազմ, կոտորած, աղետ, կա՛մ Արցախի հայաթափում։ Ո՞վ է շահագրգռված նման սցենար իրականացնելու մեջ՝ բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ըստ նրա, այս ամենը մահացու վտանգավոր է Արցախի, Հայաստանի ու մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի ու Եվրոպայի համար, քանի որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը նույն պահվածքն ունեն, ինչ Գերմանիան 1933 թվականից մինչև Երկրորդ աշխարհամարտը։ Եվ այն ժամանակ ամեն ինչ բոլորի համար վատ եղավ՝ ավարտվեց միջուկային պատերազմով։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրավիճակը պետք է ճիշտ գնահատել, հասկանալ, թե ում հետ և ինչպես պետք է կանխել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող վտանգները։

«Իրավիճակից դուրս գալու ձևեր կան, եթե ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, եղբայրական երկրների հետ հարաբերությունները զարգացնենք և այդ վտանգները չեզոքացնենք։ Կարծում եմ՝ Ալիևի հայտարարություններին կարձագանքի Մինսկի խումբը, և պարտադիր չէ, որ դա լինի հրապարակային։ Կրկնում եմ՝ սա չպետք է դիտարկենք իրավական հարթությունում, որովհետև որևէ տեղ գրված չէ, որ Ադրբեջանին ինչ-որ միջանցք պետք է տրվի։ Ո՞վ է ասել, որ Թուրքիայի, Ադրբեջանի և, ասենք, Նախիջևանի միջև պետք է միջանցք լինի։ Վաղն էլ կարող է ասեն՝ մենք Կարսով միջանցք ենք ուզում մինչև Մեղրի, կամ Երևանում էլ պետք է միջանցք լինի, գանք նամազ անենք Կապույտ մզկիթում։ Սա ոչ թե միջանցք է, այլ վիրահատություն է և կտրում է Սյունիքը Հայաստանից։ Պարզ է, չէ՞, որ սա աշխարհաքաղաքական նախաձեռնություն է, պրոյեկտ։ Հետևաբար, հասկացողը հասկանում է, թե ինչ է կատարվում, և քայլեր է ձեռնարկում, որովհետև նման քայլը ոչ այլ ինչ է, քան Արցախին վերացնելը, իսկ Արցախի կործանում՝ նշանակում է նաև Հայաստանի կործանում։ Նորմալ երկիրը ոչ թե պետք է պայքարի հետևանքների դեմ, այլ թույլ չտա, որպեսզի նման գործընթացներ զարգանան»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս