Ո՞վ է կանգնած Կարեն Սարուխանյանի խնդիրների հետևում, ինչո՞ւ է ԱԱԾ-ն կանգնեցրել նրա մեքենան
Դեկտեմբերի 6-ին տեղեկություն տարածվեց, որ աշխատանքից ազատվել է Արտակարգ իրավիճակների փոխնախարար Կարեն Սարուխանյանը, ով նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, ապա եղել է «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր նախորդ գումարման Ազգային ժողովում (ԱԺ):
Կարեն Սարուխանյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո վերջինիս մայրը՝ Սուսաննա Խոջումյանը, ֆեյսբուքյան իր էջում ոչ միանշանակ գրառմամբ հանդես եկավ:
«Ուժեղներին թիրախավորելով՝ քաղաքական բորենիները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը, բայց մոռանում են մի բան. արդարությունը և ազնվությունը հիվանդանում են, բայց չեն մահանում»,- գրել էր նա:
Արդեն նախկին փոխնախարարի մայրն աշխատում է Գյումրիի բժշկական քոլեջում: Քաղաքում համարում են, որ Սուսաննա Խոջումյանի գրառումը հաստատում է այն լուրերը, որոնք վերջին օրերին տարածվում են Գյումրիում:
168.am-ին Գյումրիի իր աղբյուրները տեղեկացրեցին, որ Կարեն Սարուխանյանն իր պաշտոնից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կատարած գործողությունների հետևանքով:
«Կարենը Սարուխանյանը Երևանից Գյումրի գալիս է եղել, երբ Շիրակի մարզի մատույցներում նրա մեքենան կանգնեցնում են ԱԱԾ-ի Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչներն ու ուղեկցում ԱԱԾ, որից հետո մտամոլոր դուրս է եկել այլայլված դեմքով: ԱԱԾ-ում նրան ներկայացրել են իր հետ կապված այն բոլոր կոռուպցիոն դրվագները, որոնք հայտնվել են իրավապահ այդ մարմնի ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ պետական բյուջեի հետ կապված իրավախախտումներ և առանձին անհատներից ստացված գումարներ այս կամ այն ծառայության դիմաց: Անգամ կոնկրետ թիվ են նշել»,- ասաց Շիրակի մարզի մեր աղբյուրը:
Մեզ պատմեցին՝ այս ամենի հետևում նաև Շիրակի գործող մարզպետ Նազելի Բաղդասարյանն է կանգնած, ով թեպետ արտաքուստ ցույց է տալիս, որ բարիդրացիական հարաբերություններ ունի Կարեն Սարուխանյանի հետ, սակայն իրականում վերջինիս դեմ սկսել է աշխատել դեռևս 2018թ.-ին, երբ Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզպետն էր, իսկ Նազելի Բաղդասարյանը՝ վերջինիս խորհրդականը:
Նազելի Բաղդասարյանը բարձրագույն ղեկավարությանը հաճոյանալու խնդիր ունի, և քանի որ նոյեմբերի 17-ին և դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները Շիրակի մարզում շատ հուսադրող չէին, նա խնդիր ունի քավության նոխազներ փնտրելու, իսկ շատ դեպքերում ՔՊ-ականները Կարեն Սարուխանյանի վերջին պաշտոնանկությունը փորձում են բացատրել հենց դրանով, թեպետ իրականում խնդիրներն ավելի խորն էին:
Գյումրիի՝ մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Նազելի Բաղդասարյանը, այնուամենայնիվ, որոշել է կտրուկ գործողությունների դիմել ու Կարեն Սարուխանյանի հարցը մեկընդմիշտ փակել միայն այն ժամանակ, երբ լուրեր են սկսել պտտվել, որ վերջինս կրկին կվերադառնա մարզ՝ այս անգամ, սակայն, փոխմարզպետի պաշտոնում:
Իհարկե, բոլորի համար էլ պարզ է, որ Նազելի Բաղդասարյանը ինքնուրույն և միայնակ չէր կարող այս հարցը լուծել, սլաքները թեքել իրեն հարմար ուղղությամբ, քանի որ ամեն դեպքում հասկանալի է, որ ԱԱԾ-ն այն կառույցը չէ, որ որևէ մարզպետի կամ պաշտոնյայի ցուցումով գործի: Ակնհայտ է, որ կամ այս ամենում ներգրավված է եղել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, կամ Կարեն Սարուխանյանի դեմ գործընթաց սկսելու հրահանգը շատ ավելի բարձր օղակից է եկել, ի դեմս Նիկոլ Փաշինյանի:
Ըստ ամենայնի, հավանականությունը, որ սա Արմեն Աբազյանի նախաձեռնությունն է, շատ մեծ է, որովհետև հայտնի է, որ Կարեն Սարուխանյանն ի սկզբանե եղել է Նիկոլ Փաշինյանի աչքերն ու ականջները Շիրակի մարզում և վերահսկել է մասնավորապես մարզում իրականացվող կադրային քաղաքականությունը:
Գյումրիում խոսում են, որ կադրային քաղաքականություն կարգավորելը բոլորովին էլ անվճար ծառայություն չէ, և զարմացած են, որ ԱԱԾ-ն նոր է սկսել զբաղվել կամ հետաքրքրվել Կարեն Սարուխանյանի «ձեռներեցությամբ», մինչդեռ Գյումրիում տևական ժամանակ այդ մասին խոսում են:
«Օրինակ, Կարեն Սարուխանյանի՝ Շիրակի մարզպետ դառնալուց հետո ահռելի մեծ սկանդալ բարձրացավ Մարալիկի Առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնում գյումրեցի բժշկի նշանակման առիթով: Ասում են՝ նախկին մարզպետը խոստացել, բայց չի կատարել իր խոստումը, ավելի ճիշտ՝ չի կարողացել գյումրեցի բժշկին նշանակել կենտրոնի տնօրեն, այն դեպքում, երբ վերջինս բավականին պատկառելի կերպով էր նախօրոք երախտահատույց եղել այդ խոստման դիմաց: Նույնը վերաբերում է Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային կառույցի հետ կապված սկանդալին»,- ասաց մեր աղբյուրը:
168.am-ը ժամանակին անդրադարձել էր Գյումրիի սեյսմիկ կայանի հետ կապված աղմուկին, երբ Կարեն Սարուխանյանը հերթական բարեկամին էր փորձում այնտեղ բարձր պաշտոնի նշանակել, գրել էինք Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային կառույցում նրա հետաքրքրությունների, տարատեսակ գերատեսչություններում իր մտերիմներին ու ծանոթներին աշխատանքի տեղավորելու, այդ թվում՝ նաև Գյումրիի քաղաքապետարանում, նախընտրական «հանդիպումների», մարզի տարբեր դպրոցների տնօրենների նշանակման հարցում միջամտությունների մասին: Մասնավորապես, Գյումրիում մինչև օրս էլ վստահ են, որ թիվ 25 դպրոցի տնօրենի նշանակման հարցում վերջինս գործուն մասնակցություն է ունեցել, քանի որ հավակնորդի եղբայրը մարզպետարանի իրավաբանն էր: Այս նշանակման առիթով տևական ժամանակ Գյումրիում չէր դադարում սրա շուրջ աղմուկը:
Ի դեպ, Կարեն Սարուխանյանի անվան հետ է կապվում նաև Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ գերեվարված շիրակցիների՝ այդ տարածք մեկնելու փաստը: Ըստ տարբեր տեղեկությունների՝ շիրակցի կամավորականների մեջ, ովքեր գերի էին ընկել Խծաբերդի հատվածում, կային ՏԻՄ պաշտոնյաներ։ Այդ ժամանակ ակտիվ խոսակցություններ էին պտտվում, որ նրանց հավաքագրել է Կարեն Սարուխանյանը:
Մեզ ասացին՝ վերջին մեկ տարում ԱԻՆ նախկին փոխնախարարը բավականին պատկառելի տարածքներ է ձեռք բերել իր տան մոտակայքում, կառուցում է շինություններ, ավտոմեքենաների լվացման կետեր, վարձակալությամբ տալու համար այլ կառույցներ: Տարօրինակ է, որ այս մասշտաբի ձեռներեցությունը մինչև վերջերս չէր հայտնվում ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում:
«Վերջին 6-7 ամսվա ընթացքում Կարեն Սարուխանյանը որոշ անձանց մոտ հայտարարարություններ է տարածել, որ Շիրակի մարզում շատ պաշտոնանկությունների հետևում կանգնած է ոչ թե ինքը, այլ հենց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը»,- ասաց Գյումրիի մեր աղբյուրը՝ հավելելով, որ, ինչպես հետագայում պարզվեց, իրականում շատ դեպքերում հենց այդպես էլ եղել է, որովհետև տարբեր հիմնարկներում տնօրենների պաշտոնանկություններից հետո այդ պաշտոններում նշանակվեցին անձինք, ովքեր շատ սերտ կապեր ունեին նույն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ:
Այդ դրվագներին նույնպես 168.am-ը բազմիցս անդրադարձել է: Գրել ենք թե ավազակային հարձակման մեջ մեղադրվողի՝ Արթիկի ոստիկանապետ նշանակվելու, թե Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հավակնություններ ունեցող Նազելի Ավետիսյանի և Արմեն Աբազյանի առնչության, թե քրեակատարողական հիմնարկից «Շիրակ ՋՕ»-ի ղեկավարի աթոռին հայտնվելու նուրբ արվեստի և թե այլ դրվագների մասին:
Եվ, փաստորեն, Կարեն Սարուխանյանը դժբախտություն կամ անխելքություն է ունեցել այդ մասին հայտարարելու այսուայնտեղ, իսկ ընդամենն ամիսներ անց դառնում է ԱԱԾ-ի «զոհը»:
Ըստ էության տեղի է ունեցել պարզ բան. Շիրակի մարզի կադրային քաղաքականությունը վերահսկելու նպատակով բացահայտ պատերազմ է ընթացել Կարեն Սարուխանյանի և Արմեն Աբազյանի միջև, որում այս պահին հաղթողն ԱԱԾ տնօրենն է:
Ըստ ամենայնի Կարեն Սարուխանյանի մոր՝ Սուսաննա Խոջումյանի գրառումը հենց սրա մասին է, որով վերջինս, փաստորեն, ասում է, որ իր որդին «անարդար» պայքարի զոհ է դարձել:
Այստեղ, թերևս, տեղին է հիշել, որ Կարեն Սարուխանյանը, գյումրեցիների պնդմամբ, ժամանակին մեծ հաճույքով համագործակցում էր ԱԱԾ-ի հետ՝ հիշեցնելով մասնավորապես Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի պաշտոնանկության ու ԱԱԾ-ի կողմից ձերբակալվելու փաստը:
Գյումրիում համառ խոսակցություններ էին շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու էր նաև Զբաղվածության պետական գործակալությունը:
Ավելի ուշ ԱԱԾ-ն մի «զգայացունց» տեսանյութ տեղադրեց Ամալյա Ադամյանի ձերբակալության վերաբերյալ՝ փորձելով հիմնավորել վերջինիս կողմից կաշառք ստանալու փաստը, սակայն հերթական անգամ հայտնվեց ծիծաղելի վիճակում, որովհետև կաշառք ասվածն ընդամենը մի քանի կոնֆետի տուփեր էին և մի քանի շիշ խմիչք:
Ըստ Գյումրիում տարածված լուրերի՝ Ամալյա Ադամյանի ձերբակալության և Գյումրիի ԱԱԾ բաժանմունք տեղափոխելու ժամանակ այնտեղ տեսել են մի անձի, ով եղել է կեպիով ու ակնոցով, և այդ անձը եղել է ոչ ավել, ոչ պակաս, Կարեն Սարուխանյանը: Ականատեսները, ի դեմս այդ անձի, ճանաչել էին նրան: