Կադրային խայտառակ վերադասավորումներ՝ Սեյսմիկ պաշտպանության Շիրակի մարզային ծառայությունում
Մոտ մեկ շաբաթ առաջ 168.am-ը գրել էր, որ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը հերթական բարեկամին պաշտոնի նշանակելու պատրաստության մեջ է, և շուտով իր պաշտոնին հրաժեշտ կտա «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մխիթարյանը, որ նախկին պատգամավորը կարողանա իր հերթական հովանավորյալին տեղավորել բարձր պաշտոնի:
Գրել էինք, որ Սեյսմիկ ծառայության Շիրակի մարզային ծառայության տնօրենին արդեն 3 տարի պարտադրում են թողնել պաշտոնը, և, թերևս, հիմա արդեն կհասնեն իրենց նպատակին, որովհետև Կարեն Մխիթարյանը կարծես թե հոգնել է անպտուղ պայքարից:
Կարեն Սարուխանյանն արդեն այդ պաշտոնին հավակնող իր բարեկամ Շավարշ Արամյանի համար նախապես փոխտնօրենի հաստիք էր ստեղծել ու նշանակել այդ պաշտոնում՝ տնօրեն նշանակելու գործընթացն առավել դյուրին իրականացնելու համար:
Ի դեպ, Շավարշ Արամյանին Կարեն Սարուխանյանը դեռևս 2019 թվականից տեղավորել էր ՀՀ բնապահպանական ընդերքի տեսչական մարմնում՝ որպես փոխտնօրեն։
Այս պատմության զարգացումների մասին նոր տեղեկություններ են հասել 168.am–ին:
Պարզվում է, որ առանց համապատասխան հրամանի՝ Շավարշ Արամյանին արդեն իսկ «կարգել» են որպես տնօրեն, իսկ գործող տնօրեն Կարեն Մխիթարյանին ուլտիմատում են ներկայացրել, ժամանակ տվել, որպեսզի վերջինս թողնի պաշտոնը: Բայց այսքանով Կարեն Սարուխանյանը չի բավարարվել:
Իր իսկ ստեղծած փոխտնօրենի պաշտոնում, որն առաջիկա օրերին թափուր կլինի արդեն, նա պատրաստվում է նշանակել տալ իր մտերիմ ընկերոջը՝ Կոլյա Խաչատրյանին, ով գազի սպասարկման ներտնային ընկերությունում որպես տեսուչ է աշխատում:
Կոլյա Խաչատրյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց ինչպես Շավարշ Խաչատրյանը, որին փորձում են տնօրեն նշանակել Սեյսմիկ պաշտպանության Շիրակի մարզային ծառայությունում, այնպես էլ նա որևէ առնչություն չունի այդ սպեցիֆիկ մասնագիտացում պահանջող ոլորտի հետ:
Մեզ հետ զրույցում ծառայության աշխատակիցներից մեկն ասաց, որ Կարեն Սարուխանյանը բացահայտ, ուղղակիորեն կործանում է Սեյսմիկ ծառայության հյուսիսային մասնաճյուղը, ուր հավաքված է կուռ և բանիմաց կոլեկտիվ, ովքեր տիրապետում են ոլորտին:
Հետաքրքիր է, որ 168.am-ի՝ Շիրակի մարզային աղբյուրների տեղեկացմամբ՝ վերոնշյալ Կոլյա Խաչատրյանի եղբայրը՝ Կարեն Խաչատրյանը, Կարեն Սարուխանյանի անմիջական ջանքերի շնորհիվ նշանակվել էր մարզպետ Հովհաննես Հարությունյանի օգնական, բայց քանի որ Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ իր պաշտոնի առաքելությունը նա բոլորովին այլ տեղ է տեսել, զբաղվել ոչ իր պաշտոնի անձնագրից բխող պարտականություններով, մարզպետը նրա գոյությունը երկար չի հանդուրժել իր կողքին: