ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը՝ հերթական բարեկամին պաշտոնի նշանակելու պատրաստության մեջ
Մինչ իշխանական տարբեր տրամաչափերի պաշտոնյաներ «նեղվում են», որ իրենց «գերթափանցիկ» գործունեությունը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, մենք շարունակում ենք լուսաբանել այն երևույթները, որոնց դեմ իրենց կյանքի ընդդիմադիր ժամանակահատվածում «պայքարում» էին ներկայիս իշխանավորները, բայց նույնը հաճույքով են անում, երբ արդեն իշխանության մաս են:
Ժամանակին նախկին իշխանություններին մարզերն ըստ ազդեցության գոտիների բաժանելու համար մեղադրող նախկին ընդդիմադիրներն այսօր իրենք են «մեջ-մեջ արել» մարզերը, ու յուրաքանչյուրը, ըստ իր բնակության վայրի, ինքն է որոշում՝ տվյալ մարզում ով ինչ պաշտոն պիտի զբաղեցնի:
168.am-ը բազմիցս է գրել, որ Շիրակի մարզում բոլոր կադրային հարցերը, ըստ մարզում առկա խորը վստահության ու համոզվածության, բնականաբար, իշխանական բարձրագույն մարմինների թողտվությամբ, լուծում է նախկին իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ով, ըստ էության, իր առջև խնդիր է դրել իր բարեկամներից ու մտերիմներից հնարավորինս շատ մարդու տեղավորել բարձր պաշտոնների:
Վերջինս, թեպետ արդեն պատգամավոր չէ, սակայն, ըստ ամենայնի, չի կորցրել մարզում իր ազդեցությունը և շարունակում է հետևողականորեն իրագործել իր պլանները:
Շիրակի մարզում մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հերթը հիմա «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մխիթարյանինն է, ով շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին, քանի որ այդպես է ուզում Կարեն Սարուխանյանը:
Մեր տեղեկություններով՝ Սեյսմիկ ծառայության Շիրակի մարզային ծառայության տնօրենին արդեն 3 տարի պարտադրում են թողնել պաշտոնը, և թերևս հիմա արդեն կհասնեն իրենց նպատակին, որովհետև Կարեն Մխիթարյանը կարծես թե հոգնել է անպտուղ պայքարից:
Ավելին, Կարեն Սարուխանյանն արդեն այդ պաշտոնի հավակնորդ հերթական բարեկամն ունի, ում համար մի քանի օր առաջ փոխտնօրենի հաստիք են ստեղծել ու նշանակել այդ պաշտոնում՝ տնօրեն նշանակելու գործընթացն առավել դյուրին իրականացնելու համար:
«Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հավակնորդը, մեր տեղեկություններով, Կարեն Սարուխանյանի բարեկամն է՝ Շավարշ Արամյանը, ով ֆեյսբուքյան իր էջում, ի դեպ, արդեն գրառում է կատարել այն մասին, որ 2021թ. օգոստոսից սկսել է աշխատել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում:
Ի դեպ, Շավարշ Արամյանին Կարեն Սարուխանյանը դեռևս 2019 թվականից տեղավորել էր ՀՀ բնապահպանական ընդերքի տեսչական մարմնում՝ որպես փոխտնօրեն։
Այնպես որ՝ Ազգային ժողովում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատանքի ընդունվելու մասին ամբիոնից զրո թիվը ցույց տվող Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, խաբում է իր ընտրողներին, որովհետև գոնե 168.am-ում հակառակը փաստող մի քանի տասնյակ հրապարակումներ կան: