ՔԿՀ-ից՝ ուղիղ «Շիրակ ՋՕ»-ի ղեկավարի աթոռին. ո՞վ է կանգնած սկանդալային նշանակման հետևում

Հուլիսի 20-ին 168.amն արդեն իսկ գրել էր, որ, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը պատրաստվում է դառնալ ՇՊՀ ռեկտոր, և նրան այդ գործում օգնում է իր վաղեմի ընկերուհին՝ ՇՊՀ-ի Մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Հակոբյանը, ում դուստրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հարսն է:

Գյումրիի մեր աղբյուրները հայտնել էին, որ նույն Լիզա Հակոբյանն էլ իր խնամի Աբազյան Արմենի միջոցով բարեխոսում է իշխանությունների մոտ, որ հենց Նազելի Ավետիսյանին էլ ռեկտոր նշանակեն ՇՊՀ-ում:

Պարզվում է, սակայն, որ սա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի միակ միջնորդությունը չէ որևէ մեկին պաշտոնի նշանակելու հարցում:

Ըստ Շիրակի մարզի մեր լավատեղյակ աղբյուրների՝ ջրօգտագործողների միության Շիրակի մասնաճյուղի՝ «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր բավականին տևական ժամանակ, շուրջ 2 ամիս առաջ աշխատանքից ազատել են ու նրա փոխարեն այդ պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Խաչատուր Խաչատրյանին:

Սա, թերևս, նորմալ գործընթաց կդիտվեր, եթե նախ՝ այդ անձը որևէ կապ ունենար գյուղատնտեսության հետ, ու բացի դրանից, չունենար քրեական անցյալ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուր Խաչատրյանը 6.5 տարի անցկացրել է քրեակատարողական հիմնարկում՝ կաշառք ստանալու համար:

Այսպես, բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ 2014թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու պահին ձերբակալել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` Խ. Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով:

Շուրջ 2 տարի տևած դատավարությունից հետո Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Խաչատուր Խաչատրյանը դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման:

Հենց Լոռու մարզում դատավոր աշխատելու տարիներին էլ Խաչատուր Խաչատրյանը, ըստ Շիրակի մարզում տարածված լուրերի, բավականին մտերմացել է ծնունդով լոռեցի ԱԱԾ ներկայիս տնօրեն Արմեն Աբազյանի հետ, ու փաստորեն 20․000 ԱՄՆ դոլար կաշառք վերցրած դատավորը, ում կատարած արարքի վերաբերյալ կա դատարանի վճիռ, 6.5 տարի քրեակատարողական հիմնարկում անցկացնելուց հետո՝ արդեն այս իշխանությունների օրոք, շնորհիվ ԱԱԾ տնօրենի հետ ունեցած անձնական մտերմության, անմիջապես ազատազրկման վայրից դուրս գալուց հետո նշանակվում է «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն:

Բնականաբար, նաև օբյեկտիվ պատճառներով վերջինս չի կարող այդ հիմնարկի որևէ գործառույթի տիրապետել, չի կարող տեղյակ լինել ոռոգման համակարգերից, քանի որ 6.5 տարի գտնվել է ազատազրկման վայրում, ինչը, սակայն, նրան չի խանգարել անմիջապես ղեկավար պաշտոն զբաղեցնել:

Մեզ փոխանցեցին, որ Խաչատուր Խաչատրյանի շրջապատում չեն էլ թաքցնում, որ նախկին դատավորը միայն Արմեն Աբազյանի հետ ունեցած մտերմության շնորհիվ է զբաղեցրել այդ պաշտոնը, քանի որ նախկին տնօրենի պաշտոնանկությունից հետո բոլորովին այլ մարդ պետք է նշանակվեր «Շիրակ ՋՕ»-ի տնօրենի պաշտոնում:

Մարզում տարածվող լուրերի համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի թիմակցին են նախապատրաստել այդ պաշտոնի համար, սակայն վերջին պահին Երևանից շատ արագ նշանակել են Խաչատուր Խաչատրյանին:

Հ.Գ . Ի դեպ, նյութն արդեն հրապարակված էր, երբ տեղեկացանք, որ իրականում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը ոչ թե պարզապես ընկերներ են, այլ նրանց կապում են նաև բարեկամական հարաբերություններ։ Արմեն Աբազյանի ու Խաչատուր Խաչատրյանի կանայք, պարզվում է, քույրեր են։

Տեսանյութեր

Լրահոս