Բաժիններ՝

Շնորհքով մարդը միշտ իր տեղը գտնում է. Կարո Շահբազյան

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվեց  և միացավ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները 168.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ տեղավորվել են տարբեր թատրոններում, ու պայմանավորվածությունը դեռևս բանավոր է: Մի մասը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում է, մի մասը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մի քանի հոգի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում է, մեկ հոգի՝ Խամաճիկների, երկուսը՝ «Գոյ» թատրոններում են:

«Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում աշխատանքի վերցրել են այն դերասաններին, որոնց իրենք են ուզել, մնացածին էլ տարբեր թատրոններ են ուղարկել: Դեռ հաստիքների բաշխում չի եղել: Հնարավորություն չտվեցին, որ մենք որոշենք: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա ասել են, որ ինչպես եղել է, այդպես էլ շարունակվելու է: Բայց դե, չհասկացանք, թե ով և ինչպես որոշեց, թե ով որտեղ պետք է գնա: Գոնե կարող էին մեզ հնարավորություն տալ, որ ընտրեինք, կամ հարցնեին՝ կուզե՞ք այս կամ այն թատրոն գնալ: Այն վերաբերմունքը, ինչին արժանացանք, հաստատ արվեստագետին հարիր վերաբերմունք չէր»,- նշել էին դերասանները:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանից հետաքրքրվեցինք, թե քանի՞սն են իրենց մոտ աշխատանքի անցել։ Նա տեղեկացրեց, որ դեռևս տեղավորված չեն, քանի որ գործընթացն ավարտված չէ, հիմա հանձնում-ընդունում է կատարվում, և այլն, դրանով են զբաղված:

«Մեզ մոտ նախնական պայմանավորվածությամբ 9 դերասան է գալու: Իրենք 22 հոգի են, տեղյակ եմ, որ բոլորը տեղավորվելու են. 7 հոգի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն է գնում, մյուսները՝ «Գոյ», Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային և այլ թատրոններ»,- ասաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենը:

Հարցին՝ ինչո՞ւ դերասաններն ընտրություն կատարելու հնարավորություն չեն ունեցել, Կարո Շահբազյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ հարցնելով չէ: Բոլորն ուզում են գալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, բայց ինչո՞վ պետք է զբաղվեն այդքանը: Մարդկանց զբաղվածությունը պետք է ապահովես, և հետո, շնորհքով և պրոֆեսիոնալ դերասանն իր տեղն անպայման գտնում է: Բոլոր թատրոններում կան դերասաններ, ովքեր հասցնում են աշխատել 3-4 տեղ, այսինքն՝ պահանջված են: Շատ են դեպքեր լինում, տեսնում եմ շնորհքով մի տղա, ես եմ խնդրում, որ այդ դերասանը գա մեզ մոտ: Այսինքն, եթե դերասանը շնորհալի է, ուզես թե չուզես՝ շատ տեղերից են խնդրելու, որ իրենց մոտ աշխատի: Այդ ժամանակ ինքը թող ընտրի: Իսկ այն դերասանը, ով երիտասարդ է, միգուցե չենք ճանաչում, շնորհքը չգիտենք, նա կայանալու ժամանակ ունի: Այսինքն՝ այդ պահանջները սուբյեկտիվ են, որովհետև տաշած քարը գետնին չի մնում: Շնորհքով մարդը միշտ իր տեղը գտնում է: Արտիստը հանրային դեմք է, այլ մասնագիտությունների դեպքում միգուցե չգիտենք՝ այս մարդը լավ հաշվապա՞հ է, թե՞ իրավաբան, սակայն հանրային դեմքերը բոլորիս աչքի առջև են, և տեսնում ենք, թե ով ինչ հնարավորություն ունի: Դրա համար իրենց պահանջների մեջ էլ մի քիչ սուբյեկտիվություն կա: Բոլորն էլ շնորհքով են, բայց այդքանին ո՞նց ապահովենք զբաղվածությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս