Բաժիններ՝

«Արքան հրապարակում» պիեսն այսօր էլ արդիական է. «100 տարուց ավելի է, ինչ գրվել է պիեսը. ապշելու բան է՝ ինչպես է կրկնվում ժամանակը». Հակոբ Ղազանչյան

Դեկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Երվանդ Ղազանչյան» փոքր թատերասրահում տեղի ունեցավ ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» պիեսի բերմադրության առաջնախաղը։

Բեմադրության ռեժիսորն է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, կոմպոզիտորը՝ Վաչե Շարաֆյանը: Պիեսը գրվել է 1906 թվականին, բայց այն արդիական է նույնիսկ 100 տարի անց, ներկայացման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսորը։

Հավերժ պայքար, սպասում, ուրախություն, հուսահատություն, սեր և վերջում հիասթափություն, երբ փրկության նավերն այդպես էլ չեն հայտնվում, որպեսզի մարդկանց փրկեն։

«100 տարուց ավելի է, ինչ գրվել է այս պիեսը, բայց ապշելու է, թե ինչպես է ժամանակը կրկնվում։ Բոլոր մտորումները՝ ժողովուրդ, թե ամբոխ, մտավորական-պետություն, մտավորական-իշխանություն, մտավորական-ամբոխ, հավերժ պրոբլեմներ են ու տարբեր թեմաներ։ Ինձ մի պահ թվաց, որ այս պիեսը նոր է գրվել ու Հայաստանում է գրվել։ Եվ հետո ես միշտ աշխատել եմ պլակատային գործեր չվերցնել, այսինքն՝ չվերցնել այնպիսի գործեր, որտեղ ուղղակիորեն ինչ-որ բան է ասում։ Չեմ ուզում ասել, որ սա միայն այս պահի գործ է, ինձ թվում է, որ մենք անընդհատ այս կարուսելով անցնելու ենք, ցավոք»,- նշեց Հակոբ Ղազանչյանը։

Ռեժիսորն ասաց՝ չգիտի, թե ինչ է լինելու, չգիտի նաև, թե վաղը կամ 1 ամիս հետո ինչ է լինելու՝ անհայտություն է, բայց կա հույս:

«Այո, հույսը կա, եթե հույսն էլ չլինի, պետք է մեռնենք, կա հույսը, որ մի լավ բան կլինի, այսինքն՝ նավերը կգան, սակայն այդ ամեն ինչի տակ մի մեծ կասկած ու տարակուսանք կա։ Տեսաք, թե ներկայացման մեջ պոետն ինչ դարձավ ու ինչի վերածվեց»,- հավելեց Հ. Ղազանչյանը։

Ներկայացման ավարտին, երբ փրկության նավերն այդպես էլ չեն հայտնվում, առանց պատասխանի հնչում է մեկ հարց՝ այս պայմաններում ողջամտությունը մնում է մեկ բա՞ն՝ արտագա՞ղթ։

Հակոբ Ղազանչյանը դեմ է արտագաղթին, նրա կարծիքով՝ արտագաղթը հարցի լուծում չէ։

«Չեմ կարծում, որ պետք է արտագաղթ լինի, ու արտագաղթը լավ բան է, ինչ էլ լինի՝ ես այստեղ եմ մնալու, գնալու այլ տեղ չունեմ»,- շեշտեց նա։

«Արքան հրապարակում» պիեսը Հակոբ Ղազանչյանն առաջին անգամ բեմադրել է 2017 թվականին։ Ասում է՝ դա առաջին փորձն էր, որն արել է իր ուսանողների հետ, պիեսը նրանց դիպլոմային աշխատանքն էր։

«Առհասարակ ես ինչ անում եմ, չեմ կարծում, որ 100 տոկոս լավ է արվել, և առհասարակ անընդունելի են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե շեդևրներ են ստեղծել։ Միշտ պետք է ինչ-որ թերություն տեսնես։ Ես այսօր տեսա ներկայացումը, հաջորդ ներկայացման մեջ ինչ-որ բաներ պետք է փոխեմ»,- եզրափակեց Հակոբ Ղազանչյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս